Հայաստանի քաղաքական դաշտում այս օրերին ամենից շատ քննարկվող խնդիրներից մեկը նույնականացման քարտերի հարցն է. սահմանադրական հանրաքվեի ընթացքում այդ քարտերով քվեարկությունը, ըստ ընդդիմության, ավելի է մեծացնելու ընտրակեղծարարությունների դիմելու իշխանությունների հնարավորությունները: Մինչդեռ իշխանությունները պնդում են, որ նույնականացման քարտերով քվեարկությունը որեւէ նման ռիսկ չի պարունակում:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Արտակ Դավթյանը, Գագիկ Մինասյանն ու Գագիկ Մելիքյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ: Նրանք առաջարկում են փոփոխություն կատարել ՀՀ ընտրական օրենսգրքում, որպեսզի ընտրողներն իրավունք ստանան քվեարկությանը մասնակցել նաեւ նույնականացման քարտերով: Իսկ որպես հիմնավորում բերվում է այն փաստը, որ նույնականացման քարտը, ըստ ՀՀ օրենսդրության, նույնպես անձը հաստատող փաստաթուղթ է: Հնարավոր է՝ Աժ առաջիկա քառօրյայում այս նախագիծը քննարկվի ու քվեարկվի, քանի որ դեկտեմբերի 6-ին արդեն նշանակած է սահմանադրական հանրաքվեի օրը:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ, որը նաեւ նախագծի զեկուցողն է:
-Պարո՛ն Սահակյան, «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը ընդգրկված է ԱԺ օրակարգում, սակայն դեռեւս անհայտ է, թե որ քառօրյայում է այն քննարկվելու: Միեւնույն ժամանակ հասկանալի է, որ դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեից առաջ այդ հարցին պետք է անպայման լուծում տրվի, ինչո՞ւ եք հիմա` այսքան ուշացումով նման նախագիծ ներկայացրել:
-Նախ՝ ինչու հիմա, որովհետեւ, երբ որ ՀՀ-ում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, տեսանք, որ նույնականացման քարտերով որոշ մեր քաղաքացիներ ցանկություն են հայտնում մասնակցել ընտրություններին: Եւ, այսպես ասած, օրենսդրական արգելք կար, ինչի համար օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն եղավ, մենք էլ սկսեցինք այս փոփոխությունը, որը կարելի էր մի քիչ ավելի շուտ ներկայացնել: Կարծում եմ, որ այն ժամանակ, երբ քննարկվում էր նույնականացման քարտի հարցը, հենց այդ ժամանակ էլ պետք է քննարկվեր նաեւ այս հարցը: Այդ ժամանակ պետք է փորձեինք, աստիճանաբար բերեինք ու անցկացնեինք, ուղղակի այդ ժամանակ էլ նշվեց, որ երբ 2016-2017 թվականին լինի ընտրական օրենսգրքի փոփոխությունը, այդ ամենը կարվի միասին: Բայց քանի որ այժմ հանրաքվեն է, ու մոտավորապես 558 հազար քաղաքացի ունի նույնականացման քարտ, եւ այդ մարդիկ կարող են ցանկություն հայտնել իրենց ընտրական իրավունքը իրացնելու հենց նույնականացման քարտերի միջոցով, հետեւաբար չէր կարող օրենքը դա արգելել: Ու եթե նման թվով մարդիկ ունեն նույնականացման քարտ, հետեւաբար մենք էլ պետք է նաեւ այդ հնարավորությունն ընձեռեինք, որովհետեւ դա հետագայում կարող էր մեծ բարդություններ բերել: Եթե նշված թվով քաղաքացիներն իրենց ընտրական իրավունքը չիրացնեին, ապա դա կարող էր վատ ազդեցություն ունենալ ընտրության ելքի վրա:
-Բայց արդեն իսկ ուշացած նախագիծ եք ներկայացրել, որը չի կարգավորելու դաշտը…
-Ուշացած-չուշացած, չգիտեմ՝ ով ինչ նկատի ունի, բայց մենք ընդամենն այդ արգելքը` ընտրական օրենսգրքի եւ նույնականացման քարտի մասին, փորձել ենք վերացնել: Այսինքն՝ թույլ տալ, հնարավորություն տալ ընտրական օրենսգրքի մեջ եղած հակասությունները վերացնել, մեր հեղինակած նախագծերի իմաստը դա է:
-Այս նախագծով, ըստ ընդդիմադիրների, ավելի է մեծանալու ընտրակեղծիքների թիվը, մի՞թե դա է պատճառը, որ Դուք հիմա եք որոշել նման նախագիծ ներկայացնել ու փոփոխություններ իրականացնել:
-Մենք հանձնաժողովում քննարկել ենք դա, բայց որեւէ հիմնավոր փաստարկ չլսեցինք, թե ինչ միջոցով են այդ ընտրակեղծիքն իրականացնելու: Եթե մարդիկ ուզում են խոսել ընտրակեղծիքներից ու մեղադրանք ներկայացնել կամ նմանատիպ ինչ-որ միտք ասել, «խոսքի ազատություն է» կարող են խոսել, բայց նաեւ պետք է ունենան հստակ հիմնավորումներ: Նույնականացման քարտերով մասնակցելը դեռեւս չի նշանակում, որ ընտրակեղծարարություն է լինելու: Ես արդեն նշել եմ, որպես հիմնական զեկուցող, որ ընտրողների ցուցակները 40 օր առաջ դառնում են հասանելի, որի միջոցով էլ կարելի է տեսնել, թե նույն մարդը քանի ցուցակում կարող է լինել: Սա, իհարկե, աշխատանք է պահանջում, բայց դա է տարբերակը, որպեսզի համոզվեն, թե իրականում ինչ է տեղի ունենալու: Այնուհետեւ քաղաքացիների տվյալները փակցնում են ընտրատեղամասերում, հանձնաժողովի անդամներն էլ ստուգում են համապատասխան փաստաթուղթը, հետո նոր քվեաթերթիկ են տրամադրում: Անկեղծ ասեմ, ես այստեղ որեւէ խնդիր չեմ տեսնում: Ժամանակին մենք կարծում էինք, որ անձնագրում կնիքի առկայությունը բարձրացնելու է վստահությունը, սակայն այսօր տեսնում ենք, որ դա էլ չի օգնում: Այսօր մեր որոշ քաղաքացիների անձնագրերում դեռեւս ցնդող կնիքը պահպանվում է, հիմա նաեւ այդ անձինքն են խնդրի առաջ կանգնելու իրենց ընտրական օրավունքը պաշտպանելիս: Հետեւաբար, այդ վստահությունը մեզանից՝ բոլորիցս է գալիս:
-Ոստիկանության տվյալների համաձայն՝ ՀՀ-ում 176 հազար մարդ ունի միայն նույնականացման քարտեր: Այսինքն՝ գործող օրենսդրությամբ քվեարկելու հնարավորությունից նրանք զրկված են: Ինչո՞ւ նրանց չեն տրվում քվեարկության վկայագրեր, ինչպես դա արվում է շատ եվրոպական երկրներում:
-Բոլոր առաջարկություններն էլ ընդունելի են, բայց այս կարճ ժամանակահատվածում մենք որեւէ լուրջ մեխանիզմ չենք կարող ներդնել, դրա համար ժամանակ է պետք: Նույն Շվեյցարիայում, նույն Նիդեռլանդներում դեռեւս 2000-ական թվականներից մինչեւ հիմա փորձարկումներ են իրականացվում՝ 150-ից ավել փորձարկում: Բայց մենք պետք է լուծենք մեկ խնդիր՝ ընտրողը կարողանա ազատ իր ընտրական իրավունքն իրականացնել, ու բացառել մեկից ավելի անգամ ընտրություն կատարելու հնարավորությունը:
ԴԵՐԺԱՎԱՅԻ ԱՐԿԱԴԻԻ ՀԵՏ «ՈՉ ՄԵԿ ՉԻ ԿԱՐԱ ՓԱՅ ՄՏՆԻ»
Հոկտեմբերի 21-ին ՀԺ-ն գրել էր, որ Twix, Snickers, Kit Kat, M&M’s, Mars, Bounty տեսակի հայտնի շոկոլադե սալիկները երեւանյան բոլոր խանութներոմ կտրուկ էժանացել են: Նախկինում փոքր Snickers-ի գինը կազմում էր 250-270 դրամ, իսկ այժմ 200 է: Նույնն է նաեւ շոկոլադե մյուս հայտնի սալիկների դեպքում: Ավելի մեծ չափի Kit Kat-ը 350 դրամից դարձել է 300 դրամ: Նշվում էր, որ ՀՀ-ում բացի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանից՝ Դերժավայի Արկադիից, շուկայում հայտնվել է այլ ընկերություն, որը եւս ներկրում է վերը նշված շոկոլադեղենը, ինչի պատճառով էլ պատգամավորը ստիպված է եղել գինն էժանացնել:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանի հետ՝ պազելու համար, թե ո՞վ է դաշտում սկսել մրցակցել իրենց ընկերության հետ:
-Ի՞նչ մրցակցության մասին է խոսքը, պետք է տնտեսությունից մարդը հասկանա, որպեսզի նման տեղեկություն հրապարակի, պետք չէ ուղղակի սենսացիաներ գրել: Շոկոլադը միայն Twix, Snickers, Kit Kat, M&M’s, Mars-ը չի, տնտեսություն չիմանալով՝ մարդիկ արթնանում ու ինչ-որ բաներ են գրում:
-Այդ դեպքում իրականությունը ո՞րն է, ինչի արդյունքում է եղել այդ էժանացումը:
-Ձեզ համար ուրախալի պետք է լինի այն, որ երկրում շոկոլադի գին է իջել, իսկ դա մեծ ջանքերի շնորհիվ է եղել: Քանի որ Ռուսաստանում ռուբլու կուրսն իջնում է, ավտոմատ կերպով դոլարով ապրանքի գինն էժանանում է: Մենք էլ ԵՏՄ-ի մեջ լինելով՝ կարողանում ենք այնպես անել, որ այդ արդյունքը լինի: Դրա համար պետք է ուրախ լինել, ոչ թե ինչ-որ սենսացիաներ փնտրել: Շոկոլադեղենը այս երկրում 100 հոգի ներ են կրում: Իմ հետ ոչ մի մարդ չի կարա փայ մտնի, տենց մարդ չի ծնվել, դրա համար էլ ասեցի, որ ինչ-որ անգրագետ բաներ են գրում: Պետք է ուրախ լինեք, որ մենք հասել ենք նրան, որ այդ մեծ ամերիկյան ընկերությանը կարողացել ենք բացատրել, որ մեր երկրում էդ ապրանքը պետք է էժան լինի, որպեսզի ծախվի: Ես կառավարմամբ չեմ զբաղվում, ես պատգամավոր եմ, իրավունք չունեմ, բայց ես տեղյակ եմ էդ ամենից: Օրինակ՝ «Կինդեր», «Ռաֆաելլո», «Ռոշեն» եւ այլ ռուսական ապրանքները էժանացել են, ատամի մածուկները, օճառները եւ այլն: «Դերժավա» ընկերությունն է այդ ամենը ներկրում, ո՞վ կարա իմ հետ ներկրի, ենթադրությունների հիման վրա չեն գրում:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«ԱՂՔԱՏ» ՆԱԽԱՐԱՐԸ
Պարզվում է՝ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի կինը՝ Մերի Երիցյանը, ավելի հարուստ է, քան ամուսինը: Այսպես, նախարարի դրամական միջոցներն անցած տարվա վերջին, ըստ նրա պաշտոնական հայտարարագրի, կազմել են 24.5 մլն դրամ: Մինչդեռ նրա ամսական աշխատավարձը կազմում է 514 հազար դրամ, իսկ կենսաթոշակը՝ տարեկան 3 մլն 401 հազար դրամ: Նշենք, որ նախարարի կնոջ դրամական միջոցները անցած տարվա վերջին կազմել են 90 մլն 80 հազար դրամ: Եւ ուշագրավն այն է, որ նախարարի՝ նման միջոցների տեր կինը ոչ մի տեղ չի աշխատում: Եւ այստեղ բնական հարց է ծագում՝ իսկ ինչպե՞ս է կարողացել նախարարի կինը ոչ մի տեղ չաշխատելով՝ նման կարողություն կուտակել:
Տեղեկացնենք, որ նախարար Երիցյանը 2014 թվականին հայտարարագրել է մեկ բնակարան եւ մեկ «Jeep Wrangler 2.51» մակնիշի ավտոմեքենա:
Հավելենք, որ պաշտոնական հայտարարագրերը, որպես կանոն, Հայաստանի պաշտոնյաների իրական ունեցվածքի մի չնչին մասն են կազմում: Այդ փաստաթղթում ներառված տվյալներն ընդամենը արտացոլում են, թե տվյալ պաշտոնյան իր ունեցվածքի որ մասն է պաշտոնապես «ցույց տալիս»: Տվյալ դեպքում Արմեն Երիցյանը ցանկացել է ներկայանալ իբրեւ «համեստ» ունեցվածքի տեր պաշտոնյա, բայց ստացվել է, որ կինն իրենից հարուստ է:
ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իրավապահները պարզել են, որ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքում Ս. Սողբաթյանի բնակարան ներխուժած անձինք եղել են նույն քաղաքի բնակիչներ 24-ամյա Գեւորգ Շահբազյանը եւ 22-ամյա Սամվել Մարգարյանը: Հարձակվողները ծեծել էին եւ պահանջել իրենց տալ տանը պահված գումարը: Գողերին հաջողվել էր իրենց հետ տանել 215 հազար դրամ: ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզի քննչական վարչության Վաղարշապատի բաժնում դեպքի առքիվ քրգործ է հարուցվել՝ ՀՀ ՔՕ 175-րդ հոդվածի (ավազակություն) հատկանիշներով: Գեւորգ Շահբազյանը եւ Սամվել Մարգարյանը ձերբակալվել են:
ԷԺԱՆՈՎ ՆԻՍՏ
Նոյեմբերի 4-ին Երեւանում կանցկացվի Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության կոմիտեի 16-րդ նիստը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հոկտեմբերի 21-ին ստորագրած որոշումից: Ըստ այդ որոշման՝ նշված նիստն անցկացնելու համար պետբյուջեից հատկացվելու է 1 մլն 653 հազար դրամ: Այդ գումարն էլ հատկացվելու է 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցներից: Այն փաստը, որ այդ նիստի համար պետբյուջեից այդքան քիչ գումար է հատկացվում, թերեւս միայն մեկ հանգամանքով կարող է պայմանավորված լինել՝ ԵՄ-ն ինքն է միջոցառումը ֆինանսավորել: Իսկ այս որոշմամբ էլ ՀՀ կառավարությունը փորձում է մի քանի դրամ էլ իր կողմից ներդնել՝ «սուրբ գործի» համար: