Ներկայացվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է նոյեմբերի 6-7-ը Վլադիկավկազում կայանալիք Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Սոսլան Անդիեւի անվան միջազգային մրցաշարին: Թիմի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը ներկայացրել է թիմի կազմը:

«Վաղը հավաքականը կմեկնի Վլադիկավկազ: Այնտեղ կմասնակցենք Սոսլան Անդիեւի անվան մրցաշարին, որտեղ հիմնականում ռուսաստանյան թիմեր են մասնակցում: Անվանի մրցաշար է, որտեղ մեծ մրցակցությունը կա: 57 կգ քաշային կարգում կմասնակցեն Գարիկ Բարսեղյանը, Գառնիկ Մնացականյանը եւ Գոռ Գրիգորյանը: Գոռը երիտասարդ եւ շատ խոստումնալից ըմբիշ է: Նրան պետք է իրեն դրսեւորելու հնարավորություն տանք: 61 կգ քաշային կարգում ներկայացուցիչ չենք ունենա: 65-ում կմասնակցի Վալոդյա Ֆրանգուլյանը: Նրան փորձում ենք նոր քաշային կարգում: 70 կգ քաշային կարգ` աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյան եւ Վալտեր Մարգարյան, 74 կգ` Գրիգոր Գրիգորյան եւ Վարուժան Կաջոյան, 86 կգ քաշային կարգը կներկայացնեն Շամիր Աթյանը եւ Մուսա Մուրթազալիեւը, 97 կգ` Անդրանիկ Գալստյան եւ Էդգար Ենոքյան»,- նշել է Բաղդադյանը:

Մրցաշարի պաշտոնական բացումը կկայանա նոյեմբերի 6-ին: Մրցումային առաջին օրը մրցագորգ դուրս կգան 57 կգ, 61 կգ, 65 կգ եւ 70 կգ քաշային ըմբիշները:




Լրահոս