Նորածնի մահվան հերթական դեպքը. 17-ամյա մայրը ծննդաբերությունից առաջ սարերում անասուն է պահել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 3-ի գիշերը, ժամը 3-ի սահմաններում «Լայթ հաուս» բարեգործական կազմակերպությունում մեկ ամսական երեխա է մահացել: Փաստի առիթով ոստիկանության Էջմիածնի բաժնում նյութեր են նախապատրաստվել: Ոստիկանության ներկայացուցչի փոխանցմամբ՝ մայրը երեկոյան ժամը 10-ին երեխային կերակրել քնեցրել է: Ժամը 3-ի կողմերը, երբ արթնացել է, որ փոքրիկին նորից կերակրի, տեսել է երեխան մեռած է: Թե ինչն է եղել փոքրիկի մահվան պատճառը, պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո: Մահացած երեխայի մայրը 17 տարեկան է: «Մինչեւ ծննդաբերելը 17-ամյա կինն ամուսնու եւ ծնողների հետ Կարբիի սարերում անասուն է պահել: Երեխայի ծնվելու օրը նրան տեղափոխել են Աշտարակի հիվանդանոց, որտեղ ծննդաբերել է, ապա մորն ու մանկանը միասին բերել են «Լայթ հաուս»»,- փոխանցեց ոստիկանության աշխատակիցը: Ըստ նրա՝ մեկ ամսվա ընթացքում որեւէ մեկը, այդ թվում եւ ամուսինը, կնոջն ու նորածին որդուն տեսակցության չեն եկել:

Նշենք, որ մեկ ամսվա ընթացքում մանկան մոտ որեւէ հիվանդություն չի հայտնաբերվել: Դեպքից մեկ օր առաջ երեխայի մայրը փոքրիկին Պտղունքի բուժամբուլատորիա է տարել, վիտամին D է ստացել: «Լայթ հաուս»-ի փոխտնօրեն Նելլի Մեսրոպյանից հետաքրքրվեցինք, թե ինչ վիճակով է իրենց մոտ տեղափոխվել մահացած երեխայի մայրը: «Ձեր որեւէ հարցին պատասխանել չեմ կարող, քանի որ գործը նախաքննության փուլում է»: «Լայթ հաուս»-ը բռնության ենթարկված եւ անտուն կանանց օթեւան է, որը գտնվում է Էջմիածնի տարածաշրջանի Պտղունք գյուղում: Այն ֆինանսավորվում է Միացյալ Նահանգներից, որտեղ էլ այս օրերին գտնվում է կազմակերպության տնօրենը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս