ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրեց, թե սահմանադրական փոփոխություններից հետո ՀՀԿ-ի հետ վերստին կոալիցիա կազմելու` «Բարգավաճ Հայաստանի» մտադրության մասին հարցը ժամանակավրեպ է: Ըստ Մանուկյանի` իրենք առայժմ այդ մասին չեն մտածում, թեեւ դեմ չեն իշխանությունների հետ պատասխանատվությունը կիսելուն:
-Պարո՛ն Մանուկյան, արդեն տեւական ժամանակ է, ինչ հայտարարվել է, որ ԲՀԿ-ն սեփական շտաբով է մասնակցելու սահմանադրական փոփոխությունների այո-ի քարոզարշավին: Սակայն մինչ օրս ԲՀԿ-ի քարոզչական աշխատանքները տեսանելի չեն: Ե՞րբ եւ ինչպե՞ս եք իրականացնելու Ձեր քարոզարշավը:
-Մենք մեր կուսակցական ընկերների հետ բոլոր մարզերում, համայնքներում լինելու ենք, ժողովրդի հետ հանդիպումներ ենք ունենալու, բացատրելու ենք, թե ինչու ենք մենք այո ասում, ինչպես նաեւ քարոզելու ենք որ իրենք եւս այո ասեն: Մենք դեռ ժամանակ ունենք, ամեն ինչ անելու ենք ըստ պատշաճի, ամեն ինչ անելու ենք հերթով: Այնպես չի, որ մենք հիմա որեւէ բան չենք անում, մենք անում ենք այն, ինչը հերթականությամբ կա, քարոզարշավ լինելու է, ու Դուք այդ ամենի մասին կիմանաք ժամանակին: Մենք շատ համակիրներ ունենք, որոնք իսկապես ցանկություն ունեն լսելու, հասկանալու, թե ինչի համար են պետք այդ փոփոխությունները: Ես կարծում եմ, որ իսկապես մենք կկարողանանք մեր համակիրներին ներկայացնել, քարոզել այն, ինչ կա այդ փոփոխություններում: Ժամանակի ընթացքում դրանում կհամոզվեք նաեւ Դուք:
-Բայց արդյո՞ք Դուք համոզվել եք, որ ժողովուրդը իսկապես պետք է այո ասի սահմանադրական փոփոխություններին, արդյո՞ք այն տեսակետին եք, որ այդ փոփոխություններից հետո ՀՀ քաղաքացին ապրելու է ավելի ապահով Հայաստանում:
-Իսկապես պետք է այո ասի ժողովուրդը: Երբ սահմանադրական բարեփոխումները ներկայացվել են Ազգային ժողովին, այդ ժամանակ մենք բավականին մեծ աշխատանք ենք տարել, ու մեզ հուզող բավականին շատ հարցեր ընդգրկել են փոփոխությունների մեջ: Ես պարբերաբար լինում եմ տարբեր համայնքներում ու գիտեմ, թե այնտեղ ինչպես են էս հարցին վերաբերվում, հիմնականում ժողովրդին չի հետաքրքրում էս ամեն ինչի դրական կամ բացասական կողմերը, ժողովրդին մի բան է հետաքրքրում` որ իրենք բարեկեցիկ կյանքով սկսեն ապրել: Իսկ այս բարեփոխումները տալու են դա: Բացի այդ` շատ մեծ առավելություն է նաեւ քաղաքական կուսակցությունների համար: Այդ փոփոխություններով կուսակցությունները կարան կայանան, մենաշնորհային կուսակցությունների ձեւը կարա փոխվի, վերացվի: Ես կարծում եմ, որ այս բարեփոխումները կուսակցություններին օգնելու են:
-Ստացվում է, որ սահմանադրական փոփոխությունները հիմնականում արվում են քաղաքական կուսակցությունների կայացման համար ու հասարակության շահն այստեղ երկրորդ պլանում է:
-Արվում է նաեւ ժողովրդի համար՝ այնտեղ իրավունքի, արդարադատության խնդիր կա, մարդու իրավունքների վերաբերյալ բարեփոխումներ կան, որոնք իրենց դրական արդյունքը կտան: Ես կարծում եմ, որ այս Սահմանադրությամբ ժողովուրդն ավելի շատ է պաշտպանելու իր իրավունքները, այն խնդիրները, որոնք էսօր կան, ես կարծում եմ, որ նոր Սահմանադրությամբ դրանք չեն լինելու: Այնպես չէ, որ միանգամից ժողովուրդն իրա վրա զգալու է էդ ամեն ինչը, բայց երբ ինքը ունենա իրավունքի պաշտպանության խնդիր, այդ ժամանակ կզգա, թե ինչու էին պետք էդ փոփոխությունները:
-Տեսակետ կա, որ ԲՀԿ-ն միացել է այո-ի քարոզարշավին միայն այն պատճառով, որ ցանկություն ունի ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմել ու նորից պաշտոններ ստանալ կառավարությունում: Ի՞նչ կասեք:
-Նման բան էսօրվա վիճակում չկա ու դեռ չի էլ քննարկվել, ժամանակավրեպ հարց եք տալիս, այս պահին ես այդ հարցին չեմ կարող պատասխանել: Եթե դու պատրաստ ես իշխանությունների հետ կիսել պատասխանատվությունը, դա վատ բան չի:
-Իսկ ինչո՞ւ այդ դեպքում ընդամենը երեք տարի առաջ ԲՀԿ-ն հրաժարվեց իշխանությունների հետ կիսել պատասխանատվությունը:
-Այդ ժամանակ այդպես էր, այդպիսի որոշում կայացվեց, եթե գա քննարկման պահը, դրա մասին տեղեկություն կունենաք: Այժմ որեւէ քննարկում չի եղել, որեւէ մեկը նման խոսակցություն չի ունեցել, ուստի շատ շուտ է խոսել ինչ-որ բաների մասին, կոալիցիայի ու նման իրավիճակի վերաբերյալ տեսակետ ներկայացնել:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԱՄԵՆ ԿԵՐՊ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՇՐՋԱՆՑԵԼ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Հոկտեմբերի 26-ից «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամները Ազգային ժողովի դիմաց նստացույց են անում` Սերժ Սարգսյանի իմպիչմենտի պահանջով: Նախաձեռնության անդամ Անդրեաս Ղուկասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ցանկանում էին հանդիպել ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի հետ՝ 7 հազարից ավել քաղաքացիների ստորագրությամբ երկրում արտահերթ նախագահական ընտրությունների պահանջով գրությունը հանձնելու համար, ինչպես նաեւ հանդիպում ունենալ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ` քննարկելու նախաձեռնության կողմից առաջ քաշած հարցերը: Ղուկասյանը վերահաստատեց, որ նախաձեռնությունը ակցիան շարունակելու է մինչեւ քառօրյայի ավարտը՝ հոկտեմբերի 29-ը:
-Մենք շարունակելու ենք մեր բողոքի ակցիան մինչեւ հոկտեմբերի 29-ը: Հոկտեմբերի 30-ին Երեւանում լինելու է մեծ հավաք, հաջորդ ակցիայով այն եւս կփոխարինվի, մնացած գործողությունները… հետագան ցույց կտա:
-Ձեզ չի մտահոգո՞ւմ այն, որ քաղաքական ուժերը Սերժ Սարգսյանի իմպիչմենտի հետ կապված Ձեր առաջարկություններին անլուրջ վերաբերվեցին:
-Մեր բարձրացրած հարցը լրջագույն խնդիր է իրենից ներկայացնում: Բարեփոխումների հայեցակարգում մասնագիտական հանձնաժողովը նշել է, որ չեն գործում Սահմանադրության մի շարք հոդվածներ, այդ թվում այն հոդվածը, որը վերաբերում է սահմանադրական կարգի հիմքերին, ուստի դա հանդիսանում է հայտարարություն հանցագործության մասին: Մյուս կողմից՝ մենք ունենք 7.5 հազար քաղաքացիներից հավաքած ստորագրություններ՝ երկրում արտահերթ նախագահական ընտրությունների պահանջի վերաբերյալ, եւ այդ ամենը, բնականաբար, բոլոր քաղաքական ուժերի համար ստեղծել է բարդ իրավիճակ: Իրենք ամեն կերպ փորձում են շրջանցել բարձրացրած այս խնդիրները:
-«Ոչ»-ի ճակատից ինչո՞ւ ոչ ոք Ձեր ակցիային չի մասնակցում:
-Տարբեր պատճառներով: Ամեն մեկը անում է այն գործողությունը, որը համարում է ճիշտ:
«Նոր Հայաստան» հանրային փրկություն ճակատի համար որեւէ պետիցիաներով Ազգային ժողովին կամ պետական մարմիններին դիմելը դիտարկվում է որպես թույլ գործողություն:
-Ձեր կինը ցանկանում է հանդիպել ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի հետ: Ինչ են քննարկելու նրանք:
-Սեյրան Սարոյանը իր կարճ հարցազրույցի մեջ շոշափեց ընտանիքի վերաբերող հարցեր, գնահատական տվեց, այսինքն՝ խոսեց այն բաներից, որոնցից իրականում տեղյակ չէ, դրա համար իմ կինը արձագանքեց եւ հրավիրեց նրան հանդիպման:
Զրուցեց ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ
ՖՈՒՏԲՈԼՈՎ ԿԶԲԱՂՎԵՆ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվան շուրջ հերթական աղմկոտ պատմությունն է հասունանում: Ինչպես հայտնի է՝ Ալբանիայի եւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների խաղից հետո, որում մեր հավաքականը խայտառակ պարտություն կրեց, լրատվամիջոցներում սկսեցին տեղեկություններ տարածվել այն մասին, թե խաղը ծախված է եղել: Աղբյուրը հիմնականում սերբական եւ ալբանական լրատվամիջոցներն էին: Մասնավորապես սերբական telegraf.rs-ը եւ ալբանական opozita.com-ը միմյանց հղում տալով՝ նշել էին, որ Ալբանիայի հավաքականը Հայաստանի հավաքականի չորս խաղացողների ընդհանուրը 2 մլն եվրո է վճարել՝ հաղթանակը գնելու համար: Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ՝ տեղական եւ օտարերկրյա լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների իսկությունը ստուգելու համար ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը հանձնարարել է խնդիրն ուսումնասիրել:
ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ԿԱՆԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Աժ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը պատրաստվում է դեկտեմբերին հրավիրել իր նախաձեռնած «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը: Իսկ մինչ այդ նոր ստեղծվելիք կուսակցությունը տեսանյութերի միջոցով հանրությանն է ներկայացնում իր անդամներին: Ըստ տեղեկությունների՝ Էդմոն Մարուքյանը նպատակ չունի իր կուսակցությունում ընդգրկել այնպիսի մարդկանց, որոնք քաղաքական անցյալ են ունեցել. նախընտրում է դեռեւս «մաքուր» կենսագրություն ունեցող երիտասարդներին:
ԱՆՁՐԵՎԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Դեռ բավական չէ, որ գյուղացիներն կարտոֆիլի իրացման հետ կապված խնդիրներ ունեն, այժմ էլ նրանք բերքի մի մասը կորցնելու վտանգի առաջ են հայտնվել: Բանն այն է, որ վերջին օրերի ընթացքում առատ տեղումների եւ ջերմաստիճանի կտրուկ անկման արդյունքում գյուղացիները չեն կարողանում ավարտել կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքները: Մասնավորապես, եղանակային վատ պայմանների արդյունքում կիսատ են մնացել Գեղարքունիքի, Կոտայքի եւ Շիրակի մարզերի բնակիչների կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքները: Տեխնիկան նույնպես ցեխոտ դաշտերում ընդհանրապես չի կարող աշխատել:
Տեղեկացնենք, որ հոկտեմբերի 28-31-ին, նոյեմբերի 1-ին Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 29-31-ին լեռնային եւ արեւելյան շրջաններում` ձնախառն անձրեւ, նոյեմբերի 1-ին՝ ձյուն: