«Սա օրիորդաց վարժարան չէ, որ ինչ­որ բանից նեղանան և չգան». պատգամավորներին մտահոգել է Կարեն Անդրեասյանի բացակայությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում ՀՀ 2016 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ պատգամավոները մտահոգություն հայտնեցին, որ քննարկմանը չի ներկայացել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Արզումանյանը, դիմելով ՄԻՊ գրասենյակի աշխատակազմի ղեկավար Տիգրան Արեյանին, նշեց, որ բյուջեի քննարկումների ընթացքում Ազգային ժողով պետք է ներկայանա համապատասխան գերատեսչության ղեկավարը:

«Մենք կարևորում ենք, որպեսզի նման կարևոր քննարկումներին ներկայանա Մարդու իրավունքների պաշտպանը: Սա օրիորդաց վարժարան չէ, որ ինչ­որ բանից նեղանան և չգան: Ես խնդրում եմ փոխանցեք, որ տարվա մեջ այդ երեք անգամը, որ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է ներկայանա, Ազգային ժողով, թող ինքն անձամբ գա: Հակառակ դեպքում, ստացվում է, որ դուք չեք հարգում Ազգային ժողովը»,­ -ասաց Արզումանյանը:

Ալեքսանդր Արզումանյանի մտահոգությանը միացավ նաև ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը: «Ես պետք է ասեմ, որ նիստից առաջ մենք համաձայնություն ձեռք չենք բերել, որ Կարեն Անդրեասյանն այս նիստին չի մասնակցելու: Մենք պահանջում ենք հարգանք Ազգային ժողովի նկատմամբ, և դա վերաբերում է բոլոր գերատեսչությունների ղեկավարներին»,­ -եզրափակեց Վարդանյանը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի ղեկավար Տիգրան Արեյանը պատասխանեց, որ քննարկմանը ինքն է ներկայացել, քանի որ քննարկվելու են ֆինանսատնտեսական հարցեր:




Լրահոս