«ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ» ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՃՆՇՈ՞ՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հայտարարեց, որ Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին Երեւանի ընտրողների 67 տոկոսն է ակտիվ լինելու: Ադիբեկյանը նշեց, որ «Առաքելություն» կուսակցությունը «մոխրագույն ձիուկ է, որը մրցաշարի մեջ չի երեւում, դրանց չենք դիտարկել»:
Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց «Առաքելություն» կուսակցության ընտրացուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Մանուկ Սուքիասյանի հետ:
-Քանի որ մենք նորաստեղծ կուսակցություն ենք եւ դեռ չենք հասցրել հանրային գործունեություն  ծավալել, կարծում եմ, որ առաջիկա քարոզարշավից հետո այդ տեսակետը իրականության մեջ տեղ չի ունենալու: Ինչ-որ առումով Ահարոն Ադիբեկյանի այդ գնահատականը որոշակի հիմքեր ունի: Բայց, հաշվի առնելով նրա մշտական կանխակալ գնահատականները, հակված չեմ կարծելու, թե Ա. Ադիբեկյանն իրականությանը մոտիկ կանխատեսումներ կանի՝ մեր կուսակցության հետ կապված:
-Ձեր կարծիքով՝ հաղթանակի հնարավորություն ունե՞ք: Բոլորին է հայտնի, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն բոլոր լծակները գործի են դրել հաղթանակ ապահովելու համար: Այս հզոր կառույցների կողքին Ձեր նորաթուխ կուսակցությունն իրեն «թույլ» չի՞ զգում:
-Թույլ այնքանով, որքանով որ նախկինում ընտրություններին մասնակցելու փորձ չունենք: Այդ առումով որոշակի փորձի պակաս զգում ենք, բայց մենք պատրաստվում ենք ողջ քարոզարշավի ժամանակ օգտագործել մեր բոլոր հնարավորությունները՝ հեռուստաեթեր, բուկլետներ եւ այլն՝ մեր գաղափարներն ամբողջությամբ հասու դարձնելու համար: Մեր կուսակցության անվանումն ինքնին «Առաքելություն» է, եւ դա պատահական չի ընտրված:
-Ճնշումներ նկատո՞ւմ եք Ձեր կուսակցության անդամների վրա:
-Ճնշումներ են սկսվել «Առաքելություն» կուսակցության համամասնական ցուցակի ներկայացուցիչների նկատմամբ, հատկապես անկուսակցականների, ընդհուպ մինչեւ քաղխորհրդի անդամների: Նրանց հորդորում են դուրս գալ կուսակցության ցուցակից: Ես չեմ բացառում, որ առաջիկա օրերին ԿԸՀ-ում մարդիկ գնան եւ ինքնաբացարկ հայտարարեն:
-Կոնկրետ կնշե՞ք, թե ովքեր են այդ ամենի հեղինակները:
-Կոնկրետ դրսեւորումներ կան, բայց ես չէի ցանկանա կենտրոնանալ այդ անձերի վրա, նրանք կատարողներն են, օրվա իշխանությունները չեն ուզում հանդուրժել անգամ մի համեստ, նորաստեղծ կուսակցությանը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս