Պարզել է Երևանում սպանություն կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 24-ին` ժամը 20.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ Վարդանանց փողոցի թիվ 14 հասցեում կրակոցներ են հնչում:

Ժամը 21.10-ին շտապօգնության ենթակայանից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են նշված շենքի մոտ, որտեղ հայտնաբերել են 1983 թ. ծնված Հովհաննես Աթանյանի դիակը` ձախ թիակի շրջանում հրազենային վնասվածքի հետքով:

Armlur.am-ը ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկացավ, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Կենտրոնականի բաժնի և ճանապարհային ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական անհետաձգելի միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 25-ին պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Երևանի բնակիչ, 1961 թ. ծնված Մկրտիչ Պ.-ն:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն էլ տեղեկացնում է, որ դեպքի առթիվ 2015 թվականի նոյեմբերի 24-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները` դեպքի բոլոր հանգամանքները, սպանության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Քրեական գործով պարզված հանգամանքների մասին նախաքննություն այս փուլում այլ տեղեկություններ հրապարակման ենթակա չեն:

Լուսանկարը` shamshyan.com-ի:




Լրահոս