«Բարեւ Երեւան» դաշինքի 8-րդ համարում ընդգրկված երգիչ Արթուր Իսպիրյանին երեկ հանդիպեցինք Ազատության հրապարակում: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչ է անում այստեղ, պատասխանեց, որ առաջին օրը չէ, որ ճանաչում է Րաֆֆի Հովհաննիսյանին եւ նրա ընտանիքին: «10 տարի է, ինչ բարեկամներ եւ ընկերներ ենք, եւ այդ է պատճառը, որ այսօր կանգնած եմ իր կողքին: Ուզում եմ նաեւ հավելել, որ ես «Ժառանգություն» կուսակցության անդամ չեմ»,-նկատեց Իսպիրյանն ու նշեց, որ շատ մտահոգ է քաղաքի խնդիրներով, եւ երբ իրեն դաշինքի ցուցակում ընդգրկվելու առաջարկ է արվել, շատ է ուրախացել: «Ես հիվանդ եմ Երեւանով եւ համոզված եմ, որ եղած բացասական բաները կարելի է փոխել»,-նշեց նա: Երգչի կարծիքով` Երեւանում առաջնային խնդիր է աղբահանությունը. «Երեւանում ծառացած խնդիրները լուծելու փոխարեն տոնակատարությունների ժամանակ հսկայական գումարներ են ծախսվում հրավառությունների ու արտասահմանյան երկրներից հրավիրված աստղերի վրա: Ես՝ որպես երեւանցի, տեսնում եմ առաջնային երեք խնդիրները, դրանք են` աղբահանությունը, տրանսպորտը, փողոցների մաքրությունը: Արդեն 20 տարի է` ոչ մի քաղաքապետ չի կարողանում այս խնդիրներին լուծում տալ, իսկ դրանք ավելի են խորանում ու կարծրանում»: Արթուրը նաեւ ցանկանում է հասնել նրան, որ քաղաքում սանիտարական աշխատանք իրականացնողները հպարտ լինեն, որ աղբ հավաքողն այնքան աշխատավարձ ստանա, որ կարողանա ընտանիք պահել: «Իսկ 70 տարեկան տատիկներն առավոտյան ժամը հինգին փողոց չպետք է մաքրեն»,-ասաց ավագանու թեկնածուն:
Ի դեպ, «Ժողովուրդ»-ն ականատես եղավ, թե ինչպես երգիչը մի տիկնոջ հետ, մոտենալով հանրահավաքը նկարահանող ոստիկանին, քմծիծաղով դիմեց. «Մի հատ էլ մե՛զ նկարի»: Ոստիկանը բացատրեց, որ իր ձեռքին տեսախցիկ չէ, այլ պարզապես տեսաձայնագրման համար նախատեսված սարք:
ՀԻՎԱՆԴ Է ԵՐԵՎԱՆՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ