Ոստիկանությունը պարզաբանում է «Ոչ»-ի համատեղ շտաբի հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոչ»-ի համատեղ շտաբը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ լրացուցիչ ցուցակները պետք է նախապես կազմվեին այն քաղաքացիների հայտերի հիման վրա, ովքեր իրերի բերմամբ քվեարկության օրը իրենց բնակավայրերում չէին կարող լինել: Ըստ հայտարարության՝ «լրացուցիչ ցուցակներում» ընդգրկված են շատ մեծ թվով մարդիկ գյուղական վայրերից, ովքեր քվեարկելու իրավունք են ստացել Երեւանում՝ երևույթը մեկնաբանելով ընտրակեղծիքի նախապես մտածված հնարք:

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու վերջնաժամկետը 2015 թ. նոյեմբերի 29-ն էր: Համապատասխան անձնագրային ծառայությունը իրավասու չէ դիմում ներկայացնելու պարագայում քննարկելու հետագա փաստական հիմքերի առկայության հնարավորությունը և ենթադրությունների արդյունքում մերժել դիմումատուին՝ հիմքում դնելով այն կանխավարկածը, որ անձը տվյալ օրը չի գտնվելու նշված համայնքում: Անձի դիմումը մերժվում է, եթե այն ներկայացվել է ժամկետի խախտմամբ:

Լրացուցիչ ցուցակները կազմվել են օրենքով սահմանված կարգով և ժամկետում: Անհատական տվյալների կրկնությունների նկատմամբ հանրային վերահսկողությունը ապահովելու համար օրենքով սահմանված կարգով դրանք հիմնական ցուցակների հետ տրամադրվել են նաև ընտրական տեղամասերի հանձնաժողովների նախագահներին և տեղադրվել ՀՀ ոստիկանության պաշտոնական www.police.am կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ: Յուրաքանչյուր ոք կարող է ներբեռնել ամբողջական ցուցակները և համոզվել, որ անձի տվյալները ընդգրկված են միայն մեկ տեղ և մեկ ցուցակում:
ՀՀ ոստիկանությունը պատասխանատու է օրենքով սահմանված կարգով քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակները վարելու, հրապարակելու համար:
Պատրաստ ենք աջակցելու ցանկացած տեղեկատվության տրամադրման հարցում:




Լրահոս