Այսօր Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը Հանրաքվեի ընթացքում հնարավոր իրավախախտումների վերաբերյալ Գլխավոր դատախազին, Ոստիկանության պետին, Քննչական կոմիտեի նախագահին եւ Հատուկ Քննչական ծառայության պետին է ուղարկել գրություն, որը ներկայացնում ենք ստորեւ.
«2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեին տեղի ունեցած խախտումների վերաբերյալ մենք ստացել ենք 67 ահազանգ: Բացի նշված ահազանգերից, եղել են նաեւ համանման խախտումների վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներ, որոնց իսկությունը դեռեւս ամբողջությամբ ստուգված չէ: Հնարավոր խախտումների մասին այս տեղեկությունները խորապես մտահոգել են մեզ եւ քվեարկությանը մասնակցած բազմաթիվ քաղաքացիների, ինչպես նաեւ առաջացրել են առանձին քաղաքական ուժերի ու միջազգային որոշ գործընկերների անհանգստությունը:
Մեր ստացած ահազանգերից ու տարածված մյուս տեղեկություններից մենք առանձնացրել ենք հատկապես այն խնդիրներն ու միջադեպերը, որոնք ամենախնդրահարույցն են եւ առերեւույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ:
Ակնկալում ենք արդյունավետ համագործակցություն, որը կարող է համարվել այդպիսին, եթե հնարավորինս արագ բացահայտվեն եւ խստորեն պատժվեն այս եւ այլ միջադեպերում անմիջականորեն կամ անուղղակիորեն ներգրավված բոլոր անձինք, ովքեր հանրաքվեի կապակցությամբ քրեորեն պատժելի արարք են կատարել:
Չափազանց կարեւոր է նաեւ, որ բոլոր ահազանգերի ու գանգատների մանրակրկիտ ստուգման արդյունքում բացահայտվեն նաեւ վարչական ռեսուրսի օգտագործման բոլոր դեպքերը, եւ նման չարաշահում թույլ տված պաշտոնատար անձինք եւս ենթարկվեն խստագույն պատասխանատվության:
Պատրաստակամություն ենք հայտնում մեր ունեցած տվյալներով հնարավորինս օժանդակել դեպքերի օբյեկտիվ քննությանը: Համոզված ենք, որ խախտումներ կատարած անձանց բացահայտումն ու խստագույն պատասխանատվության ենթարկելը կամրապնդի հանրության վստահությունը թե իրավապահ համակարգի եւ թե ընտրական գործընթացների նկատմամբ: