Մահացած քաղաքացու հարազատները ստացա՞ն նրա թոշակը, թե՞ ոչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարեց Երեւանի բնակիչ Պետրոս Մարոնյանը, ով հայտնեց, որ իր մտերիմներից մեկը՝ 90-ամյա Պատվական Պատվականյանը, դեկտեմբերի 8-ին մահացել է: Սակայն այնպես է ստացվել, որ Պ. Պատվականյանի մահվան օրը փոստատարը թոշակը տուն է բերել, որն էլ մահացածի կինն է ստացել: Եւ թոշակը մահացածի կնոջը փոխանցելուց հետո փոստատարը հարեւաններից տեղեկացել է, որ Պատվականյանը մահացել է: Նույն օրվա ընթացքում փոստատարը զանգահարել է մահացածի հարազատներից մեկին՝ Պետրոս Մարոնյանին, եւ զգուշացրել, որ գալիս է, հետ վերցնի տված 50 հազար դրամ թոշակը:

«Պատվականյանն արդեն երկու տարի էր, ինչ անկողնային հիվանդ էր: Ամուսիններով էին ապրում. կինը մնաց միայնակ: Ուղղակի անհասկանալի եղավ մեզ համար փոստատարի պահվածքը: Մեզ միայն հետաքրքիր է՝ ինչու նա հետ վերցրեց թոշակը, այն դեպքում, երբ այն դեռ պետք է քաղաքացուն հասներ ամսվա երրորդ աշխատանքային օրը: Իսկ հոգեհանգստի արարողութունը պետք է տեղի ունենա այսօր: Գուցե ընտանիքին գումա՞ր է հարկավոր»,- ներկայացրեց Պատվականյանի հարազատը՝ Պ. Մարոնյանը:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի մամլո խոսնակ Արամայիս Շահբեկյանին: Վերջինս նշեց, որ յուրաքանչյուր կենսաթոշակառու ամեն ամիս ստանում է տվյալ ամսվա կենսաթոշակը, ընդ որում, ՀՀ օրենսդրությամբ եւ համապատասխան իրավական ակտերով նախատեսված է նաեւ, որ եթե նույնիսկ կենսաթոշակառուն մահանում է տվյալ ամսվա մեջ (օրինակ՝ ամսի 1-ին), ապա նրա իրավահաջորդ(ները) իրավասու են ստանալ այդ ամսվա կենսաթոշակն ամբողջությամբ:

«Ուստի 2015 թվականի դեկտեմբեր ամսվա չստացած կենսաթոշակի համար կարող են դիմել մահանալու պահին նույն հասցեում հաշվառված անձը իր հասցեն սպասարկող սոցիալական ապահովության տարածքային բաժին՝ ներկայացնելով հետեւյալ փաստաթղթերը` անձը հաստատող փաստաթուղթը եւ դրա պատճենը, հանրային ծառայությունների համարանիշը, մահվան վկայականը, ինչպես նաեւ՝ դիմում չստացած կենսաթոշակի գումարի վճարման վերաբերյալ»,- պարզաբանեց Շահբեկյանը:
«Ժողովուրդ»-ը հետեւողական կլինի եւ ընթերցողին կներկայացնի՝ մահացած քաղաքացու հարազատները ստացա՞ն նրա թոշակը, թե՞ ոչ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս