ՆԵՐԻՇԽԱՆԱԿԱՆ ԽՄՈՐՈՒՄՆԵՐԻ ՔԱՐՏԵԶԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներիշխանական կուլիսներում արդեն սկսվել են 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ խմորումները: Հայաստանում ընդունված է, որ երբ խոսք է գնում ներիշխանական խմորումների մասին, առաջնահերթ ընկալվում է, որ տվյալ դեպքում ՀՀԿ-ի ներսում առկա զարգացուների մասին է խոսքը: Սակայն իրականում ներիշխանական խմորումների «քարտեզն» ավելի ընդգրկուն է եւ այն իր մեջ ներառում է նաեւ իշխանությունների արբանյակ քաղաքական ուժերին: Դրանք այն կուսակցություններն են, որոնց գոյությունը պայմանավորված է բացառապես իշխանությունների բարի կամքով:

ՀՀԿ-ում, ինչպես հայտնի է, առնվազն երկու առանձին թիմեր կան ձեւավորված՝ մեկը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած թիմն է, որն իր շուրջ հիմնականում միավորել է ՀՀԿ-ի, այսպես կոչված, ավագ սերնդի ներկայացուցիչներին, իսկ մյուս խումբը, որը գլխավորում է Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը, իր մեջ ներառում է համեմատաբար երիտասարդ իշխանավորներին: Ի դեպ, երիտիշխանականների շարքերում կան նաեւ բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք պաշտոնապես ՀՀԿ անդամ չեն, բայց իրենց ապագան կապում են Միքայել Մինասյանի քաղաքական կարիերայի հետ: Եւ հիմա ՀՀԿ-ի վերը նշված երկու թեւերն էլ օր առաջ փորձում են իրենց համար պարզել, թե Սերժ Սարգսյանի ծրագրերում իրենք ինչ դերակատարություն կարող են ունենալ, որպեսզի հասկանան, թե 2017 թվականի ընտրական գործընթացներում իրենք ինչ եռանդով պետք է գործեն:
Իշխանական արբանյակ քաղաքական ուժերից ԲՀԿ-ն վերջին երկու ԱԺ ընտրություններում մշտապես «հաջողություն» է ունեցել, բայց այս տարվա փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո այս կուսակցությունը չի կարող հավակնել նախորդ տարիների «արդյունքներին»: Ավելին՝ ԲՀԿ-ի ճակատագիրն ամբողջությամբ կախված է ՀՀԿ-ի վերնախավի կամքից:
Նույնը վերաբերում է նաեւ ՀՅԴ-ին: Այս կուսակցությունը 2007-ի ԱԺ ընտրությունների արդյունքներով ստացել էր ավելի քան 177 հազար քվե, 2012-ին 85 հազար քվեով մի կերպ կարողացավ անցնել խորհրդարան: ՀՅԴ-ի այս անկումը հիմնականում բացատրվում էր 2008-ի նախագահական ընտրություններում այդ կուսակցության դրսեւորած իշխանահաճո մոտեցմամբ: Սահմանադրական փոփոխություններում իշխանություններին սատարելուց եւ համատարած ընտրակեղծիքները չնկատելու տալուց հետո դաշնակցությունն առանց իշխանական աջակցության կարող է չմասնակցել անգամ 2017 թվականի ընտրություններին:
Իհարկե, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի համար ամենացանկալի տարբերակը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի հետ դաշինքով մասնակցելն է, բայց արդյոք իշխանությունների համար նման հեռանկարը ցանկալի է: Այս հարցի պատասխանը դեռ հայտնի չէ: Բայց որ ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչները լրագրողների հետ զրույցներում չեն բացառում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը, փաստ է:
ԲՀԿ-ից եւ ՀՅԴ-ից բացի մեկ այլ իշխանական արբանյակ կուսակցություն` ՕԵԿ-ն արդեն բավական երկար ժամանակ է, ինչ փորձում է իր դեմքն ամբողջությամբ կոսմետիկ վիրահատության ենթարկել, որպեսզի Հայաստանի հանրությունն իրեն չճանաչի, եւ իբրեւ ընդդիմություն՝ կարողանա ներկայանալ որպես ազգի փրկիչ: Սակայն ՕԵԿ-ի՝ մեկ տարուց ավել ընթացող վերափոխման գործընթացը, մեղմ ասած, ոչ մի լավ բան չի խոստանում այս կուսակցությանը:
Մյուս կողմից էլ, ինչպես հայտնի է՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը եւս հայտարարել է Հայաստանում կուսակցություն հիմնելու իր մտադրության մասին: Ակնհայտ է՝ Աբրահամյանի հիմնած կուսակցությունը եւս փորձելու է դառնալ իշխանական արբանյակ քաղաքական ուժերից մեկը: Ենթադրվում է, որ Արա Աբրահամյանի միավորումը ՕԵԿ-ի, կամ նույն է թե՝ «Ազգային վերածնունդի» հետ անխուսափելի է:
Բայց արդյոք 2017-ին իշխանություններն ի վիճակի կլինեն իրենց իշխանությունը պահպանելու խնդիրը լուծելուն զուգահեռ «արբանյակներին» տեղավորելու խնդրով զբաղվել: Սահմանադրական հանրաքվեի արդյունքները վկայում են, որ նման` իշխանությունների լիակատար ազատ գործելու հեռանկարը, մեղմ ասած, «մշուշոտ ա»: Ուստի, եթե ՀՀԿ-ն հրաժարվի «արբանյակների» հետ դաշինք կազմելուց եւ նրանց թողնի ինքնահոսի, ապա վերջիններս բավականին ծանր կացության առաջ են կանգնելու: Գուցե հաջողվի խորհրդարանի անցողիկ շեմը հաղթահարել եւ 5-6 մանդատ ստանալով՝ սակարկությունների մեջ մտնել ՀՀԿ-ի հետ:
Սա նշանակում է, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում մենք ականատես ենք լինելու, թե ինչպես իշխանական նշված եւ շատ այլ մանր կուսակցությունների ներկայացուցիչներ առիթը բաց չեն թողնելու իշխանություններին եւ հատկապես Սերժ Սարգսյանին քծնելու համար, որպեսզի իրենց «անտեր» չթողնեն: Ի վերջո, ՀՀԿ-ի հետ նույն ընտրացուցակով շատ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ էլ կան:
Ու դժվար թե այս ընթացքում իշխանական դաշտում նոր ուժեր կարողանան հայտնվել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՐԱՖՖԻՆ ՓԱՍ
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից «Ժողովուրդ»-ը երեկ հետաքրքրվեց՝ արդյոք իրենց կուսակցությունը մասնակցելու է ստորագրահավաքին, թե ոչ: Ի պատասխան՝ Հովհաննիսյանն ասաց՝ «Ժառանգություն»-ը ողջունում է ՀԱԿ-ի քայլը, բայց չի միանա բողոքարկման գործընթացին: «Ես դեմ չեմ, ավելին՝ ես անհավասար պայմանների կողմնակից եմ: «Ժառանգություն»-ը որոշել է չմասնակցել, դրա կարիքը չկա: Մեր հիմնական աշխատանքը քաղաքացիական է, հրապարակում, դիվանագիտական, դեսպանների հետ, բազմափակ աշխատանք ունենք անելու: Եւ այդ դիմումը, որին զորակցում ենք, դա կլինի այդ աշխատանքներից մեկը, ողջունելի է»,- ասաց «Ժառանգության» առաջնորդը: Ի դեպ, երեկ Ազատության հրապարակում Հովհաննիսյանը եւս մեկ անգամ Սերժ Սարգսյանին առաջարկեց ինքնակամ հեռանալ իշխանությունից, քանի որ ժողովրդի համբերության բաժակն արդեն լցվել է:
Նա նաեւ անդրադարձավ վերջին օրերին սահմանային լարվածության հետեւանքով զինծառայողների զոհվելու դեպքերին: «Մեր համազգային եւ համապետական պարտականությունն է ոչ միայն պատասխան տալ թշնամուն, այլեւ կանխել նման նահատակների առկայությունը: Մեզ պետք չեն հետմահու մեդալներ: Ինչպիսին է երկիրը ներքուստ, այնպիսին կլինի արտաքին քաղաքականությունը, արդար է ներսում, մենք կունենանք արդար, ուժեղ, ընկալելի քաղաքականություն»,- հայտարարեց Հովհաննիսյանը:

 

ԱԺ-Ն ՀԱՍՏԱՏԵՑ
Երեկ խորհրդարանն արտահերթ նիստում քվեարկության դրեց «ՀՀ 2016-2018թթ պետական վիճակագրական աշխատանքների եռամսյա ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը, որը երկրորդ ընթեցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց 75 կողմ, 5 դեմ եւ 15 ձեռնպահ քվեարկությամբ: «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային եւ ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 77 կող, 12 դեմ եւ 3 ձեռնպահ քվեարկությամբ: «Լիցենզավորման մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց երկրորդ ընթեցմամբ եւ ամողջությամբ 90 կողմ ձայներով:

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԵՑ
Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատել է, որ «Էրեբունի» բ/կ հիվանդասենյակներից մեկը իրավապահները խիստ հսկում են: Իսկ ավելի ուշ քննիչներն այնտեղ մի տղամարդու են հարցաքննել՝ այդ ընթացքում կողմնակի անձանց մուտքն արգելելով հիվանդասենյակ: Պարզեցինք, որ հիվանդասենյակում գտնվողը Գեղարքունիքի մարզի Շատվան համայնքի ղեկավար Լեւոն Աբրահամյանի որդին` Տիգրան Աբրահամյանն է եղել, որին իրավապահները ձերբակալել են Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին վթարի գործով: Տիգրանի պատճառով երեք մարդ է մահացել:
Հավելենք, որ ձերբակալվածի քույրը աշխատում է ՀՀ առողջապահության նախարարությունում` որպես լիցենզավորման բաժնի պետ, ով, ըստ լուրերի, եղբորը խորհուրդ էր տվել թաքնվել իրավապահներից:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԱԿՑԻԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
Երեկ Բյուրեղավանի ապակե տարաների գործարանի 150 աշխատակիցներ բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ նախագահի նստավայրի մոտ:
Նրանց խոսքով` 4-5 ամիս աշխատավարձ չեն ստացել եւ այժմ էլ տնօրինությունը միտումնավոր գործարանը տանում է սնանկացման, որպեսզի կուտակված պարտքերը, աշխատավարձերը չվճարի: Ակցիայի ընթացքում հայտնի է դարձել, որ գործարանի տնօրինությունը ժողով է հրավիրել` նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի մասնակցությամբ, ինչի համար էլ ցուցարարները մեկնել են Բյուրեղավան:

 

ԿԱՆՏԵՍԵՆ ՄԻԵԴ-ԻՆ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս Ռուսաստանի Սահմանադրական դատարանին անտեսել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները: Այդ օրենքի ընդունումը նշանակում է, որ նախագահի, կառավարության կամ դատական այլ ատյանների հարցման համաձայն՝ Սահմանադրական դատարանն իրավունք ունի որոշում կայացնել՝ կատարե՞լ, թե՞ ոչ միջազգային ատյանների, այդ թվում՝ ՄԻԵԴ-ի որոշումները:

 

ՀԱՅ-ԿՈՐԵԱԿԱՆ
Սերժ Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Կորեայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պակ Նո Փյոկը (նստավայրը` Մոսկվա): Ընդգծելով, որ Հայաստանի եւ Կորեայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսությունն ընթացել է բարեկամական ոգով, Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ դեսպան Պակ Նո Փյոկն իր փորձն ու գիտելիքները լավագույնս կծառայեցնի այդ հարաբերությունների հետագա զարգացման համար:

 

ԱՌԱՆՑ ՏԵՂՈՒՄՆԵՐԻ
Դեկտեմբերի 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արեւմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երեւանում դեկտեմբերի 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՉԱՐԻՔՆԵՐԻՑ
Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում հետեւյալ գրառումն է կատարել. «Հայաստանում բուքմեյքերական գրասենյակները դարձել են երկրի հիմնական չարիքներից մեկը: Կազինոների սահմանափակումներից հետո դրանք գրավել են ամբողջ երկիրը: Տարեկան Հայաստանում կատարվում է ավելի քան 50 մլն դոլարի խաղադրույք: Քայքայվող տնտեսության պայմաններում այդ բիզնեսը օր օրի ծաղկում է` նոր գրասենյակների բացումով, թանկարժեք հեռուստագովազդներով, ինտերնետ տարբերակներով: Անչափահասների ղումարբազությունն էլ հասել է աննախադեպ մակարդակի` խաղադրույք են կատարում գրեթե բոլոր նրանք, ում բոյը հասնում է փողոցների տերմինալներին:
Առաջարկում եմ օրենսդրական խիստ սահմանափակումներ մտցնել այս ոլորտի համար, ընդհուպ մինչեւ բուքմեյքերական գրասենյակների գործունեության արգելումը Հայաստանում»:




Լրահոս