«ԷԼԵԿՏՐՈՆԻԿՍ ՊԼԱՆԵՏ»-Ը ՄՈԼՈՐԵՑՆՈ՞ՒՄ Է ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի է, որ ՀՀ-ում զեղչերի մասին հայտարարությունները հաճախ չեն համապատասխանում իրականությանը: Մասնավորապես հեռարձակվող որոշ գովազդներում առկա են անբարեխիղճ մրցակցության դրսեւորումներ եւ այնպիսի խոստումներ, որոնք կարող են մոլորեցնել սպառողներին:

Այս անգամ անբարեխիղճ դրսեւորում է թույլ տվել «Էլեկտրոնիկս պլանետ» ընկերությունը: Տեւական ժամանակ է, ինչ նշված ընկերության գործունեությունից տուժած բազմաթիվ քաղաքացիներ են ահազանգում «Ժողովուրդ»-ի խմբագրություն: Նրանց պատմելով՝ ընկերությունը գովազդում է, որ դեկտեմբերի 10-ից 27-ն ընկած ժամանակահատվածում «Էլեկտրոնիկս պլանետ» կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող խանութի բոլոր մասնաճյուղերում մինչեւ 50 տոկոս զեղչ է հայտարարված: Ըստ գովազդի՝ խանութներում գնումներ կատարելու դեպքում որպես նվեր կտրվի 999 հարգի շվեցարական ոսկե ձուլակտոր: Լսելով այս գովազդը՝ մեզանից յուրաքանչյուրն էլ, բնականաբար, կշտապի տվյալ խանութներից գնումներ կատարելու: Այսպես վարվել է նաեւ «Ժողովուրդ»-ին դիմած Կարինե Պողոսյանը (անունը փոխված է): Վերջինս շտապել է «Երեւան մոլ»-ում գործող «Էլեկտրոնիկս պլանետ», սակայն մեծ հիասթափություն է ապրել:
«Նախ՝ խանութի ներսում չկար ոչ մի տեղ փակցված, որ զեղչը գործում է մինչեւ 50 տոկոս, իսկ որ ապրանքին ձեռք էի գցում, աշխատակիցը փոխանցում էր, որ այն 30 կամ 20 տոկոսով է զեղչվել: Բացի այս՝ գնապիտակների վրա նշված տեղեկատվություն չկար այն մասին, թե տվյալ ապրանքատեսակը նախկինում որքան է արժեցել եւ հիմա ինչքանով է զեղչվել: Միայն վաճառքի գինն էր: Իսկ երբ վաճառողներից հետաքրքրվեցի, թե որպես նվեր որքան ոսկե ձուլակտոր կստանամ գնումների դեպքում, ավելի մեծ հիասթափություն ապրեցի ու խաբված զգացի ինձ. վաճառողը փոխանցեց, որ շվեցարական ոսկե 999 «պրոբ» ունեցող ձուլակտոր տրվում է միայն այն հաճախորդներին, ովքեր կատարում են 300 հազ դրամի չափով գնումներ: Այն էլ՝ նրանց տրվում է ընդամենը 1 գրամ ոսկի: Մինչդեռ գովազդային հոլովակում նման տեղեկություն չկա»,- զայրացած պատմեց տիկին Կարինեն:
Հիշեցնենք, որ դեռեւս այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին «Էլեկտրոնիկս պլանետ»-ը «Զեղչամարտ» էր հայտարարել եւ կարճ հաղորդագրություններ էր ուղարկում մարդկանց բջջային հեռախոսահամարներին: Ըստ այդմ, յուրաքանչյուրը կարող էր 50 հազ դրամի գնումներ կատարել եւ հնարավորություն ստանալ գնելու արժեքավոր տեխնիկա՝ ընդամենը 1000 դրամով: Ըստ այդ հաղորդագրության՝ պարզ էր դառնում, որ արդուկ, մսաղաց գնելու դեպքում, եթե գումարը կազմում է 50 հազար դրամ, ապա 1000 դրամով քաղաքացին կարող է հանգիստ վերցնել այլ կենցաղային իր, օրինակ՝ հեռուստացույց: Ինչպես մյուս, այնպես էլ այս դեպքում քաղաքացիները գայթակղվելով խանութի առաջարկած պայմաններից՝ շտապել էին խանութ, սակայն կրկին խաբվել:
Բանն այն էր, որ այս առիթով ընկերությունը խաբված սպառողներին պարզաբանել էր, որ քաղաքացու կողմից կատարված գնումները 50 հազ դրամ կազմելու դեպքում, վերջինիս տրամադրվում է 1 կտրոն, որի 1 օրինակը մնում է հաճախորդի մոտ, մյուսը տեղ է գտնում խանութի համապատասխան արկղում: Այսինքն՝ սպառողին գնումներ կատարելու դեպքում կտրոն էր տրվում՝ մասնակցելու հոկտեմբերին կայանալիք խաղարկությանը: Եւ այդ օրը, եթե բախտ վիճակվեր, ապա սպառողը կարող էր արկղից հանել իր համարը եւ 1000 դրամով ապրանք շահել: Սակայն խաղարկության այս մանրամասների մասին հաղորդագրության մեջ ոչ մի տեղեկատվություն չկար:
«Ժողովուրդ»-ը փոքրիկ ուսումնասիրություն իրականացրեց «Էլեկտրոնիկս պլանետ»-ի ֆեյսբուքյան էջում եւ պարզեց, որ ակտիվ գովազդվում է ընկերության կողմից հայտարարված զեղչը: Սակայն այդ գովազդային նկարների եւ տեսանյութերի տակ մարդիկ շարունակում են մեկնաբանություն թողնել այն մասին, որ իրենք հիասթափություն են ապրում, երբ գովազդը լսելով՝ այցելում են խանութ: Նրանց մեծ մասը հիմնականում դժգոհել է, որ գովազդվում է մինչեւ 50 տոկոս զեղչ, սակայն խանութում չեն գտնում 50 տոկոսով զեղչված ապրանքատեսակ: Շատերը դժգոհել են, որ ներկայացված հեռախոսահամարը մշտապես չի պատասխանում: Սա արձանագրեց նաեւ «Ժողովուրդ»-ը. համացանցում գրանցված հեռախոսահամարին ողջ օրվա ընթացքում այդպես էլ ոչ ոք չպատասխանեց:
Սա եւս մեկ ցցուն օրինակ է, թե ինչպես են ՀՀ-ում տարբեր ընկերություններ մոլորեցնում սպառողներին` նրանց սին գովազդային խոստումներ տալով, եւ որ կարեւորն է, դրա համար այդպես էլ որեւէ պատասխանատվություն չկրելով:
Նշված ոլորտում առկա թերությունները, խախտումները բացահայտելու եւ դրանց իրական մեղավորներին պատժելու հարցով լիազոր պետական կառույցը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն է: «Ժողովուրդ»-ը «Էլեկտրոնիկս պլանետ»-ի հետ կապված քաղաքացիների դժգոհությունները փոխանցեց ՏՄՊՊՀ, որտեղից պատասխանեցին. «Գովազդում թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների բացակայությունը, որը սպառողին հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմել գովազդվող ապրանքի վերաբերյալ, ըստ օրենքի՝ համարվում է հասարակության մոլորեցում: Հանձնաժողովի վարույթում եղել են տասնյակ գործեր, որոնց արդյունքում բարձր տուգանքներ են կիրառվել այն տնտեսվարողների հանդեպ, ովքեր սպառողին գայթակղելու կամ մոլորեցնելու նպատակով կեղծ գովազդներ են տարածել: Նշված դեպքի հետ կապված այս պահին հնարավոր չէ որեւէ գնահատական տալ, բայց այն կուսումնասիրվի Հանձնաժողովի կողմից: Եթե առկա կլինի մրցակցային օրենսդրության խախտում, ապա, միանշանակ, Հանձնաժողովը օրենքով նախատեսված կարգով համապատասխան միջոցներ կկիրառի: Իսկ ուսումնասիրության արդյունքները կլինեն հրապարակային»:
Հ.Գ. Ըստ շրջանառվող լուրերի՝ «Էլեկտրոնիկս պլանետ»-ը պատկանում է ՀՀ ԱԺ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանին: Հուսանք՝ սա չի խոչընդոտի ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրություններին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ
Հայաստանն ու Հունաստանը դատապարտում են «Իսլամական պետություն» խմբավորմանն աջակցելու եւ ռուսական ինքնաթիռը խոցելու Թուրքիայի քայլերը: Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս (Պանոս) Կամմենոսը տարածաշրջանում անվտանգության խնդիրներին անդրադարձել են Երեւանում` երկկողմ հանդիպմանը հաջորդած համատեղ ճեպազրույցում:
«Մենք ունենք հարեւաններ, որոնք աջակցում են «Իսլամական պետությանը», մենք դատապարտում ենք Թուրքիայի գործողությունները` ուղղված մեր ռազմավարական գործընկերոջ դեմ: Կարծում ենք, որ Թուրքիայի ընդհատակյա գործունեությունը թույլ չի տալիս իրականացնել այն խնդիրները, որոնք ուղղված են միջազգային ահաբեկչության դեմ»-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Սեյրան Օհանյանը` հավելելով, որ Թուրքիան շատ հաճախ խախտում է Հունաստանի հետ օդային սահմանը, եղել են նաեւ Հայաստանի սահմանը խախտելու փորձեր, եւ վերոհիշյալ երկու պետությունները հանդուժողականություն են ցուցաբերել այդ քայլի նկատմամբ: Հետեւաբար Թուրքիան էլ պետք է ցուցաբերեր հանդուժողականություն, հատկապես, երբ ռուսական ինքնաթիռը չէր հատել Թուրքիայի օդային սահմանը: Հունաստանի պաշտպանության նախարարը եւս դատապարտել է Թուրքիայի քայլերը «Իսլամական պետությանն» աջակցելու գործում` միաժամանակ շեշտելով, որ Թուրքիան այդպես էլ չկարողացավ ապացուցել, որ ռուսական ինքնաթիռը հատել է Թուրքիայի պետական սահմանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրա կործանվել էր Թուրքիայի օդուժի կողմից արձակված «երկինք-երկինք» հրթիռով եւ վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի օդային տարածքում ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչի խոցումը թուրքական օդուժի կողմից անվանել էր «հարված թիկունքից», որը հասցվել է Ռուսաստանին «ահաբեկիչների հանցակիցների կողմից»:
«Այդ իրադարձությունը դուրս է ահաբեկչության հետ սովորական պայքարի շրջանակից: Այսօրվա կորուստը կապված է հարվածի հետ, որը մեր մեջքին հասցրեցին ահաբեկիչների հանցակիցները: Այն, ինչ այսօր տեղի է ունեցել, ես չեմ կարող այլ կերպ անվանել»,-ասել էր Պուտինը Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ հանդիպման ժամանակ:

 

ԱՌԱՆՑ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ դեկտեմբերի 16-ին ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը մշտադիտարկում է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին: Ղազախի ուղղությամբ իրականացված մշտադիտարկումն անցել է առանց միջադեպերի: Հայկական կողմից մոնիթորինգն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովն ու Իրժի Աբերլեն: Ադրբեջանական կողմից մշտադիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Պիտեր Սվեդբերգը եւ Սայմոն Թիլլերը:

 
ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀՍԿԻՉ ԿԵՏ
ՀՀ կառավարությունը մտադիր է բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչել Լոռու մարզի Ճոճկան գյուղում գտնվող, քաղաքացի Գագիկ Նազլուխանյանին սեփականության իրավունքով պատկանող հողը: Նպատակը՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակներում «Այրում-Ջիլիզա» սահմանային հսկիչ կետի վերակառուցումն է, որը պետք է համապատասխանեցվի Մաքսային միության հանձնաժողովի կողմից սահմանված պահանջներին: Եւ առանց նշված տարածքների օտարման հնարավոր չէ ՀՀ տարածք մուտք գործող գյուղատնտեսական մթերքներով բեռնված վագոնների ախտահանման աշխատանքների կանոնակարգումը ապահովել: Նշված արտադրական տարածքը չի ծառայում իր նպատակին: Տարածքում չեն կառուցել շենքեր եւ շինություններ շուրջ 3 տարի, չի ցանկապատվել: Նախատեսված է, որ կկառուցվի ժամանակակից շենքային պայմաններին համապատասխան կառույց եւ կապահովի շուրջ 40 աշխատատեղ:

 

ՏԱՐԱԾՔ՝ «ԲԱՆԱՁԵՎ ՄԵԴԻԱ»-ԻՆ
«Բանաձեւ Մեդիա» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն՝ Երեւանի Արշակունյաց 2ա հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկից ազատ տարածքն անհատույց օգտագործման իրավունքով կազմակերպությանը տրամադրելու խնդրանքով: Եւ պետական գույքի կառավարման վարչությունը նշված հասցեի՝ 35 մլն 770 հազար դրամ շուկայական արժեքով տարածքը կտրամադրի «Բանաձեւ Մեդիա» հասարակական կազմակերպությանը: Այն ՀԿ-ին կհատկացվի 5 տարի ժամկետով, կազմակերպության կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով: Նշենք, որ «Բանաձեւ Մեդիա» տեղեկատվական ՀԿ-ի նպատակն է նախադրյալներ ստեղծել բազմակողմանի տեղեկատվությունը հասարակության համար հասանելի դարձնելու համար, նպաստել հայաստանյան ԶԼՄ-ների մասնագիտական պատրաստվածությանը, նախաձեռնել լրագրողական հետաքննություններ եւ հետազոտություններ՝ ներգրավելով տեղական եւ միջազգային դոնոր կազմակերպությունների: Ի դեպ, ՀՀ պետռեգիստրի տվյալներով՝ «Բանաձեւ Մեդիա» ՀԿ-ի հիմնադիրներն են՝ Արտակ Ալեքսանյանը, Արտյոմ Լեւոնյանը, Մանու Իրիցյանը, Գնել Նալբանդյանը եւ Հրայր Մեհրաբյանը: Այս տեղեկատվական ՀԿ-ն հիմնադրվել է դեռեւս 2010 թվականին: Ստացվում է, որ տարածքը տրվում է այն մարդկանց, ովքեր աշխատում են Սերժ Սարգսյանի փեսային՝ Միքայել Մինասյանին պատկանող «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ՓԲԸ-ում:




Լրահոս