Ինչպես հայտնի է` նախորդ շաբաթ մի խումբ լրագրողներ դիմում-նամակ էին հանձնել ԱԺ պետաիրավական հարցերի մշտաան հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին` առաջարկելով, որ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում տեղ գտած “հրապարակային վիրավորանք” ձեւակերպումը չտարածվի լրագրողների վրա, որպեսզի նրանց մասնագիտական գործունեության ժամանակ անհրաժեշտ հեռախոսազանգերը եւ ինֆորմացիա ճշտելու այդ ձեւը դատարանի կողմից չհամարվի “անձնական զրույց”: Այսօր ԳԱԼԱ-ի լրագրողը Դավիթ Հարությունյանից փորձել է պարզել, թե ինչ որոշում է կայացրել: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ ուսումնասիրել է դիմումը, սակայն դեռ մտածում է` ինչպես պատասխանի: “Նայել եմ, ուսումնասիրել եմ, մտածում եմ, բայց դեռեւս պատրաստ չեմ պատասխանել` դրական է իմ վերաբերմունքը, թե` բացասական”:
Դավիթ Հարությունյանը նշել է, որ երբ պատրաստ լինի պատասխանը, ինքը կհայտնի` կոնկրետ ժամանակ նշել չցանկանալով:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանը վճռել էր մերժել “Ժողովուրդ” օրաթերթի եւ լրագրող Սոնա Գրիգորյանի հայցն ընդդեմ “X գրուպի” սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի: “Ժողովուրդ”-ը Խաչիկ Խաչատրյանից պահանջում էր ընդամենը ներողություն խնդրել լրագրողին վիրավորելու՝ “պրաստիտուտկա” անվանելու համար:
Դատավճռից հետո մի խումբ լրագրողներ նախաձեռնել էին ստորագրահավաք եւ համապատասխան դիմում ներկայացրել Դավիթ Հարությունյանին: