ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ունեմ թերթի կրպակ եւ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակ: Ահ ու սարսափով տեղեկացա, որ թերթերի խմբագրությունների հարկային պարտականությունները զգալիորեն ավելացվում են: Խնդրում եմ պարզաբանել, լրագրավաճառների վճարելիք հարկերի չափը նույնպե՞ս փոփոխվել է:

Ալբերտ Միրզոյան (լրագրավաճառ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը: Նշված օրենքի համաձայն` շրջանառության հարկ վճարողները յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար (եռամսյակ) առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտների նկատմամբ շրջանառության հարկը հաշվարկում են 3.5% դրույքաչափով: Շրջանառության հարկ վճարողների համար կասեցվում են ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի գծով հարկային օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունները:
Եթե գրությունում խոսքը վերաբերում է թերթերի եւ ամսագրերի վաճառքին, ապա տեղեկացնում ենք, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ թերթերի եւ ամսագրերի իրացումը ԱԱՀ-ից ազատված է: Միաժամանակ, նշված օրենքով շրջանառության հարկ վճարողին ընձեռված է հնարավորություն իր հաշվառման վայրի հարկային մարմնին վերադաս հարկային մարմնի սահմանած ձեւով գրավոր հայտարարություն ներկայացնել ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ (դիմումի ձեւը սահմանված է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 11.02.2011թ. N51-Ն հրամանով): Այդ դեպքում հարկ վճարողը կհամարվի ԱԱՀ վճարող հայտարարությունում նշված օրվանից մինչեւ հայտարարությունում նշած տարվա ավարտը, բայց ոչ շուտ, քան հայտարարությունը ներկայացնելու հաշվետու ժամանակաշրջանի առաջին օրացուցային օրվանից:

ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության  
հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հարկային գրոհը մամուլի նկատմամբ անկասկած չի շրջանցելու նաեւ իրացնող ցանցը: Այնպես որ, դժվարին ժամանակներ են սպասվում նաեւ մամուլի կրպակ ունեցողներին:




Լրահոս