Կոմպոզիտոր, սիմֆոնիկ, կամերային, ջազային եւ էստրադային ստեղծագործությունների հեղինակ ՆԱՐԻՆԵ ԶԱՐԻՖՅԱՆԻ ֆրանսալեզու «Le reve brise» երգը դարձել է իսկական կռվախնձոր երգչուհի Սոնա Շահգելդյանի եւ Վարսայի միջեւ: Նախ` երգը ներկայացրեց Սոնան, ու մինչ նա կհասցներ տեսահոլովակ նկարել, Վարսան youtube-ում տեղադրեց նույն երգի տեսահոլովակն ու հայտարարեց, թե սա իր երգն է, ու ինքն այն գնել է դեռ 3 տարի առաջ անձամբ հեղինակից: Սակայն երիտասարդ երգչուհու խոսքերը չեն համապատասխանում իրականությանը, որովհետեւ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տիկին Զարիֆյանը հայտարարեց, որ ինքը երբեք որեւէ երգ չի վաճառել:
Կոմպոզիտորը 15 տարի է` աշխատում է Ռուբեն Հախվերդյանի հետ, գործիքավորել է նրա «0-ից 100 տարեկան երեխաներին» ալբոմը, համագործակցում է «Կադանս» անսամբլի, Կոմիտասի անվան պետական քառյակի, Հայ փոքրիկ երգիչների, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:
-Տիկի՛ն Զարիֆյան, այդպես էլ չհասկացանք, թե իրականում ում է պատկանում «Le reve brise» ֆրանսալեզու երգը:
-Երգն իմն է, ես եմ հեղինակը, այն գրանցված է «Հայ հեղինակ»-ում, բոլոր հեղինակային իրավունքները պատկանում են միայն ինձ: Ես երեք տարի առաջ թույլ եմ տվել, որ Վարսան փորձնական կատարի այդ երգը, որը, ի դեպ, իմ գործիքավորմամբ է: Երբ ձայնագրեցինք, ինքն էլ, ես էլ հասկացանք, որ այդ երգն իրենը չէ: Նա նույնիսկ տարավ այլ գործիքավորողի մոտ, որն ավելի ռոքային դարձրեց, կրճատեց, ինչն ինձ դուր չեկավ, բայց լռեցի: Այդ աղջիկը նույնիսկ այդ տարբերակը չկատարեց: Դե եթե այդքան շատ էր սիրում այդ երգը, թող երգեր երկրորդ տարբերակը, ինչո՞ւ չերգեց: Երբ ես վերը նշված երգն առաջարկեցի Սոնա Շահգելդյանին, որը սիրով համաձայնեց կատարել այն, հանկարծ տարիներ հետո Վարսայի մոտ սե՞ր ծագեց այդ երգի հանդեպ, անպայման պետք էր միտումնավոր ինչ-որ բանե՞ր անել: Այս երգը կատարելու համար պետք է մեծ ձայնածավալ, զգացմունքայնություն, որը Սոնան ունի:
Ի դեպ, այդ նույն Վարսայի համար ես գրել եմ երգեր նաեւ ջազ-ֆանկ ոճում: Այդ ոճում գրված երկու երգերն էլ բավական հաջող կատարեց ու նկարեց տեսահոլովակներ:
-Վարսայի պնդմամբ` նա Ձեզանից այդ երգը գնել է:
-Երգերը, որ ես գրում եմ, տրվում են անվճար: Տարիներ առաջ ես նրան տվել եմ վեց երգ` փորձնական երգելու համար, մի քանիսն իր մոտ ստացվել են, մյուսները` ոչ: Այն երգերը, որ իր մոտ ստացվել են, ես թույլ եմ տալիս, որ նա շարունակի կատարել: Վերջերս ինքը youtube-ում տեղադրել էր իմ «Սայաթ-Նովա» ստեղծագործությունն ու անգամ չէր գրել իմ անուն-ազգանունը: Դա էլ հեղինակային իրավունքների մեծ խախտում է:
-Չե՞ք փորձում իրավական դաշտում լուծել խնդիրը:
-«Հայ հեղինակ» կազմակերպությանը դիմել եմ, նրանք ամեն ինչ ուսումնասիրել են ու ասում են, որ օրենքն իմ կողմն է: Չէ՞ որ ես իր հետ պայմանագիր չունեմ, որով կփաստվի, որ այդ երգն իրեն վաճառել եմ: Մնացած այն հինգ երգերի հետ կապված էլ նման պայմանագիր չկա:
-Չե՞ք կարծում, որ իր կողմից սա միտումնավոր արված քայլ էր, հարցազրույցներից մեկում նա նշել էր, որ անձնական խնդիր է ունեցել Ձեզ հետ:
-Ես այդպես էլ կարծում եմ: Ինքը շատ սիրում է տարբեր տեսակի PR-ներ, բայց սկանդալներով ու նման քայլերով արտիստ երբեք չես դառնա: Արտիստ դառնալու համար պետք է ամենօրյա քրտնաջան աշխատանք: Ես չեմ հերքում, որ անձնական խնդիր է եղել: Իմ ու Սոնա Շահգելդյանի անունով իրեն շատ լավ PR արեց:
Շոու բիզնեսում այդպես է, ստուդիաներում հազիվհազ մոնտաժված երգերի հիման վրա նկարահանում են տեսահոլովակներ, բայց քանի որ ես շոու բիզնեսի ներկայացուցիչ չեմ, այլ պրոֆեսիոնալ կոմպոզիտոր, գրում եմ այնպիսի ստեղծագործություններ, որ ոչ միայն տեսահոլովակ դառնան, այլ որ կատարողը կարողանա դրանք կենդանի երգել որեւէ սիմֆոնիկ նվագախմբի հետ: Իսկ կռվախնձոր այս երգը լուրջ կամերային ստեղծագործություն է: Սոնան այն կարող է կենդանի կատարել ոչ միայն տեսահոլովակում, այլեւ սիմֆոնիկ կամ կամերային նվագախմբի նվագակցությամբ: Այս առումով ես շատ կասկածում եմ, որ երկրորդ երգչուհին կկարողանա երգել օրկեստրի հետ:
«ՍԿԱՆԴԱԼՆԵՐՈՎ ՈՒ PR-ՈՎ ԱՐՏԻՍՏ ՉԵՍ ԴԱՌՆԱ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ