ՀԱՐՑ. Իմ տատիկը հավատում է, որ աչքի ուլունքները, ձիու պայտերը, փշերը եւ նման այլ պարագաները կարող են դառնալ չարի դեմ պայքարի միջոց: Մի՞թե այդպես է,թե՞ դա ընդամենը սնահավատության արդյունք է:
ՊԱՏԱՍԽԱՆ. Թվարկած միջոցները մոգության ու վհուկության «գործիքներն» են: Հիշենք մեր Տիրոջ խոսքը. «Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է» (Մատթ. 12:25), այսինքն՝ չարի դեմ չարով չի կարելի պայքարել: Ավելին, եթե դրանցով դեռ «զարդարված» են ձեր տների մուտքերը, եւ երեխաների թեւերին «աչքի ուլունքներ» կան, շտապե՛ք այդ ամենից ազատվել: Այս սովորույթը գալիս է հին հեթանոսական շրջանից: Այսօր, երբ երեխաները մկրտվում են եկեղեցու ավազանում եւ դրոշմվում Սրբալույս Մյուռոնով, տներն օրհնվում են հոգեւորականի կողմից՝ Տնօրհնեքի արարողության միջոցով, ազատվում ենք չարի ամեն տեսակ ներգործությունից: Այլ ճանապարհ չկա:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տիրոջ խոսքին ոչինչ պետք չէ ավելացնել, պարզապես կցանկանայինք, որ հավատացյալ ժողովուրդն անսար Աստծո այս մի պատգամին եւս ու առաջնորդվեր դրանով: