Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի պետական թատրոնը 83 տարեկան է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1933 թվականի հունվարի 20-ին Երևանում բացվում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը:

1933թ. հունվարի 20-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում կայացավ «Ալմաստ» օպերայի ներկայացումը: Այնուհետև թատրոնը 1939թ. վերանվանվանվեց «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոն», (1956թ.՝ ակադեմիական), որի ստեղծագործական գլուխգործոցները դարձան «Ալմաստ» և «Անուշ» օպերաների բեմադրությունները։

Երևանի գլխավոր հատակագծի համաձայն` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կառուցվեց քաղաքի հյուսիս-հարավ առանցքի վրա` այժմյան Հյուսիսային պողոտայի գլխամասում, որտեղ գտնվում էր Գեթսեմանի մատուռը։ Այսօր թատրոնի ճեմասրահում կանգնեցված է խաչքար` ի հիշատակ Գեթսեմանի մատուռի։

Թատրոնի շենքը նախագծվել է 1926-1936թթ. որպես «Ժողովրդական տան համալիրի թատրոն» (ճարտարապետ` Ա. Թամանյան)։ Համալիրի նախագիծը չի իրականացվել, սակայն «ժողովրդական տուն» անվանումը պահպանվել է։ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հանդիսավոր հիմնադրումը կայացել է 1930թ. նոյեմբերի 28-ին։

Ա. Թամանյանի նախագծի հիմնական գաղափարը մեկ շենքի մեջ ձմեռային (հյուսիսային կողմ) և ամառային (հարավային կողմ) դահլիճները միավորելն էր, որը հնարավոր եղավ իրականացնել ավելի ուշ։ 1939թ. ավարտվեց կառույցի ձմեռային թատրոնի հատվածը, իսկ 1953թ.` ամառայինը, որը վերափոխվեց համերգային դահլիճի (այժմ` Ա. Խաչատրյանի անվ. համերգասրահ)։

Երկդահլիճ թատերական շենքին Ալ. Թամանյանն ինքնատիպ և արտահայտիչ մարմնավորում է տվել: Բեմի հանդիպակաց կողմերի կիսաշրջանաձև դահլիճներն օժանդակ մասերով հատակագծում միավորվում են ձվաձև, աստիճանաձև բարձրացող տարածական կոմպոզիցիայի մեջ, որի կենտրոնում բեմի ծավալն է։

Ըստ նախագծի` շենքի գեղարվեստական ձևավորման հորինվածքում պետք է լինեին զարդաքանդակներ, որմնանկարներ, արձաններ` հայ ժողովրդական բանահյուսությունից և հայ դասական գրականությունից վերցրած թեմաներով։

Թատրոնի նախագիծը 1937թ. Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում «Ոսկե մեծ» մրցանակի է արժանացել։ 1978-1980թթ. շենքի մի մասը, իսկ 1981-1983թթ. համերգային մեծ դահլիճը հիմնովին վերանորոգվել են։ Վերակառուցումից հետո օպերայի և բալետի թատրոնի դահլիճն ունի 1200 նստատեղ, համերգային դահլիճը` 1400։




Լրահոս