Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ գործով կալանավորված Գարեն Աթաջանյանը ցուցմունք է տվել Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, սպանված Ավետիք Բուդաղյանի եղբոր` Արա Բուդաղյանի դեմ, ինչից հետո, ըստ մեզ հասած տեղեկությունների, վերջինիս ազատ են արձակել:
Նշենք, որ 2015 թվականի մայիսի 20-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ էր իրականացվել, ինչի արդյունքում կալանավորվել էին 4 անձ` Կապան քաղաքի բնակիչներ Գարեն Աթաջանյանը, Հենրիկ Ավագյանը եւ Գորիս քաղաքի բնակիչներ Վիտալի Մինասյանը եւ Արա Բուդաղյանը: Այս գործով նախաքննությունը ազգային անվտանգության ծառայությունում շարունակվում է:
Ի սկզբանե մարզպետի դեմ սպանության փորձը շատերը համարեցին պատրաստված շոու, որի նպատակը սակարկությունն է: Բանն այն է, որ մարզպետի որդին մայիսի 2-ին Սդղլի գյոլ կոչվող տարածքում վիճաբանել էր Գորիս քաղաքի բնակիչներ Մուշեղ եւ Հարություն Զաքարյանների հետ, ինչից հետո նրան կալանավորել էին: Եվ, ահա, ըստ լուրերի` Արա Բուդաղյանին անազատության մեջ պետք է պահեին այնքան ժամանակ, մինչեւ սակարկության արդյունքում լուծվեր մարզպետ Խաչատրյանի բոլոր կալանավորված հարազատների ազատման հարցերը։
2015 թվականի հոկտեմբերի 5-ին մարզպետի որդուն ազատ արձակեցին, սակայն Արա Բուդաղյանը արդեն 7 ամիս է՝ փաստացի պատանդի կարգավիճակում է: Նրա պաշտպան Հայկ Ալումյանը մշտապես հայտարարել է, որ Արա Բուդաղյանին կալանավորելը, մեղադրանք առաջադրելը եղել է առանց որեւէ փաստական հիմքի. «Մենք անընդհատ այս մասին բարձրաձայնում էինք, այս հանգամանքը շեշտում էինք, ցույց էինք տալիս, որ Արա Բուդաղյանի մեղավորությունը մատնանշող որեւէ փաստ, ապացույց գոյություն չունի: Այդ պատճառով, մեզ հասած տեղեկություններով, նախաքննական մարմինը փորձում է անօրինական ճանապարհներով ապացույցներ ձեռք բերել Արա Բուդաղյանի դեմ»:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ գործով կալանավորված Գարեն Աթաջանյանը ցուցմունք է տվել Արա Բուդաղյանի դեմ: Հայկ Ալումյանը հաստատեց մեր այս տեղեկությունը, որ Գարեն Աթաջյանի զրպարտող ցուցմունքը նրա ազատության գինն էր:
Ի դեպ, նշենք, որ այս գործով կալանավորված անձանցից միայն Գարեն Աթաջանյանն է ցուցմունք տվել Արա Բուդաղյանի դեմ, ինչից հետո էլ նախաքննություն իրականացնող մարմինը նրան ազատ է արձակել: Տեղեկությունը փորձեցինք պարզել Գարեն Աթաջանյանի պաշտպան Մհեր Բադալյանից, որը խիստ վրդովված հայտնեց, որ չի ցանկանում մեկնաբանություն տալ:
Ի դեպ, հավելենք, որ 2015 թվականի սեպտեմբերից Արա Բուդաղյանի մտերիմներին արգելել են տեսակցել նրան: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արա Բուդաղյանի հայրը` Էմիլ Բուդաղյանը, ասաց, որ որեւէ պատճառաբանություն չեն տվել.«Ամեն ինչ իրենց ձեռքն է, իրենք են որոշում»:
Քնար Մանուկյան, Նարեկ Սարգսյան