ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Ղրղզստանի մայրաքաղաքում աշխատանքային այցելությամբ գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 27-ին երկկողմ հանդիպումներ ունեցավ։
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի հանդիպման ժամանակ հանգամանալից քննարկվեցին հայ – ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային հարցեր՝ երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, միջազգային ու տարածաշրջանային խնդիրներ, անդրադարձ կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցերին:
Բիշքեքում տեղի ունեցավ նախարար Նալբանդյանի և Ղրղզստանի ԱԳ նախարար Էրլան Աբդիլդաևի հանդիպումը, որի ժամանակ բովանդակային քննարկում տեղի ունեցավ երկկողմ հարաբերությունների ամրապնդման՝ բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացման, տնտեսական փոխգործակցության խթանման, միջազգային կազմակերպությունների ձևաչափերում համագործակցության խթանման շուրջ։
Բանակցությունների օրակարգում էին ՀԱՊԿ ղրղզական նախագահության առաջնահերթությունները և կազմակերպության գործունեության ոլորտներին և ուղղություններին առնչվող տարբեր հարցեր։