Քննարկվում են քաղավիացիայի օդերեվութաբանական սպասարկման խնդիրները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 29-31-ը Երևանում անցկացվում է ԱՊՀ Հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի (ԱՊՀ ՀՄԽ) “Քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական սպասարկում” աշխատանքային խմբի խորհրդակցությունը, որը կազմակերպվել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) արևելաեվրոպական երկրների աշխատախմբի հետ համատեղ:
Խորհրդակցության նպատակն է քննարկել ավիաօդերևութաբանության բնագավառում հետագա անելիքները, ԱՊՀ անդամ-պետությունների համագործակցության միջոցով գտնել ոլորտում առաջացած խնդիրների լուծման ուղիները:
Քննարկումներին մասնակցում է 15 փորձագետ՝ Հայաստանից Ռուսաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից, Մոլդովայից, Վրաստանից և Լիտվայից:
Խորհրդակցության բացմանը ներկա էին ԱՊՀ Հիդրոօդերևութաբանության Միջպետական Խորհրդի անդամ, ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Լ. Վարդանյանը, ԱՊՀ ՀՄԽ “Քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական սպասարկում” աշխատանքային խմբի ղեկավար Մ. Պետրովան և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության աշխատախմբի ղեկավար Ն. Գելովանին:
Մասնակիցների քննարկմանն են ներկայացվել մեկ տասնյակից ավելի հարցեր՝ ԱՊՀ անդամ-պետությունների օդանավակայանների տարածքում եղանակի կանխատեսումների գնահատման միասնական մոտեցումների մշակման, եվրոպական և միջինասիական տարածաշրջանում ցածր բարձրությունների վրա կատարվող թռիչքների օդերևութաբանական սպասարկման կատարելագործման, Քաղաքացիական միջազգային օդանավարկության մասին կոնվենցիայում առաջարկվող փորձի և չափորոշիչների ներդրման, քաղավիացիայի ավիաօդերևութաբանական սպասարկման ոլորտում որակի կառավարման համակարգի ներդրման և այլ կարևոր հարցերի վերաբերյալ:
Քննարկվող թեմաներով նախապատրաստվելու են համապատասխան որոշումների նախագծեր, որոնք կներկայացվեն այս տարվա հոկտեմբերին Երևանում անցկացվելիք ԱՊՀ Հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի 25-րդ նստաշրջանի քննարկմանը:




Լրահոս