ՕՂԱԿԸ ԳՆԱԼՈՎ ՍԵՂՄՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղի խնդրի շուրջ իրավիճակը գնալով լրջանում է. միջազգային հանրությունը կարծես թե բավական հաստատակամ կերպով ձեռնամուխ է եղել Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացի ակտիվացմանը: Ընդ որում, այս օրերին միաժամանակյա ազդակներ են հնչում ե՛ւ Ռուսաստանից, ե՛ւ Արեւմուտքից:
Օրեր առաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե ստատուս քվոն անընդունելի է, ընդ որում` բոլորի համար: «Առաջին հերթին` Ադրբեջանի, Հայաստանի եւ ԼՂ-ում ապրողների համար, ես դրանում խորապես համոզված եմ. ստատուս քվոն նշանակում է ոչ միայն ադրբեջանական տարածքների վերադարձի հարցի լուծված չլինելը, այլեւ` Հայաստանի տնտեսական շրջափակումը, այդ պատճառով այստեղ պետք չէ որեւէ մեկին համոզել այդ ստատուսի անընդունելիության հարցում»,-ասել էր նա` հավելելով, որ ՌԴ-ի համար էլ ստատուս քվոն անընդունելի է, քանի որ իրենց բարեկամ երկրների միջեւ երկարատեւ ու բարդ հակամարտություն է:
Այս հայտարարություններին անմիջապես հաջորդեց Մամեդյարովի հարցազրույցը ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթին, որտեղ Ադրբեջանի ԱԳ նախարարը գաղտնազերծել է բանակցային սեղանին դրված փաստաթուղթը` Մադրիդյան սկզբունքները: Իսկ դրանք, ըստ Մամեդյարովի, ենթադրում են քայլերի հետեւյալ հաջորդականություն. «Ադրբեջանին ֆիքսված ժամկետում վերադարձվում են Լեռնային Ղարաբաղի շուրջ 7 շրջանները՝ փոխարենը հայկական կողմը, բացի անվտանգության երաշխիքից, ստանում է Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակ, տնտեսական զարգացում, փախստականների վերադարձ, հաղորդակցման բացում, մարդկանց լիարժեք կենսամակարդակի ապահովում»:
Երեկ էլ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ադրբեջանում հանրապետության օրվա առնչությամբ Ալիեւին հղած իր ուղերձում, շնորհավորելով տոնի կապակցությամբ, նշել է, որ Ադրբեջանը եւ ԱՄՆ-ը հաստատել են ամուր գործընկերություն, մասնավորապես էներգետիկ եւ տարածաշրջանային անվտանգության բնագավառներում: «ԱՄՆ-ն ամբողջությամբ սատարելու է Ադրբեջանում կայուն, ժողովրդավարական եւ բարգավաճող հասարակություն ստեղծելու եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ եղանակով կարգավորելու ջանքերին: Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի ներդրումը Աֆղանստանում մեր համատեղ իրականացրած գործողություններին»,-գրել է Օբաման իր ուղերձում:
Ուշագրավն այն է, որ հանրապետության օրը որպես տոն նշվում է ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Վրաստանում, ե՛ւ Ադրբեջանում. 1918թ. Անդրկովկասի այս երեք երկրներն իրենց անկախությունը հռչակեցին միաժամանակ: Սակայն Օբաման հանրապետության օրվա առթիվ ուղերձ հղել է միայն Ադրբեջանի նախագահին, ընդ որում, այնտեղ խոսելով նաեւ ԼՂ խնդրի կարգավորման մասին: Պատահական չէ նաեւ հանգամանքը, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների բարձրաստիճան պաշտոնյաները նման հայտարարություն անում են Ադրբեջանի իշխանությունների հետ հարաբերվելիս. ՀՀ իշխանությունները մշտապես հայտարարել են, թե Ղարաբաղյան խնդրի բանակցային գործընթացին խոչընդոտում է Ադրբեջանն իր ոչ կառուցողական դիրքորոշմամբ, այնինչ Հայաստանը պատրաստ է ստորագրել փաստաթուղթը:
Ընդհանրապես վերջին օրերին ԼՂ խնդրի վերաբերյալ զուգադիպությունները բավական շատ են. Լավրովի հայտարարությունից հետո մեկնարկեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան. նրանք եղել են Ստեփանակերտում եւ հանդիպել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, այնուհետեւ եղել են Ադրբեջանում, երեկ էլ Երեւանում էին: Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է, թե հիմա իրենք աշխատանք են տանում առաջիկայում Ս.Սարգսյանի եւ Ի.Ալիեւի հանդիպումը կազմակերպելու համար, սակայն հավելել է, թե հանդիպման մասին պայմանավորվածություն դեռ չկա: Իհարկե, դժվար չէ ենթադրել, որ կողմերի միջեւ նոր հանդիպման պայմանավորվածություն արագ ձեռք կբերվի: Մանավանդ որ Հայաստանում ավարտվեցին ընտրությունները, իսկ Ադրբեջանում դրանք կայանալու են հոկտեմբերին: Ասել է թե՝ հարմար պահն է` ԼՂ խնդրով զբաղվելու համար: Ի վերջո, իզուր չէ, որ միջազգային հանրությունն այսքան ժամանակ աչք է փակում Հայաստանում կեղծվող ընտրությունների վրա, ճանաչում է Սերժ Սարգսյանին իբրեւ օրինակարգ նախագահ: Նույն վերաբերմունքն է նաեւ Ալիեւի դեպքում: Այսինքն` այս պահին միջազգային հանրությունը պատրաստ է աչք փակել նման երեւույթների վրա, միայն թե ստորագրվի ԼՂ խնդրի կարգավորման փաստաթուղթը:
Երեկ՝ երեկոյան, համանախագահները, ամփոփելով տարածաշրջան կատարած այցը, հայտարարություն են տարածել, ըստ որի՝ հնարավոր է՝ մինչեւ տարեվերջ անցկացվի Ս.Սարգսյան-Ի.Ալիեւ հանդիպում: Համաձայն հայտարարության՝ իրենք  առաջիկա շաբաթներին կրկին կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ, որպեսզի ուսումնասիրեն եւ քննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ երկու կողմերի համար ընդունելի մոտեցումները: Այլ կերպ ասած, հոկտեմբերին Ադրբեջանում կայանալու են նախագահական ընտրություններ, եւ ակնհայտ է, որ եթե ոչ մինչ այդ, ապա անմիջապես դրանից հետո կանցկացվի նախատեսված հանդիպումը: Մանավանդ որ արդեն եվրոպական միջազգային կառույցներում, օրինակ` ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնախմբում, բացահայտ տեսակետ է հնչում, որ ԵԱՀԿ ՄԽ-ն իրեն սպառել է, ու հարկավոր է ԼՂ խնդիրի լուծումը հանել նրանց մանդատից: Նման տեսակետ են հնչեցրել Միջազգային չգնաժամային խմբի եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերն ու շատ այլ եվրոպացի փորձագետներ:
Հ.Գ. Ի դեպ, ռուսաստանցի համանախագահ Ի.Պոպովը «Ազատության» հետ զրույցում նաեւ ասել է, թե հակամարտության կարգավորման` այսօր քննարկվող վեց կետերը ներառում են ե՛ւ տարածքների վերադարձի, ե՛ւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցերը: Այլ կերպ ասած, համանախագահը հաստատել է Մամեդյարովի հայտարարությունները:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս