ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ «ԿԱՆԳՆԵԼ «ՍԱՆԻԹԵԿԻ» ԳԼԽԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին վերստին տեղացող առատ ձյունը նոր գլխացավանքներ է ստեղծել ինչպես մայրաքաղաքի կիսասառած փողոցներով երթեւեկող քաղաքացիների, այնպես էլ քաղաքային իշխանությունների համար: Երեւանի քաղաքապետարանը ինչպես նախորդ դեպքերում, այնպես էլ հիմա փորձում է քաղաքացիներին համոզել, որ մայրաքաղաքում տեղացող առատ ձյունը մաքրվում է: Սակայն երեկ՝ վաղ առավոտից, «Ժողովուրդ»-ը տարբեր վարչական շրջանների բնակիչներից բազմաթիվ դժգոհություններ էր ստանում այն մասին, որ բակային տարածքներում, մայթերին ձնամաքրման աշխատանքներ չեն իրականացվում:

Նշենք, որ անցած տարվանից սկսած` «Սանիթեք» ընկերությունը ոչ միայն մայրաքաղաքի աղբահանության ծառայությունն է մատուցում, այլեւ ձնամաքրման աշխատանքների կազմակերպման պատասխանատուն է:
Ինչպես հայտնի է՝ ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնը պարբերաբար տեղեկացնում է հանրապետությունում սպասվող եղանակային կտրուկ փոփոխությունների մասին: Օրինակ՝ վերջին տվյալներով հունվարի 24-ի երեկոյան ժամերին հանրապետություն են թափանցել արկտիկական ցուրտ հոսանքներ, ինչի հետեւանքով հունվարի 25-ին եւ 26-ին հանրապետության ողջ տարածքում կդիտվեն ձյան տեսքով տեղումներ, իսկ առատ տեղումներ կնկատվեն հունվարի 24-ին եւ 25-ին: Սակայն «Հայպետհիդրոմետ» ծառայության հայտարարություններից հետո Երեւանի քաղաքապետարանն ամեն անգամ անակնկալի է գալիս եւ անհարմար վիճակում թողնում քաղաքացուն:
Երեկ Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվեց այն մասին, որ հունվարի 23-ից 25-ը տեղացած ձյան մաքրման եւ ճանապարհների երթեւեկելի հատվածներն աղի եւ ավազի խառնուրդով մշակման աշխատանքներն իրականցվել են՝ համաձայն նախապես հաստատված ընթացակարգի: Իսկ այդ աշխատանքներում ներգրավվել են 75 միավոր մեքենասարքավորում եւ շուրջ 600 աշխատակից: «Աշխատանքները պետք է իրականացվեն ավելի օպերատիվ եւ, ըստ էության, չընդհատվող ռեժիմով: Պարբերաբար պետք է կատարվեն ճանապարհների երթեւեկելի հատվածների, ինչպես նաեւ մայթերի ու միջբակային տարածքների աղի եւ ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ: Ակնհայտ է, որ ջերմաստիճանի կտրուկ անկումը կարող է բերել նշածս հատվածներում մերկասառույցի գոյացման, ուստի, պետք է անել ամեն ինչ՝ դրանից հնարավորինս խուսափելու համար»,- խորհրդակցության ժամանակ հանձնարարել է քաղաքապետը:
Բացի այս, նկատի ունենալով «Հայպետհիդրոմետ» ծառայության` առաջիկա օրերին ջերմաստիճանի կտրուկ անկման հետ կապված տվյալները եւ սպասվող ձյան տեղումները՝ քաղաքապետը համապատասխան ծառայություններին հանձնարարել է լինել ավելի օպերատիվ ոչ միայն փողոցների երթեւեկելի հատվածների, այլեւ մայթերի, աստիճանավանդակների, բակային տարածքների եւ կանգառասրահների հարակից տարածքների ձնամաքրման հարցում: Ուշադրություն դարձրեք՝ մայթերի, բակային տարածքների, աստիճանավանդակների ձնամաքրման հարցում:
Ըստ քաղաքապետարանի՝ աննախադեպ ծավալներով ձյան տեղումների դադարից հետո մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շուրջօրյա ռեժիմով իրականացվում են փողոցների եւ մայթերի ձնամաքրման եւ ձնահեռացման աշխատանքները: Նկատենք, որ Երեւանի քաղաքապետարանն ամեն տարի նման բովանդակությամբ հաղորդագրություն է տարածում, սակայն ձյան տեղումներից հետո Երեւանի փողոցները մնում են ձնառատ եւ սառույցով պատված: Իսկ մայթերի, բակային տարածքների ձնամաքրման աշխատանքների մասին ավելորդ ենք համարում խոսել: Երեկ «Ժողովուրդ»-ը այս խնդրի շուրջ բազմաթիվ դժգոհություններ ստացավ Սարի թաղի, Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք վարչական շրջանների բնակիչներից:
«Ժողովուրդ»-ը ստացած դժգոհությունները փոխանցեց Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվականի վարչություն, որի պետ Արթուր Գեւորգյանն ասաց. «Քաղաքապետարանը շաբաթ օրը, հաշվի առնելով եղանակային ջերմաստիճանի կտրուկ անկումը, մեր համաքաղաքացիներին հորդորել է եւ խնդրել լինել առավել զգույշ: Բոլոր տարածքներում պարտավոր են իրականացնել ձնամաքրման աշխատանքներ»: Նրա խոսքերով՝ բակային տարածքների ձնամաքրման աշխատանքներում ընդգրկված են ոչ միայն համատիրությունները, այլեւ վարչական շրջանների «Կանաչապատում» ՓԲԸ-ի աշխատակիցները: «Սանիթեք» ընկերությունից նույնպես հայտարարում են, թե ձնամաքրման աշխատանքները, բացի Էրեբունի եւ Ավան վարչական շրջաններից, մյուս համայնքներոււմ իրականացվում են: «Մեքենամեխանիզմներն աշխատում են արտակարգ ռեժիմով, եւ չկա ոչ մի բակային տարածք, որ ներգրավված չէ մեր ցուցակում: Կեսից ավելին մաքրվել է: Իհարկե, հնարավոր չէ, որ ե՛ւ բակային տարածքները, ե՛ւ մայթերը միաժամանակ մաքրվեն, բայց դրանց որոշ չափը մաքրվել են»,- փոխանցեցին «Սանիթեք»-ից:
Եթե հավատանք այս երկու կառույցներին, ապա կստացվի, որ Երեւանում ամեն բան կարգին է, սակայն չենք կարող չնշել, որ հենց ձյան փաթիլներ են երեւում երկնքում, մայրաքաղաքի երթեւեկությունն անմիջապես կաթվածահար է լինում: Մերկասառույցի պատճառով վթարներ են արձանագրվում, քաղաքացիներից շատերն էլ սառցապատ բակերում ոտքը կամ թեւն են կոտրում:
Հարկ ենք համարում Երեւանի քաղաքապետարանի ձնամաքրման աշխատանքների մասով պատասխանատուներին եւս մեկ անգամ հիշեցնել, որ Երեւանը չի սահմանափակվում միայն քաղաքի կենտրոնական փողոցներով, ու եթե դրանք մաքրվել են ձնից, որոշ դեպքերում էլ՝ ինքնամաքրվել են, ապա դա չի նշանակում, որ մայրաքաղաքի մյուս վարչական շրջաններում նույնպես մաքուր է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս