ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԴԵ՞Մ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հանրապետության երկրորդ քաղաքում տարօրինակ դաշինք է ձեւավորվել՝ մի կողմում մարզի քաղաքացիական սեկտորը ներկայացնելու հավակնողներն են, մյուս կողմում՝ քաղաքային իշխանությունից հեռացված կրիմինալը: Դաշինքը պայմանավորվածություն է ձեռք բերել փոխադարձ հարձակումներ չիրականացնել միմյանց վրա եւ միաժամանակ աշխատել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի դեմ:
Իհարկե, այդ դաշինքը տարօրինակ է միայն առաջին հայացքից: Բայց իրականում զարմանալու բան չկա, քանի որ նախ՝ այդ երկու կողմերն էլ առաջնորդվում են «ինչքան վատ, այնքան լավ» սկզբունքով: Բացի այդ, երկու կողմին էլ ձեռնտու է սոված ու նվաստացած Գյումրու բնակիչներին պահել վախի մթնոլորտի մեջ, ինչն առիթ կտա տարբեր գրանտներ շահել:
Օրերս «Ասպարեզ» ակումբը բավական մեծ աղմուկ է բարձրացրել Գյումրու Սեւ Բերդ կոչվող տարածքում զբոսաշրջային եւ մշակութային կենտրոն կառուցելու շուրջ: Եվ դրա համար օգտագործում է ճարտարապետ Սաշուր Քալաշյանի դիրքորոշումը, որն այլ լուծումների կողմնակից է: Բայց չպետք է մոռանալ, որ նախ՝ մասնավոր սեփականության իրավունքն ամրապնդված է Սահմանադրությամբ, եւ ներդրողը պետք է կողմնորոշվի բիզնես նպատակահարմարությամբ: Այն էլ Գյումրու նման քաղաքում, որտեղ ռիսկայնության մակարդակը չափազանց բարձր է:
Սակայն կարեւորը նույնիսկ սա չէ, այլ այն, որ հասարակական շահի անունից խոսող մարդիկ լռում էին, երբ տարածքը տարիներ շարունակ թմրամոլների եւ «շուն կռվացնողների» սիրելի վայրն էր, երբ իրոք պատմական արժեք հանդիսացող շենքը փլվում էր խոնավությունից ու անտերությունից: Իսկ այժմ մարդիկ «պահպանում» են այդ շենքը այն դեպքում, երբ բազմիցս ասվել է, որ շենքի արտաքին տեսքը պահպանվելու է ամբողջությամբ, իսկ բակում կառուցվելու է 1500 հոգու համար նախատեսված դահլիճ: Ներկա պահին Գյումրու ամենամեծ դահլիճը տեղավորում է 700 հոգու, ինչի համար հաճախ հենց լուրջ միջոցառումներն ու փառատոները Երեւանում են անցկացվում:
Փաստորեն, Գյումրիում այս պահին կա երկու տիպի տեռոր՝ կրիմինալ տեռոր, որը քաղաքի կենտրոնում մարդ սպանելով է փորձում ներդրողներին հեռու պահել Գյումրուց, եւ «հասարակական», որը փորձում է ցանկացած առողջ նախաձեռնության նկատմամբ վատ տրամադրություններ սերմանել: Ընդ որում, երկրորդն ավելի վտանգավոր է, քանի որ թաքնվում է ազատ խոսքի հետեւում: Հուսանք՝ մեր նամակը կտպագրվի ձեր թերթում, որպեսզի գյումրեցիները հասկանան, թե որն է ճիշտը, որը՝ սխալ»:

ԱՆԱՀԻՏ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Գյումրի

Հ.Գ. «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, արձագանքելով նամակին, նշեց. «Մեր ակումբի որեւէ աշխատակից կամ ղեկավար որեւէ կարծիք չի հայտնել այդ մասին: «Ասպարեզ» ակումբի հանած մեծ աղմուկն այդպիսի բովանդակություն չէր կարող ունենալ: Եթե նամակի հեղինակները գյումրեցիներ են, ապա փայլուն պիտի իմանային «Ասպարեզ» ակումբի վարքը ու մոտեցումները` բազմակարծություն եւ խոսքի ազատություն: Բոլորը կարող են իրենց նամակները կամ կարծիքները հրապարակել մեր թերթում եւ կայքում, դա Գյումրիում որեւէ մեկի համար նորություն չէ (օրինակ` հրապարակային միջոցառումների ժամանակ անձամբ իմ հասցեին ուղղված բոլոր հայհոյանքները բառացի մեջբերմամբ հրապարակվել են իմ խմբագրած կայքում եւ օրաթերթում):
Այդ նամակում քանի որ մեր անունն են տալիս, ուրեմն մեզ են ակնարկում որպես այդ խնդրի շուրջ գրանտի համար պայքարողի: Բայց հիմարություններ մեկնաբանելն ինձ կարող է խայտառակ կացության մեջ դնել: Թեեւ էլի պատրաստ եմ բաց եւ հրապարակային վեճի ցանկացած մեկի կամ խմբի հետ այս կամ հարանման այլ թեմայով: Անհեթեթ եզրահանգումները, որոնք կան այդ նամակում, որքան էլ զարմանալի կթվան, նույնպես պաշտպանված են Սահմանադրությամբ, դրանք պիտի հնչեն եւ վեճերի առարկա դառնան, մինչեւ Ճշմարտությունը շահի»:




Լրահոս