Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ անցած տարվա ընթացքում միայն բանկային համակարգով եկած տրանսֆերտների նվազման հաշվին Հայաստան մուտք եղած գումարները նվազել են ավելի քան կես միլիարդ դոլարով:
Այս իրողությունն ի հայտ է գալիս, երբ ծանոթանում ենք ՀՀ կենտրոնական բանկի՝ երեկ հրապարակած տվյալների հետ: Ըստ այդմ, անցած տարվա դեկտեմբերին ֆիզիկական անձանց անունով Հայաստան փոխանցված ոչ առեւտրային տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 79 միլիոն 399 հազար դոլար: Զուտ ներհոսքը արտերկրից Հայաստան փոխանցված եւ հակառակը՝ Հայաստանից արտասահման փոխանցված ոչ առեւտրային նպատակներով գումարների տարբերությունն է: Նկատենք, որ նախորդ՝ 2014 թվականի դեկտեմբերին ոչ առեւտրային զուտ ներհոսքը կազմել էր 95 մլն 56 հազար դոլար: Ի դեպ, ինչպես հայտնի է՝ 2014 թվականի հոկտեմբերից սկսած տրանսֆերտներն արդեն սկսել էին նվազել: Մասնավորապես, 2013-ի դեկտեմբերին տրանսֆերտների ոչ առեւտրային զուտ ներհոսքը կազմել է 153 մլն 335 հազար դոլար: Այսինքն՝ անցած տարվա դեկտեմբերի տրանսֆերտները, եթե 2013-ի հետ ենք համեմատում, ապա անկումը կազմում է շուրջ հիսուն տոկոս:
Տրանսֆերտների նվազման պատկերն առավել պատկերավոր տեսանելի է դառնում, երբ երկու տարիների՝ 2015 եւ 2014 թվականների տվյալները իրար կողքի ենք դնում: Բերված ցուցակում նշված են ամսական ոչ առեւտրային զուտ ներհոսքները վերջին երկու տարիներին:
2015 2014
հուն. 36 մլն 821 հազ.$ 78 մլն 614 հազ.$
փետ. 41 մլն 269 հազ.$ 76 մլն 457 հազ.$
մարտ 51 մլն 746 հազ.$ 94 մլն 457 հազ.$
ապր. 69 մլն 109 հազ.$ 102 մլն 966 հազ.$
մայ. 84 մլն 284 հազ.$ 118 մլն 684 հազ.$
հուն. 103 մլն 816 հազ.$ 135 մլն 208 հազ.$
հուլ. 110 մլն 593 հազ.$ 164 մլն 555 հազ.$
օգոս 87 մլն 222 հազ.$ 156 մլն 15 հազ.$
սեպ. 78 մլն 703 հազ.$ 143 մլն 334 հազ.$
հոկ. 80 մլն 12 հազ.$ 133 մլն 479 հազ.$
նոյ. 68 մլն 415 հազ.$ 90 մլն 166 հազ.$
դեկ. 79 մլն 399 հազ.$ 95 մլն 56 հազ.$
ԸՆԴ 891 մլն 390 հզ.$ 1 մլրդ 388 մլն 990 հզ.$
Այսպիսով, տրանսֆերտների ոչ առեւտրային զուտ ներհոսքի տարեկան անկումը կազմել է 497 մլն 600 հազար դոլար: Սակայն 2013 թվականի համեմատ անկումը առավել քան մեծ է: Բանն այն է, որ 2013-ին Հայաստան եկած ոչ առեւտրային տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել էր 1 միլիարդ 545 մլն 578 հազար դոլար: Այսինքն՝ 2015-ի տվյալները, 2013-ի հետ համեմատած, անկումն արդեն կազմում է 654 մլն 179 հազար դոլար: Մյուս կողմից, ինչպես արդեն նշեցինք, վերը բերված տվյալները ստացվում են՝ արտացոլում են բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով եկած գումարների հիման վրա: Բայց ինչպես հայտնի է՝ հատկապես Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների մի զգալի մասը Հայաստանում ապրող իրենց հարազատներին գումար է ուղարկում նաեւ առձեռն: «Տրանսֆերտների» այս տեսակը, բնականաբար, պաշտոնապես չի հաշվառվում, բայց ընդունված է համարել, որ այն կազմում է գրեթե այնքան, որքան բանկերով փոխանցվածն է, ինչպես նաեւ նույն դինամիկային է ենթարկվում: Այսինքն՝ եթե բանկով եկող տրանսֆերտները նվազում են, ապա կասկածից վեր է, որ առձեռն բերվող գումարները եւս պակասում են: Ուստի ամենեւին էլ պատահական չէ, որ անցած տարվա արդյունքներով առեւտրի ծավալները նախորդ՝ 2014 թվականի համեմատ նվազել են շուրջ 1 միլիարդ դոլարի չափով: Փաստորեն գրեթե այդքան են կազմում բանկերով եկող տրանսֆերտների, առձեռն Հայաստան բերվող գումարների եւ արտահանման նվազման ընդհանուր հանրագումարը:
Հարկ է նշել, որ եթե Հայաստանի տնտեսությունը նորմալ պայմաններում լիներ, շուկայում ազատ մրցակցություն լիներ, ապա տրանսֆերտների եւ դրսից եկող գումարների անկումն այդքան մեծ ազդեցություն չէր ունենա: Բայց փաստն այն է, որ Հայաստանի տնտեսությունը նման է արհեստական շնչառությամբ պահվող օրգանիզմի, եւ բավական է՝ մի փոքր թթվածինը պակասի, «հիվանդն» կսկսի վատանալ:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՈՍԿԵ ԶԱՎԱԿԻՆ ԲԵՐԵՑԻՆ ՔԱՂԱՔ
Հայաստանի իշխանական ոսկե զավակներից մեկը օրերս պաշտոնի բարձրացում ունեցավ: Մասնավորապես, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանի որդին՝ Սարգիս Երիցյանը նոր բարձր պաշտոն է ստացել: Վերջինս դեռեւս 2011 թվականից Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր էր: Սակայն վերջերս Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների դատարանում տեղ ազատվեց, եւ Երիցյան կրտսերը Սերժ Սարգսյանի հունվարի 8-ին ստորագրած հրամանագրով տեղափոխվեց Երեւան: Ի դեպ, «ոսկե զավակը» նոր պաշտոնին նշանակվելիս հայտարարագրել է երկու ավտոմեքա:
Նա՝ «Toyota corolla» եւ «Toyota RAV»: Նա հայտարագրել է նաեւ 104 հազար 281 դոլարի փոխառություն, իսկ նրա դրամական միջոցները կազմել են 41 մլն 400 հազար դրամ, 41 հազար 800 դոլար եւ 8 հազար եվրո: Ի դեպ, 33 տարեկան Երիցյանը մինչեւ դատավոր դառնալը հիմնականում պետական կառավարման համակարգում է աշխատել եւ ընդամենը 2 տարի՝ 2005-ից 2007 թվականներին, «Հայխնայբանկում» եղել է իրավախորհրդատու: Այսինքն՝ Երիցյան կրտսերը կամ երկու տարում հասցրել է բանկի միջոցներն իրենով անել կամ էլ անհասկանալի է, թե որտեղից է այդքան գումար վաստակել: Ամեն դեպքում, սա հենց այն երեւույթն է, որ պաշտոնյայի թիկունքից կոռուպցիան բղավում է. «Ես այստեղ եմ, բայց ինձ չեք բռնի»:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԳԵՐԱԶԱՆՑԵՑ
«Ժողովուրդ»-ը 2015 թվականի նոյեմբերի 11-ին գրել էր, որ ճանապարհային ոստիկանությունը կես միլիոն դրամի բռնագանձման պահանջով դատական հայց է ներկայացրել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանի դեմ: Անցած տարվա սեպտեմբերի 23-ին ճանապարհային ոստիկանությունը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանից բռնագանձել 500 հազար դրամ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ական պատգամավորը կես միլիոն դրամ տուգանքի է արժանացել, քանի որ իր «BENTLEY» մակնիշի 187OO11 համարանիշի մեքենայով Երեւան-Սեւան ավտոճանապարհին թույլատրելի 90 կմ/ժ արագությունը կրկնակի գերազանցել է եւ ավտոմեքենան վարել է 183 կմ/ժ արագությամբ: Դատարանը բավարարել է ՀՀ ճանապարհային ոստիկանության հայցը. պատգամավորից պահանջել է վճարել կես մլն դրամ տուգանքը:
ԴԵՌ ՎՏԱՆԳ ԿԱ
Անցած տարվա նոյեմբերից ՀՀ կառավարության շենքը հսկող անվտանգության աշխատակիցները ծառայությունն իրականացնում են ինքնաձիգներով: Հիշեցնենք, որ երբ այդ արտասովոր պաշտպանության մասին լրագրողները գրեցին, փաստը կապվեց ԱԱԾ կողմից 2015 թվականի նոյեմբերի 25-ին բացահայտված «հանցավոր խմբի» հետ: Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցն արձանագրել է, որ կառավարության շենքի անվտանգության աշխատակիցները շարունակում են ինքնաձիգներով հսկել տարածքը: Այս հանգամանքը թույլ է տալիս ենթադրել, որ ԱԱԾ-ում դեռեւս համոզված չեն, որ «վտանգն» անցել է, եւ խմբի բոլոր անդամներն են բացահայտվել եւ ձերբակալվել:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՆՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՂԻ
Թեհրանում տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի վարած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հնդկաստանը Իրանի, Հայաստանի, Վրաստանի տարածքով ու Սեւ ծովով Եվրոպային կապող միջազգային տրանսպորտային ուղու ստեղծման վերաբերյալ: Ըստ Բեգլարյանի՝ Հայաստանի տարածքով այդ ուղու անցնելը ապահովելու համար այս տարի մեկնարկելու է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու Սյունիքի ու Վայոց ձորի հատվածների շինարարությունը: Ավտոմայրուղու այդ հատվածը Ագարակը կկապի Երասխ երկաթուղային կայարանին, որը երկաթուղային կապ ունի Վրաստանի սեւծովյան նավահանգիստների հետ: «Մենք այս տարի մեծ ուժ ենք ներդնելու (հյուսիս-հարավ ավտոմայրուղու) հարավի կողմը: Մենք այս տարի որ սկսենք աշխատանքները Ագարակից, իրանք կհասկանան, որ իրականում մեր այլընտրանքային ճանապարհն ավելի լավն է»,- ասել է նախարարը:
ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կոռումպացվածության մասին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության ներկայացուցչի հայտարարությունը «լավագույն կերպով» արտացոլում է ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի դիրքորոշումը: Reuters-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Էռնեստը: Հիշեցնենք, որ Պուտինի կոռումպացվածության մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել էր ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության աշխատակից Ադամ Շուբինը: «Մենք տեսել ենք, թե ինչպես է նա (Պուտինը) հարստացնում իր ընկերներին, իր մոտ դաշնակիցներին եւ բացառում նրանց, ովքեր իր ընկերները չեն եւ պետական պաշտոններ չեն զբաղեցնում»,-ասել էր Շուբինը:
ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հունվարի 28-ին ելույթ է ունեցել «Եվրոպական ժողովրդական կուսակցության» (ԵԺԿ) քաղաքական համաժողովում։ Նա անդրադարձել է Հայաստանի կեղծված հանրաքվեին, քաղաքական բանտարկյալների խնդրին ու երկրի հակաժողովրդավարական արտակարգ դրությանը, Արցախի, Հայաստանի, ինչպես նաեւ սեփական քաղաքացիների դեմ Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիային, Եվրոպացի որոշ պաշտոնյաների շահերի բախումներին եւ վերը թվարկված հիմնահարցերի նկատմամբ եվրոպական չափորոշիչների միատեսակ կիրառման հրամայականին:
ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄԸ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ հայտարարել է, որ վերսկսվել են Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի պատրաստման շուրջ քննարկումները` նշելով, որ դրա պատրաստումը վստահել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին նախագահ Ժան Պոլ Կոստային: «Ես հորդորել եմ Ժան Պոլ Կոստային, ով մեր լավագույն իրավաբաններից մեկն է, որպեսզի մեր օրենսդրության մեջ գտնի որեւէ ծանրակշիռ ճանապարհ, որն անվիճելիորեն կպաշտպանի Հայոց ցեղասպանության հիշողությունը»,¬ հայտարարել է Օլանդը:
ՆՈՐ «ՏՈՒՆ» ԳՏԱՆ
Նախօրեին տեղի է ունեցել «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության բարձրագույն ղեկավար մարմնի նիստը, որի ընթացքում որոշվել է կուսակցությունը, վերակազմակերպման միջոցով միաձուլել «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությանը, որի հիմնադիր համագումարը կկայանա ս.թ. փետրվարի 21-ին:
ԿՊԱՐԱՐՏԱՑՆԵՆ
Կառավարությունը երեկ հաստատել է ՀՀ հողօգտագործողներին 2016թ. գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը: Այս տարի գյուղատնտեսական աշխատանքների համար դիզելային վառելանյութի պահանջարկը կազմում 6000000 լիտր, որը հողօգտագործողներին կտրամադրվի 1 լիտրը 280 դրամով: Գործադիրը հաստատել է նաեւ մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը: Ընթացիկ տարվա գյուղատնտեսական աշխատանքների համար պահանջարկը կազմում է 34594,3 տոննա ազոտական, 1079 տոննա ֆոսֆորական եւ 1574,55 տոննա կալիումական պարարտանյութեր: