Ռուսաստանը չի մոռանա Թուրքիայի կողմից ահաբեկիչների սատարումը. Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը «հավասարության նշան չի դնում» Թուրքիայի իշխանությունների և բարեկամական թուրք ժողովրդի միջև: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իտալական Limes ամսագրի հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Մոսկվան չի մոռանա Թուրքիայի կողմից ահաբեկիչների սատարումը, իսկ Սու-24-ի հետ կապված պատմությունը դարձավ «ահաբեկչության դեմ պայքարում ճշմարտության պահը»:

«Ակնհայտ է, որ նման գործողությունները չեն կարող ազդեցություն չունենալ ռուս-թուրքական հարաբերությունների վրա: Թուրքիայի նկատմամբ վստահությունը նվազել է: Արդյունքում մեր երկրների միջև համագործակցությունը, որի ստեղծման համար վերջին տարիներին մեծ ջանքեր են գործադրվել, դադարեցվում է մի շարք ուղղություններով: Դա մեր ընտրությունը չէ»,-ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Լավրովը հիշեցրել է, որ մինչ այսօր պաշտոնական Թուրքիան ներողություն չի խնդրել: Դրա փոխարեն՝ Անկարան բարձրաձայնում է իր իրավացիությունն ու իր օդային տարածքը պաշտպանելու իրավունքը:

Ընդ որում, ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Ռուսաստանն իր համար թշնամիներ չի փնտրում:

Հիշեցնենք, որ նախօրեին Անկարան հայտարարել է ռուս լրագրողների համար վիզային ռեժիմ սահմանելու մասին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս