ՀԱՐՑ. Եղբայրս ու իր կինը շուտով պետք է երեխա ունենան, սակայն նրանք արդեն 2 տարի է՝ Հայաստանում չեն բնակվում: Երեխան պետք է ծնվի այլ երկրում: Այդ դեպքում ինչպե՞ս է որոշվում երեխայի քաղաքացիությունը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին ՀՀ քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից, ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն: Երեխան, ում ծնողներից մեկը նրա ծնվելու պահին ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսն անհայտ է կամ քաղաքացիություն չունեցող անձ է, ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն:
Այն դեպքում, երբ ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը՝ օտարերկրյա քաղաքացի, երեխայի քաղաքացիությունը որոշվում է ծնողների գրավոր համաձայնությամբ: Վերջինի բացակայության դեպքում երեխան ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն, եթե՝
• նա ծնվել է ՀՀ-ում,
• ՀՀ քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում դառնում է քաղաքացիություն չունեցող անձ,
• ծնողները մշտապես բնակվում են ՀՀ-ում:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վերջին շրջանում հաճախ է պատահում, երբ ծնողները նախքան երեխայի ծնունդը միտումնավոր մեկնում են այլ երկիր՝ նրան այդտեղի քաղաքացիություն տալու համար: Թեեւ պատասխանում բավական պարզ ներկայացված է քաղաքացիություն ստանալու կարգը, բայց հուսանք, որ մեր հայրենակիցներն ավելի լուրջ կվերաբերեն այս խնդրին ու ավելի խոհեմ կգտնվեն որոշում կայացնելիս: