Հայաստանի զարգացման հիմնադրամը ՀՀ-ում Չեխիայի դեսպանության հետ համատեղ առևտրատնտեսական կապերի ստեղծման և ընդլայնման նպատակով փետրվարի 11-ին կազմակերպել է «Հայաստան-Չեխիա» գործարար համաժողով: Այն կազմակերպվել է փետրվարի 11-12-ին Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Յան Մլադեկի Հայաստան կատարած այցի շրջանակում:
Նախարար Յան Մլադեկի հետ Հայաստան են այցելել Չեխիայի տնտեսական պալատի փոխնախագահը, առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրենը ԱՊՀ երկրներում, չեխական 27 ընկերությունների ներկայացուցիչներ։ Հայ-չեխական գործարար համաժողովը կնպաստի երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը և հայ գործարարներին հնարավորություն կընձեռի ներկայացնելու և չեխ գործընկերների հետ քննարկելու իրենց ներդրումային առաջարկները: Հայաստանի զարգացման հիմնադրամը համաժողովի շրջանակում կազմակերպել է նաև երկրի օրենսդրության, գործարար և ներդրումային միջավայրի շնորհանդեսը:
Չեխ գործարարները ներկայացնում են բանկային և ներդրումային, վերգետնյա ռազմական տրանսպորտային միջոցների, արտահանման վարկային ապահովագրության, ցողունային բջիջների հետազոտության, բիզնես խորհրդատվության, փոքր հիդրոէլեկտրակայանների սարքավորումների, Էլեկտրաէներգիայի, քաղցրավենիքի արտադրության, երկաթուղային և օդային բեռնափոխադրումների կազմակերպություններ:
«Բոլոր պայմաններն ապահովված են, որ այս համաժողովի ընթացքում չեխ գործարարները ծանոթանան մեր երկրի գործարար միջավայրին, Հայաստանի տնտեսության հնարավորություններին, որ ստեղծվում են՝ պայմանավորված տարածաշրջանային նոր զարգացումներով: Ներկայում Հայաստանում գործում են չեխական կապիտալով մոտ 20 ընկերություններ: Մեծ նախադրյալներ կան, որ համաժողովի, ինչպես նաև հայ և չեխ գործարարների միջև երկկողմ՝ B2B հանդիպումների արդյունքում այդ ընկերությունների թիվը կմեծանա»,- նշել է Հայաստանի զարգացման հիմանդրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:
Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն