ArmLur.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացին ոչ այնքան արտակարգ, որքան շատերի համար սովորական դարձած խնդիր բարձրացրեց: Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցի 37 շենքի բնակիչ Լարիսա Մաթևոսյանը հայտնեց, որ իր բնակարանին հատկացվող էլէներգիայից գողանում են: Փաստն ապացուցվել է նաև հետաքննությամբ:
Բանն այն է, որ տիկին Լարիսան նախորդ տարվա դեկտեմբերին իր բնակարանում չի գտնվել, այնտեղ էլէներգիա չի օգտագործվել: Սակայն սպառած հոսանքի դիմաց վճարումներ անելու ժամանակ նրան ևս ծանուցում է եկել: Այս անհասկանալի իրավիճակի միակ բացատրությունն էլ դարձավ տիկին Լարիսայի կասկածի ապացույցը՝ «լույսը գողանում են»:
Կնոջ ահազանգի հետքերով հետաքննություն իրականացվեց, որի ընթացքում մի շարք հանգամանքներ բացահայտվեցին: Պարզվեց՝ շենքի բնակիչներից մեկը «սպառում է» հարևաններին հատկացվող էլէներգիան:
Լարիսա Մաթևոսյանի փոխանցմամբ՝ ոստիկանության Մաշտոցի բաժինը զբաղվել է գործով, ինքը հարցաքննվել է:
Նշված տեղեկությունը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեցին նաև ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով, որ քրգործ հարուցելու միջնորդությունը մերժվել է՝ ՀՀ քրդատ. օր.-ի 35 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հատկանիշներով. հանցագործը կենթարկվի վարչական պատժի:
Այս հանգամանքը տուժած բնակչի զայրույթի պատճառն է դարձել: Նրան հայտնել են, որ 150 կվտ-ի դիմաց պետք է վճարի էլէներգիա գողացած բնակիչը, 80-ը՝ Լարիսա Մաթևոսյանը. «Ես ամբողջ ամսվա ընթացքում ընդամենը 10 օր եմ տանը եղել: 20 կիլովատից ավել վճարել չեմ պատրաստվում, 200 կիլովատը նա պետք է տա: Հիմա այդպես ասում են՝ վարչական տուգանք, զգուշացում, ես ինչպե՞ս համոզված լինեմ, որ վճարումն արվել է: Ես տեսուչին ասում եմ՝ ցերեկայինն ու գիշերայինը խառնվել են իրար: Նրանք էլ եկել ու տեսել են, որ իմ բնակարանում պլիտա կոչվածը չկա: Ես անգամ էկոնոմ էլեկտրական լամպ եմ օգտագործում»,- վրդովված ներկայացրեց մեր զրուցակիցը:
ՀԷՑ-ից ArmLur.am-ի հարցին՝ որն է նրանց գործառույթը նման իրավիճակներում, պատասխանեցին, որ այս դեպքով իրենք արձանագրումն արել են, համապատասխան կառույցները զբաղվել են գործով: Մեզ հայտնեցին նաև, որ եթե խախտումը մինչև բնակարանն է լինում, պատկանում է իրենց, հակառակ դեպքում՝ իրենք որևէ գործառույթ չեն կարող իրականացնել. դա իրավական հարթություն է տարվում:
ArmLur.am-ին հայտնի դարձավ նաև, որ տուժած բնակիներից մեկը տուժած չի ճանաչվել: Այսպես, բնակիչներից Անահիտը մեզ հայտնեց, որ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին սպառած էլէներգիայի դիմաց իրեն ծանուցում է եկել վճարելու համապատասխանաբար 670 և 150 կվտ-ի դիմաց: Նրա բնակարանում ևս այդ ընթացքում մարդ չի եղել, էլէներգիա չի սպառվել. «Դեկտեմբերից մենք լույս չունենք, եկել անջատել են: Ու չենք վճարելու: Չենք պատրաստվում ուրիշի վառածի փոխարեն վճարել»:
Տիկին Անահիտը մեզ հայտնեց, որ իրենց բնակարանի մասով գողության հանգամանքը չի ապացուցվել, այդ պատճառով էլ նրանց հայտնել են, որ պետք է վճարումներն անեն:
Իհարկե, էլէներգիայի գողությունից որևէ բնակիչ ապահովագրված չէ. յուրաքանչյուր բնակարանից հնարավոր է գողություն անել: Խնդիրն այն է, որ էլէներգիայի գողությունը կանխարգելող համապատասխան վերահսկող չափորոշիչներ, օրենսդրական նորմեր չկան: Արդյունքում` տուժած բնակիչների իրավունքները մնում են խախտված: