Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիկմեթ Գաջիևը հայտարարել է, որ երկիրը բողոքի նոտա է ուղարկել Ռուսաստանին՝ կապված Հայաստանին զենք վաճառելու հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Բողոքի նոտայում ընդգծվում է, որ Ադրբեջանը բազմիցս անհերքելի փաստեր է ներկայացրել միջազգային հանրությանը այն մասին, որ Հայաստանի կողմից ձեռք բերված սպառազինությունը տեղակայվում է Ադրբեջանի սեպարատիստական տարածք հանդիսացող Լեռնային Ղարաբաղի շրջանում»,-հայտարարել է Գաջիևը:
Նրա խոսքով՝ Հայաստանին ժամանակակից սպառազինության մատակարարումը չի նպաստում կոնֆլիկտի կարգավորմանն ու լարվածություն է առաջացնում տարածաշրջանում:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Ռուսաստանը Հայաստանում գտնվող «Էրեբունի» ռուսական ավիաբազան համալրել է 4-րդ սերնդի՝ ՄիԳ-29, ՄիԳ-29C կործանիչներով և ժամանակակից տրանսպորտային Մի-8MT ուղղաթիռով:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան