Արագածոտնում դպրոցների տնօրենները ազատվում են աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 24-ին ՀՀ նախագահի նստավայրում ՀՀԿ եւ ՀՅԴ կուսակցության միջեւ կնքվեց Քաղաքական համագործակցության համաձայնագիր, ինչի արդյունքում հայտնի դարձավ, որ Արագածոտնն ունի նոր մարզպետ՝ Գագիկ Գյոզալյանը: Եւ չնայած սրան՝ նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը վերջին ամիսների ընթացքում զբաղված է մարզում կադրային փոփոխություններ անելով:

«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ մարզպետը դպրոցի տնօրեններին պարտադրում է աշխատանքից ազատման դիմում ներկայացնել եւ նրանց փոխարինում իր կադրերով: Սակայն մարզպետը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս լուրերը համարեց անհիմն:

Դպրոցի տնօրենին հրաժեշտ տված գյուղերի թվում են Հնաբերդը, Դիանը, Ոսկեվազը, Օշականը եւ այլն: Տեղեկացնենք, որ Դիանը Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի ծննդավայրն է: Այստեղ դպրոցի նախկին տնօրենը Պավել Պողոսյանն էր, իսկ ներկայիս տնօրենը Ռուբիկ Հարությունյանն է: «Ժողովուրդ»-ը զրուցեց Դիան գյուղի միջնակարգ դպրոցի ներկայիս տնօրեն Ռուբիկ Հարությունյանի հետ: Հավելենք, որ վերջինս դպրոցի տնօրեն է նշանակվել այս տարվա փետրվարի 5-ին: «Նույն մարզպետի օրոք ես ազատվել եմ աշխատանքից. 5 տարի աշխատել եմ այս դպրոցի տնօրենի պաշտոնում: Բայց հիմա չգիտեմ, թե ինչ պատճառներով են ազատել նախկին տնօրենին: Ես էլ չեմ հետաքրքրվել, թե իրականում ինչ է եղել, եւ ինչու են նրան ազատել: Ես հետաքրքրասեր չեմ, այս պատճառով էլ մանրամասներին չեմ տիրապետում: Ինձ կանչեցին, մարդիկ առաջարկեցին աշխատել, ես էլ մեծ դժվարությամբ ընդունեցի առաջարկը, բայց համաձայնվեցի: Նախկին տնօրենի մասով ինձ ասացին, որ արժանի չէ, դրա համար էլ դուրս է եկել: Եթե ամեն մարդ իր գործով զբաղվի, ապա էս երկիրը երկիր կդառնա»,- ներկայացրեց Դիանի միջնակարգ դպրոցի նորանշանակ տնօրեն Հարությունյանը:

Վերջինս մեզ հետ զրույցում տեղեկացրեց նաեւ, որ ինքը մարզպետի ազգականն է, սակայն միաժամանակ վստահեցրեց, որ բարեկամ լինելն ամենեւին կապ չունի իր նշանակման հետ: «Մենք բարեկամներ ենք եւ նույն գյուղի բնակիչ: Բայց տնօրեն նշանակվելը ոչ մի կապ չունի բարեկամ լինելու հետ: Ես երկար տարիներ եմ այս դպրոցում որպես տնօրեն աշխատել: Ես դպրոցի տնօրենն էի, երբ նույնիսկ Արագածոտնի նախկին մարզպետը Սարգիս Սահակյանը չէր»:

Իսկ, ահա, Դիանի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Պավել Պողոսյանը Ագարակավան գյուղի բնակիչ է: Վերջինիս հետ, սակայն, մեզ չհաջողվեց կապ հաստատել:

Նույն մարզի Ոսկեվազի դպրոցը եւս նոր տնօրեն ունի. Նաիրա Հովհաննիսյանը արդեն երեք օր է, ինչ նշանակվել է այս դպրոցի տնօրենի պաշտոնում: Իսկ նախկին տնօրենը Համբարձում Համբարձումյանն է: Ոսկեվազի միջնակարգ դպրոցի նախկին տնօրենը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում իր աշխատանքից ազատումը կապեց թոշակի անցնելու հետ: «Տարիքս լրացել է: Տնօրենի ԺՊ նշանակվեցի թոշակի անցնելու օրը: Այդպես 8 ամիս աշխատեցի, մրցույթ հայտարարվեց երեք անգամ, բայց թեկնածուներ չկային: Ի վերջո, մրցույթը կանոնավոր կարգով կայացավ եւ մեր աշակերտներից մեկն էլ, ով ստացել էր հավաստագիր, նշանակվեց: Ես արդեն հաշտվել եմ այդ իրողության հետ, համակերպվել եմ առանց աշխատանքի»,- ափսոսանքով նկատեց պարոն Համբարձումյանը:

Հավելենք, որ համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ Ոսկեվազի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Համբարձումյանը լարված հարաբերություններ ունի Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի հետ: Այս հարցին ի պատասխան՝ Համբարձումյանն ասաց. «Վաղեմի պատմություն է. ինքը փորձեց, բայց ես տեղում մնացի… ես հաղթահարել եմ դա: Ես իմ տեղը պահպանել եմ»:
Այնուամենայնիվ, դպրոցների տնօրեններին նորերով փոխարինելու թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի հետ: Վերջինս պնդեց, որ ինքը դպրոցներում կադրային փոփոխությունների հետ որեւէ կապ չունի: «Դպրոցի տնօրեններին ազատելու եւ նշանակելու հետ ես ոչ մի կապ չունեմ: Օրինակ՝ Ոսկեվազի դպրոցի տնօրեն Համբարձում Համբարձումյանը թոշակի է անցել: Մրցույթ է հայտարարվել թափուր պաշտոնի համար»,- ներկայացրեց նախկին մարզպետը:

Իսկ ահա Դիանի դպրոցի նախկին տնօրեն Պավել Պողոսյանի մասով էլ ասաց, որ վերջինս սեփական դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից՝ պատճառաբանելով, որ ինքը այլ գյուղում՝ Ագարակավանում է ապրում եւ ամեն օր հնարավորություն չունի գնալ-գալ: «Այս տարի մարզում կա հինգ դպրոց, որոնց տնօրենները պետք է անցնեն թոշակի»,- լրացրեց Ս. Սահակյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս