«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀԿ-ի հետ համագործակցության փաստաթուղթը ստորագրելուց առաջ դաշնակցականները հայտարարում էին, որ տարիներ շարունակ լինելով ընդդիմության դաշտում՝ համոզվել են, որ «դրսից» չեն կարողանում ինչ-որ բան փոխել երկրում, և մաս են կազմում իշխանությանը՝ «ներսից» դրական փոփոխություններ իրականացնելու համար։
Բայց բավական էր Հանրապետականի հետ ֆորմալ առումով համագործակցել ընդամենը երկու օր, որպեսզի հասարակությունը տեսնի և լսի, թե ինչպես բարեկիրթ, հանուն երկրի իրենց զոհաբերել պատրաստվող դաշնակցականները միանգամից հանրապետականացվեցին՝ հերթական անգամ ցույց տալով, թե ինչ է անում իշխանությունը շատերի հետ։
Ու, ճակատագրի հեգնանքով թե պատահաբար, այդ երևույթի ամենաակնառու ցուցադրողը հենց Արմեն Ռուստամյանն է։ Դրա համար բավական է հետևել, թե ինչպես է վերջին երկու օրերին փոխվել մշտապես իր բարեկրթությամբ առանձնացած գործչի խոսքի բովանդակությունն ու տոնը հարցազրույցներում, ուշադրություն դարձնել, թե ինչպիսի հանդիմանանքով է նա սկսել խոսել լրատվամիջոցների հետ։ Բայց եթե խոսքի տոնայնության փոփոխությունը կարելի է վերագրել իշխանությանը մաս կազմելուց հետո դաշնակցականների մոտ առաջացած բարձր տրամադրությամբ և դրա հետևանքներով, ապա նույնը դժվար է ասել նրանց ասածի բովանդակության մասին։
«1990-ականների ազատազրկված դաշնակցականներից հետո Հայաստանում քաղբանտարկյալներ չեն եղել»,- հենց այսպես, առանց այլևայլությունների՝ ասում է Ա. Ռուստամյանը։ Անգամ ամենակարկառուն ՀՀԿ-ականներն են Հայաստանում քաղբանտարկյալների մասին գնահատականներում փորձում մի քիչ կոռեկտ գտնվել։ Որովհետև առնվազն 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո Հայաստանում եղել են առնվազն մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ ու քաղաքական հալածյալներ, և որևէ մեկն ուղղակի պարտավոր է հաշվի նստել այդ փաստի հետ։ Բայց իշխանությունը, ինչպես ասում են, հաճախ կուրացնում է։
Կան կարծիքներ, որ իշխանությունն ազդում է նաև հիշողության, իրականության համարժեք գնահատման վրա։ Իհարկե, չպետք է բացառել, որ այն, ինչով այսօր զբաղվում է Արմեն Ռուստամյանը, ՀՀԿ-ի հետ քաղաքական համագործակցության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածության արդյունք է, որը, սակայն, տեղ չի գտել ստորագրված փաստաթղթում։ Հնարավոր է իրենց տրված պորտֆելների դիմաց դաշնակցականները պարտավորվել են իրենց այնպես պահել, որ նրանց համեմատությամբ՝ հանրապետականները դառնան ժողովրդավարության ու արդարամտության իսկական ջահակիրներ։ Նրանց մոտ դա բավական լավ է ստացվում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։