Հայաստանի ԱԻ նախարար Ա. Երիցյանը այսօր՝ հուլիսի 1-ին ընդունել է Վրաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Իրակլի Ղարիբաշվիլուն։ Վրաց նախարարի գլխավորած պատվիրակության կազմում էին նաեւ ՆԳ փոխնախարար Ալեքսանդր Տաբատաձեն, ազգային անվտանգության բյուրոյի տնօրեն Գեորգի Զեդելաշվիլին եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԱԻ նախարարի ուղեկցությամբ Իրակլի Ղարիբաշվիլին շրջեց նախարարության “Արտակարգ” քաղաքում, եղավ պոլիկլինիկայում, մարզադայլիճում, հանդիսությունների սրահում, ծանոթացավ ճգնաժամային կառավարման կենտրոնի գործառույթներին ու տեխնիկական հագեցվածությանը եւ մասնակցեց ԱԻ նախարարության ղեկավար կազմի խորհրդակցությանը։
Վրացի գործընկերոջը ներկայացնելով նախարարության կառուցվածքը, առաքելությունն ու զարգացման հեռանկարները` ԱԻ նախարար Ա. Երիցյանն ասաց. “Չնայած արտակարգ իրավիճակների նախարարությունը մեր հանրապետության ամենաերիտասարդ կառույցներից է` արդեն հասցրել է կայանալ ու արժանանալ մեր համաքաղաքացիների ու օտարերկրյա գործընկերների վստահությանը։ Կարծում եմ, որ մենք պիտի ավելի սերտ աշխատենք միասին, քանի որ Վրաստանն ու Հայաստանը ոչ միայն հարեւաններ են, այլեւ` բարեկամ երկրներ”։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ կառավարման դեպարտամենտի տնօրեն Զվիադ Կացաշվիլին նշեց, որ մինչ հիմա իրենց հրաշալի կապեր են ունեցել ՀՀ ԱԻ նախարարության հետ, սակայն ցանկանում են ավելի սերտացնել համագործակցությունը, որպեսզի կարողանան առավելագույնս արդյունավետ արձագանքել եւ օգնություն ցույց տալ հարեւան երկրի տարածքում տեղի ունեցող պատահարների հետեւանքով տուժած ՀՀ եւ Վրաստանի քաղաքացիներին։