Կրակողների «խոսնակից» դարձել է ժողովրդավարության ջատագով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ընթացող զարգացումները եւս մեկ անգամ ապացուցում են, որ մեր քաղաքական դաշտի հիմնական խնդիրը հիշողության բացակայությունն է: Օրինակ` մարդիկ կարող են իշխանությունում պատասխանատու պաշտոններ զբաղեցնել, մասնակցել այնպիսի խայտառակ գործընթացի, ինչպիսին Մարտի 1-ի իրադարձությունների կազմակերպումն է, այնուհետեւ մի քանի տարի անց լրագրողների առաջ չքմեղանալ, թե ես փորձում էի կանխել Մարտի 1-ը: Այսինքն` այս մարդիկ բավական չէ, որ իրենց հաշիվ չեն տալիս, դեռ կարծում են, թե Հայաստանի ընտրողը տառապում է հիշողության կորուստով: Իհարկե, առաջին հայացքից կարող է թվալ, թե նման կերպարների գոյությունը պետք է ոչ մեկին չմտահոգի, քանի որ նրանք, ի վերջո, իրենց արժանի տեղը քաղաքական աղբանոցում զբաղեցնելու են:

Բայց ողջ խնդիրն այն է, որ այս մարդիկ, երբ սկսում են իբրեւ ընդդիմություն ներկայանալ եւ նրանց շուրթերից հնչում են «ժողովրդավարություն», «ազատ եւ արդար ընտրություններ», «արդարություն» բառերը, ՀՀ քաղաքացու աչքերում սկում են արժեզրկվել այդ հասկացությունները: Բայց բարոյականության նշույլի առկայության դեպքում ենթադրվում է, որ Մարտի 1-ի իրադարձություններից հետո ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը պետք է նախընտրեր հանրության աչքին չեւերալ, որպեսզի իր մասին մարդիկ մոռանան: Սակայն նա փորձում է եղելությունն այնպես ներկայացնել, թե իբր ինքը Մարտի 1-ի «խաղաղության աղավնին» է եղել:

Հիշեցնենք, որ նույն Օսկանյանը 2008 թվականի մարտի 1-ին, ժամը 19:00-ին մամուլի ասուլիս էր հրավիրել ու բառացի հայտարարեց. «Ընտրությունը հետեւյալի մեջ է՝ ավելի մեծ իմիջին վնաս հասցնել` թողնելով, որ այդ մարդիկ անկարգություններ անեն, թե օրենքի շրջանակներում ինչ-որ քայլեր անել եւ դրանով սահմանափակել այն վնասը, որը պետք է հասցվեր Հայաստանի իմիջին: Փողոց դուրս եկած մարդիկ անկարգություններ են իրականացնում եւ ունեն ըմբոստության դրսեւորումներ»: Եւ Քոչարյանը լռեցրեց ըմբոստներին՝ կրակելով, բանտերը լցնելով, Օսկանյանի այս խոսքերից հետո»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս