Ամերիկաբնակ Սուրեն Սարգսյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել, որում, մասնավորապես, ասվում է.
«Ռուսաստանի կողմից՝ իր զորքերը Սիրիայից դուրս բերելու որոշումից ժամեր անց ԱՄՆ Կոնգրեսը երկու կարևոր բանաձևեր է ընդունել Սիրիայի վերաբերյալ:
Ուշ երեկոյան միաձայն ընդունվեց Սիրայում տեղի ունեցած քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի, քրդերի, ասորիների և այլ ազգերի մասսայական սպանությունները` որպես Ցեղասպանություն, մարդկության դեմ ուղղված հանցագործություն և ռազմական հանցագործություն որակելու վերաբերյալ բանաձևը: Բանաձևը, որի տեքտսը հիմնականում անհասցե է նշված է, որ այն անձինք և ուժերը, որոնք իրականացրել են այս ոճիրը՝ պետք է պատժվեն Ցեղասպանության հանցագործության կանխարգելման ու պատժի մասին ՄԱԿ-ի 1948 թվականի կոնվենցիայի դրույթների համապատասխամ:
Եթե առաջին բանաձևը մեղմ ձևակերպումներով և դեկլարատիվ բնույթ կրող փաստաթուղթ է, ապա երկրորդ բանաձևը հստակ հասցեատեր ունի և շատ կոշտ է շարադրված: Այս բանաձևով ԱՄՆ Կոգրեսը միջնորդություն է ներկայացնում ԱՄՆ նախագահին, ՄԱԿ-ում իր դեսպանի միջոցով հասնել Սիրիայի համար ՄԱԿ ժամանակավոր ռազմական տրիբունալի ստեղծմանը: Ըստ բանաձևի Սիրիայում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների հիմնական մեղավորներն են Սիրիական իշխանությունները, Ռուսաստանը, Իրանը և Հզբոլլահը, որոնց գործողությունների արդյունքում են եղել խաղաղ բնակիչների հիմնական զոհերը:
Երկու փաստաթղթերը չափազանց կարևոր են, քանի որ ուրվագծում են Սիրիայի նկատմամբ ամերիկյան քաղաքականության հիմնական ուղենիշները: Հատկանշական է, որ երկու բանաձևերում էլ Թուրքիան՝ որպես իրադարձությունների անմիջական մասնակից, կամ պատասխանատու կողմ ներկայացված չէ:
Ընդհանուր առմամբ բանաձևերը լուրջ ուսումնասիրման կարիք ունեն և վստահ եմ, որ մոտ ապագայում նման նախաձեռնություններ շատ կլինեն»: