Շարմազանովը հանդիպել է տարբեր բուհերի ուսանողների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 18-ին հանդիպեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի ուսանողների հետ, տեղեկացնում է ԱԺ փոխնախագահի մամուլի ծառայությունը։
Մեկ ժամից ավելի տևած զրույցն ընթացել է անմիջական ու անկաշկանդ մթնոլորտում, որի ընթացքում երիտասարդները ԱԺ փոխնախագահին ուղղել բազմաթիվ հարցեր, որոնք հիմնականում առնչվում էին տնտեսության զարգացմանը, արտագաղթին, հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-Եվրասիական միություն հարաբերություններին և մի շարք այլ խնդիրների։
Անդրադառնալով արտագաղթին, Էդուարդ Շարմազանովը նշել է, որ դրա դեմ պայքարի լավագույն միջոցը տնտեսության զարգացումն ու տնտեսական աճն է, ինչին էլ միտված է հանրապետության կառավարության և իշխանությունների ամենօրյա աշխատանքը։
Ուսանողներից մեկին հետաքրքրում էր ԱԺ փոխնախագահի կարծիքը՝ վերջերս ՌԴ Պոդոլսկ քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետ կապված ՀՀ քաղաքացու նկատմամբ ռուսական որոշ լրատվամիջոցների կողմնակալ լուսաբանման վերաբերյալ։
Էդուարդ Շարմազանովը նախ իր ցավակցությունն է հայտնել ավտովթարի հետևանքով զոհվածների հարազատներին։ ,Ոչ մեկն իրավունք չունի անհարգալից վերաբերվել ՀՀ քաղաքացու նկատմամբե,- ասել է ԱԺ փոխնախագահը և հավելեց, որ հայ-ռուսական հարաբերությունները չի կարելի կապել այդ խնդրի հետ։ “ՌԴ-ն մեր դաշնակիցն է և մենք պետք է խորացնենք մեր հարաբերություններն այդ երկրի հետ”, – ասել է Էդուարդ Շարմազանովը։
Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-Եվրասիական միություն հարաբերությունների առնչությամբ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը բխում է մեր երկրի շահերից և այն հիմնված է ոչ թե “կամ-կամ”, այլ “և-և” սկզբունքի վրա։ “Պետք է խորացնել մեր հարաբերությունները և Եվրամիության, և ՌԴ-ի, և ԱՄՆ-ի հետ”,- նշել է նա։
Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նաև իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին։ Երկրի և տնտեսության զարգացման համար կարևորել է առողջ քննդատությունն ու նոր և զարգացման հեռանկարներ պարունակող ծրագրերի առաջադրումը։
Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահը նշել է, որ երիտասարդությունն է մեր երկրի գրեթե բոլոր բնագավառների շարժիչ ուժը, հորդորեց առավել սիրել մեր երկիրը, քանի որ, ըստ նրա՝ ,Հայաստանը սկսում է յուրաքանչյուրիս տնից։ Հայաստանը պետք է սիրել ոչ թե վերացական, այլ կոնկրետ”։ 
 




Լրահոս