ԹՇՎԱՌ, ԱՆՏԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 13-ին Պոդոլսկում   ավտովթարի պատճառ հանդիսացած անսարք բեռնատարի  վարորդ Հրաչյա Հարությունյանի  նկատմամբ Ռուսաստանի իրավապահ մարմինների դրսեւորած  պահվածքը նախ եւ առաջ  ի ցույց դրեց  այդ երկրի  դատաիրավական համակարգի հակամարդկային էությունը, երբ  հիվանդանոցում  շոկի մեջ գտնվող տղամարդուն դեղերի միջոցով  արթնացնելով` կանացի ծաղկավոր խալաթով  եւ հողաթափերով  բերման ենթարկեցին  դատարան:  Սակայն  Հ. Հարությունյանի նկատմամբ  այդպիսի նսեմացուցիչ պահվածքը  երեւան հանեց նաեւ այն թշվառ պատկերը, որն այսօր առկա է հայ-ռուսական հարաբերություններում:  Հայ տղամարդուն կանացի խալաթ հագցրած եւ   նրա մարդկային ողբերգությունը ծաղրուծանակի առարկա դարձրած ռուսական լրատվամիջոցները երեք օր շարունակ  սրտների ուզածն ասում էին «հայ վարորդների» մասին` համապետական լրատվական դաշտը հեղեղելով հակահայկական շովինիստական  քարոզչությամբ, սակայն  այդ ընթացքում Հայաստանի պատկան մարմիններից որեւէ մեկը ծպտուն անգամ չհանեց: Ու եթե Սերժ Սարգսյանի` Պուտինին ուղղված ցավակցական հեռագիրն ուղարկելիս դեռ լրատվական դաշտում այդքան էլ մեծ չէր «բառաչող հայ գաստարբայտերի» նկատմամբ նվաստացուցիչ ալիքը, ապա արդեն երեկ, երբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էր  իր ցավակցությունը հայտնում ռուս գործընկերոջը, պատկերն այլ էր: Սակայն միեւնույն է, ՀՀ բարձրագույն ղեկավարությունը չհանդգնեց բառ անգամ ասել ՀՀ քաղաքացու նկատմամբ դրսեւորած անմարդկային պահվածքի մասին: Վթարից չորս օր անց միայն, այն էլ` հայկական լրատվամիջոցների բարձրացրած աղմուկի արդյունքում, ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը քնից արթնացավ ու որոշեց զբաղվել վարորդի ճակատագրով` հանդիպելով ռուս ոստիկանների հետ: Իսկ ո՞ւր էին դեսպանատան աշխատակիցները, երբ ՀՀ քաղաքացուն իբր հագուստի բացակայության պատճառով կանացի խալաթ էին հագցնում, երբ նրան հետվնասվածքային շոկից ստիպողաբար դեղերով արթնացնում էին` թքած ունենալով, թե դա ինչպես կանդրադառնա վերջինիս առողջության վրա: Ինչո՞վ էր զբաղված ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը: Եվ առհասարակ, ինչո՞ւ պետք է ՀՀ քաղաքացիները, այդ թվում եւ` զոհված որդու տապանաքարի համար գումար վաստակելու նպատակով ՌԴ մեկնած Հրաչյա Հարությունյանը, իրենց հաշվին պահեն նման ձրիակեր մարմինների ձրիակեր ղեկավարների: Միակ ադեկվատ արձագանքը ՄԻՊ Կարեն Անդրեասյանի` ռուս գործընկերոջն ուղղված նամակն է, որտեղ նա հիշեցնում է ՌԴ օրենսդրությունն ու   խնդրում հայ վարորդի իրավունքների պահպանության հարցերին հետամուտ լինել:
Հ.Գ. Ի դեպ, այս դեպքում եւս որոշ քաղաքական շրջանակներ փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ` բորբոքելով հակառուսական տրամադրություններ: Անկախ ամեն ինչից՝ պետք չէ շփոթել ռուս ժողովրդին ռուս իրավապահների հետ, եւ առավել եւս` սեփական  պետության անգործությունն արդարացնել  ռուսական շովինիզմով:




Լրահոս