Այսօր քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության եւ Երեւանի քաղաքապետի հանդիպումը։ Ըստ էության, բովանդակային քննարկում, որպես այդպիսին տեղի չի ունեցել։ Երեւանի քաղաքապետը ներկայացրել է իր դիրքորոշումն ու հիմնավորումները` տրանսպորտի սակագնի բարձրացման վերաբերյալ, ինչը մեզ համար շարունակում է մնալ անընդունելի։ Հարցի լուծումը գտնելու նպատակով հանձնաժողով ստեղծելու առաջարկը եւս այս պահին համարում ենք ոչ արդյունավետ, քանզի դա խնդրի լուծումը արհեստականորեն ձգձգելու է։ Տրանսպորտի ոլորտը բարելավելու նպատակով հանձնաժողով կարող է ստեղծվել միայն նախկին սակագնին վերադառնալուց հետո։
ԲՀԿ խմբակցությունը մնում է իր այն վստահ դիրքորոշմանը, որ սոցիալական այս գերլարված պայմաններում օ՞ր առաջ պետք է լուծում տալ այս խնդրին։ Որպես առաջին քայլ` վերադառնալ նախկին գործող սակագնին, ինչպես նաեւ սոցիալական փաթեթներ մշակել ուսանողների եւ սոցիալական տարբեր խմբերի համար։
Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ Երեւանի ավագանու ընտրության քարոզարշավի ընթացքում Տարոն Մարգարյանը պաշտոնապես հայտարարեց, որ տրանսպորտի սակագնի բարձրացում չի լինելու։ Կարծում ենք, որ ցանկացած պաշտոնյայի համար քաղաքացուն տված խոստումը պետք է անբեկանելի լինի։
ԲՀԿ խմբակցությունը երբեք դեմ չէ որեւէ հարցի համակողմանի քննարկմանը, եւ մենք վստահ ենք, որ այս հարցը քննարկելու եւ օպերատիվ լուծումներ գտնելու լավագույն հարթակը ավագանու արտահերթ նիստ հրավիրելն է։