Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է մինչև 50 անուն ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղից նրանց լուսանկարով և համապատասխան անուն-ազգանունով վկայականներ կտրամադրվեն: Եվ լրատվամիջոցները իրավունք ունեն գտնվելու ցանկացած տեղամասում: Տեղամասերում լրագրողների նկատմամբ սահմանափակում չի մտցվում: Յուրաքանչյուր լրատվամիջոց իրավունք ունի մինչև երկու ներկայացուցիչ ունենալ ցանկացած տեղամասում: Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ընտրատեղամասերում լրագրողների թվի սահմանափակմանը, այս մասին նշեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նա ընդգծեց, որ մի լուծում ևս առաջարկվում է, որն այս պահին քննարկումների փուլում է: «Այն բացառիկ դեպքերում, երբ ուղղակի լրատվամիջոցների և դիտորդների թիվն այնքան շատ է լինում որևէ տեղամասում, կարող է հանձնաժողովի անդամների 2/3 ձայների որոշմամբ սահմանափակվել տեղամասում լրագրողների և դիտորդների թիվը, բայց նրանց թիվը 15-ից պակաս չի կարող լինել: Սա նշանակում է, որ տվյալ դեպքում պետք է լինի քաղաքական կոնսենսուս՝ ուղղակի հաշվի առնելով ինչ-որ պայմաններ: Բայց սրանք խիստ բացառիկ դեպքեր են, որևէ այլ սահմանափակում չկա»,- եզրափակեց նա: