Ադրբեջանի իշանությունները սեփական քաղաքականության շնորհիվ հայտնվել են փակուղու մեջ: Այս մասին ապրիլի 5-ին լրագրողներին ասել է ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը, փոխանցում է «Արցախ TV»-ն։
«Մի կողմից ռազմական գործողությունները ձախողվել են, այսինքն՝ նման մեծ կորուստներով 200-300 մ առաջ գնալը որեւէ հարց չի լուծում, մյուս կողմից, եթե դադարեցնեն գործողությունները, կստացվի, որ բարոյական եւ քաղաքական առումով սխալ քայլ են գործել, դրա համար չեն կարողանում կանգնեցնել, իսկ իրենց սկսած գործողություններն էլ իրենց ցանկալի արդյունքով չեն կարողանում ավարտել»,- նշել է Բաբայանը։
Անդրադառնալով հակամարտությանը սրման մեջ Ռուսաստանի հնարավոր շահագրգռվածության մասին հարցին՝ Դավիթ Բաբայանը նշեց, որ դա ողջամիտ քայլ չէր լինի։ «Չեմ կարծում, որ Ռուսաստանը շահագրգռված է, քանի որ եթե այստեղ պատերազմական գործողություններն ընդլայնվեն, ապա կա վտանգ, որ Ռուսաստանը կամ թե ակամա կհայտնվի այդ գործողությունների մեջ։ Չեմ կարծում, որ դա պետք է Ռուսաստանին կամ որեւէ այլ ողջամիտ երկրի»,- ասել է ԼՂՀ նախագահի խոսնակը՝ հավելելով, որ ինչ վերաբերում է Ռուսաստանից օգնություն խնդրելուն, ապա իրենց ի վիճակի են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները Ադրբեջանի հետ։
«Մենք կարող ենք ինքնուրույն լուծել մեր խնդիրը Ադրբեջանի հետ, ինչպես արել ենք 1991-1994թթ., սակայն մենք հույս ունենք, որ ԵԱՀԿ ՄԽ բոլոր համանախագահները համապատասխան քայլեր կանեն տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու համար»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։