Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժում ստացող երկու տուժածի առողջական վիճակում առկա է դրական տեղաշարժ:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հերթական այցի ժամանակ կենտրոնի անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հովհաննես Ասլանյանը հայտնեց, որ վիրավորների առողջական վիճակը կայուն միջին ծանրության է, նրանց սպասում է երկարատև բուժում:
Արմեն Մուրադյանը զրուցեց զինծառայողների հետ, կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանի և բժիշկների հետ մանրամասն քննարկեց բուժման հետագա ընթացքը:
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով տուժածների բուժօգնությունը և սպասարկումը մնում է ՀՀ առողջապահության նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Բժշկական կազմակերպություններն ապահովված են վիրավորների բուժման համար անհրաժեշտ պարագաներով, դեղերով, արյունով և արյան բաղադրիչներով:
Ամենօրյա այցերի և հավաքագրվող տեղեկատվության արդյունքում անհրաժեշտության դեպքում կազմակերպում է հանրապետության առաջատար մասնագետների խորհրդատվություններ և բժշկական կոնսիլիումներ։