Այն հանգամանքը, որ զենքը կարող էր ձեռք բերվել այլ պետություններից, ոչ թե Ռուսաստանից, հիմնավորում չէ. Կորյուն Նահապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում լրջագույն մտահոգություններ կան Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու շուրջ, որոնք տարբեր մակարդակներով հնչեցվել են: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

«Այն հանգամանքը, որ զենքը կարող էր ձեռք բերվել այլ պետություններից, ոչ թե Ռուսաստանից, հիմնավորում չէ: Առաջին հերթին հարկավոր է նկատի ունենալ, որ Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրավիճակն ունի տարբեր բաղադրիչներ: Չհասկանալ այդ բաղադրիչները, չի կարելի, դա կարելի է համարել անհեթեթ մոտեցում:  Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի անվտանգության և անկախության երաշխավորն է, և բոլոր այն գործողությունները, այդ թվում նաև ռազմական գործողությունները, որոնք իրականացվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ և խաղաղ ժողովրդի նկատմամբ, դա մենք դիտարկում ենք որպես մարտահրավեր և սպառնալիք Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ»,­ – ընդգծեց Նահապետյանը:

Պատգամավորը նշեց նաև, որ Ռուսաստանի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները կարող են երբեմն վնաս հասցնել հայ­-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերություններին: Նրա խոսքով՝ երկու կողմերն էլ պետք է լինեն շրջահայաց, որովհետև այդ դաշնակցային հարաբերությունները շատ կարևոր են:

Նա նաև հավելեց, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև վարկային համաձայնագրով սպառազինության ձեռքբերման պայմանավորվածության համաձայն զինատեսակների ցանկից արդեն իսկ որոշ մասը ձեռք է բերվել և աշխատանքներ են տարվում մյուս մասի ուղղությամբ:

Կորյուն Նահապետյանը համաձայն չէ հնչող տեսակետների հետ, թե Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ հայկական կողմի մտահոգություններն ու հնչող հայտարարություններն ուշացած են: Նրա խոսքով՝ այդ մասին միայն այս պահին չէ, որ հայտարարվել է:




Լրահոս