Հայտնի հեռուստահաղորդավար ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ նաեւ դասավանդում է Պուշկինի անվան դպրոցում: Իր իսկ խոսքերով` գեղագիտական դաստիարակություն են տալիս երեխաներին: Մեր զրուցակիցը հատկապես մտահոգիչ է համարում այն, որ երիտասարդության շրջանում առկա է ոչինչ չանելու, հեշտ ապրուստ վաստակելու ձգտում:
-Գիտեմ, որ վարում եք տարբեր կորպորատիվ միջոցառումներ, իսկ թամադայություն անո՞ւմ եք:
-Թամադայություն չեմ արել ու չեմ էլ անի, հիմնականում համերգային ծրագրեր եմ վարում: 3 տարի եթերում չէի, բայց համոզված էի, որ լինելու եմ: Ես լավատես եմ ընդհանրապես, բայց մեր քաղաքում շատ երեւույթներ կան, որ ինձ զայրացնում են: Քաղաքում կատարվող ցանկացած երեւույթի հանդեպ պետք է ուշադիր լինել, միշտ ասել եմ` սիրե՛ք քաղաքը, եւ քաղաքը կսիրի ձեզ:
-Դուք ծնունդով երեւանցի եք, ի՞նչն է այսօր ամենից շատ Ձեզ վրդովեցնում մայրաքաղաքում:
-Հին Երեւանի պակասությունը, շինությունները: Ես ինքս կենտրոնում եմ ծնվել ու երկար տարիներ Սայաթ-Նովա փողոցում եմ ապրել: Հիմա, ցավոք, չկա հին Երեւանի շունչը, այն համարյա չեմ տեսնում: Ժամանակին տիկնոջս հետ դուրս էինք գալիս զբոսնելու գիշերը 00-ից հետո, որովհետեւ բոլոր հին երեւանցիներն այդ ժամին էին դուրս գալիս: Հիմա շատ բան է փոխվել: Եթե շատ տարիներ առաջ Աբովյան փողոցի մի ծայրից մյուսը անցնում էինք մի ժամվա ընթացքում, այսինքն, ամեն քայլափոխի ծանոթի էինք հանդիպում, եկավ ժամանակ, երբ ընդամենը 10 րոպեում կարող էիր անցնել փողոցն ու ոչ մեկին չտեսնել: Վերջերս ուրախալի մի փաստ արձանագրեցի. կրկին անցնում էի Աբովյանով ու ընթացքում հանդիպեցի 6-7 ծանոթ մարդու: Դա խոսում է այն մասին, որ շատերն են վերադարձել:
-Բայց շատերն էլ հեռանում են:
-Գնում են, համամիտ եմ, ես չեմ կարող ոչ մեկին մեղադրել: Ես ինձ էստեղ լավ եմ զգում, չեմ պատկերացնում ինձ դրսում: Երբ դուրս եմ գալիս քաղաք, աշխատում եմ տեսնել դրական երեւույթները:
-Իսկ նորակառույց շինությունները Ձեզ դուր գալի՞ս են:
-Ընդհանրապես դեմ եմ Երեւանում բարձրահարկ շինություններին: Նախկինում ես Հյուսիսային պողոտայով չէի կարողանում զբոսնել, հիմա, որ անցնում եմ, հանգիստ եմ անցնում: Լուսահոգի ճարտարապետ կար` Արծվին Գրիգորյան, մի անգամ ասաց. «Գիտե՞ս` ինչի է նման Հյուսիսային պողոտան»: Երբ հարցի` ինչի՞, պատասխանեց. «Երեւանի դնովի ծնոտի, կարկատանի»: Իսկ հիմա Հյուսիսայինի այդ ակտիվությունը, սրճարանները Մոսկվայի Արբատն են հիշեցնում: Բայց եթե ասեին` բնակվի կենտրոնում, չէի բնակվի, չնայած որ գրանցումով առայժմ Նալբանդյան փողոցում եմ, ամբողջ կյանքս ապրել եմ Սայաթ-Նովա փողոցում, նաեւ Դեմիրճյան փողոցում: Հիմա կենտրոնը շատ հագեցած է, թթվածին չկա:
-Ի՞նչ է Ձեզ հարկավոր լիաթոք շնչելու համար:
-Մարդկանց լավատեսությունն է ինձ պետք, որ նրանց դեմքին ժպիտ լինի: Ինձ համար ցավալի է այսքան մուրացկաններ տեսնել: Ասում են` մի՛ դատիր եւ չես դատվի, ես տեսնում եմ, որ կան մարդիկ, ովքեր լավ էլ ունեն, պարզապես սովորել են հեշտ գումար «աշխատել»: Տեսնում ես` երիտասարդ տղա է, չի ուզում աշխատել: Գնա, մի բան արա, բեռներ փոխադրի, ամոթ է: Մեկ էլ մի երեւույթի վրա եմ շատ բարկանում: Օրինակ, երբ մարդիկ միայն իրենց դռան դիմացն են սալիկապատում. սա իմն է, մնացածն ինչ ուզում է, թող լինի: Այդ հոգեբանությունը պետք է հանել մարդկանց միջից: Միացիր հարեւանիդ հետ, երկուսով արեք: Չեմ սիրում, որ ամեն ինչում մեղադրում են ղեկավարությանը: Սա, ախր, ինքդ քեզ հարգելու խնդիր է: Իմ երեխաների ապագան ես տեսնում եմ միայն նման դաստիարակության մեջ:
-Քանի՞ երեխա ունեք, կարողանո՞ւմ եք նրանց հետ ընկերություն անել:
-Պատկերացրեք, որ կարողանում եմ: Երեք աղջիկ ունեմ: Ծնող-երեխա հարգանքը կա, որ ինձ շատ ուրախացնում է: Ծնողներն ինձ համար սրբություն են: Երեխան ինչ տեսնում է, այն էլ անում է: Կյանքը բումերանգ է. եթե երեխաս սխալ բան տեսնի, նույն կերպ ինձ պատասխան կտա: Իմ աղջիկներն էլ, փառք Աստծո, ունեն դաստիարակություն:
-Քանի՞ տարեկան են, ինչո՞վ են զբաղվում:
-Մեծս 21 տարեկան է, միջնեկը` 17, փոքրը` 15: Սա իմ երկրորդ ամուսնությունն է: Իմ կինը մահացավ 2006 թվականին, իմ հարազատ աղջիկը 21 տարեկան է, երկուսը կնոջս աղջիկներն են, բայց ոչ մի տարբերություն միմյանց մեջ չկա, իրենք իրար հետ ավելի մոտ ու հարազատ են, քան մեզ հետ: Աղջիկներիցս մեկն ավարտեց Ռուսաստանի տուրիզմի եւ սերվիսի պետական համալսարանը, սկսել է աշխատել «ՇԱՐՄ» ընկերության գովազդի բաժնում, մյուսը սովորում է Եվրաազիա համալսարանի վարժարանում: Միջնեկը մի քանի օր առաջ մեկ տարով մեկնեց ԱՄՆ` սովորելու: Ինքը ինքնուրույն գնացել, մասնակցել էր քննություններին, մեզ տեղյակ էլ չէր պահել: Փոքրն էլ դիզայնով է զբաղվում, ուրախ եմ, որ նախաձեռնություններ ունի` նվիրված հարազատ քաղաքին: Երեքն էլ բուռն կյանքով են ապրում, գնում են սուսերամարտի, պարի, դերասանական ստուդիա են հաճախում … Ինչ վերաբերում է տիկնոջս, փառք Աստծո, որ իմ տարած սթրեսից հետո կարողացա հանդիպել նման մարդու: Մասնագիտությամբ դաշնակահար է, բայց տարիներ շարունակ չի աշխատում: Դարձել է իմ օգնականը բոլոր հարցերում, չկա մի հաղորդում, միջոցառում, որ կողքիս չլինի, մինչեւ վերջին շտրիխը իր ձեռքով կարգի է բերում ինձ:
«ՄԻԱՑԻ՛Ր ՀԱՐԵՎԱՆԻԴ ՀԵՏ, ԵՐԿՈՒՍՈՎ ԱՐԵՔ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ