Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտի պաշտոնական “Euro Ombudsman” պարբերականն իր հերթական համարում հրապարակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ ԼՂՀ խաղաղ բնակչության եւ պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ 2016թ. ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կատարած դաժանությունների մասին միջանկյալ զեկույցը (http://bit.ly/1XM3Zwv):
«Զեկույցում վերլուծված են Ադրբեջանի հայատյաց՝ միջազգային իրավապաշտպան բոլոր պահանջները խախտող քաղաքականությունը, ինչպես նաև դրա սարսափեցնող հետևանքները՝ դաժանությունների կոնկրետ օրինակներով: Զեկույցում քննարկված են Ադրբեջանի կողմից հայկական ծագում ունեցող մարդկանց նկատմամբ ատելության և բռնության դրդելու մասին վկայող՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների օբյեկտիվ գնահատականները»,- մեջբերելով ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտը շեշտում է, որ ադրբեջանական իշխանություններն իրենց վարած ապօրինի քաղաքականությամբ խախտում են միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար պահանջերը:
Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտը սերտ համագործակցում է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ, իսկ պարբերականն էլ տարածվում աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում՝ հետսովետական հանրապետություններում:
“Омбудсмен НКР представил доклад о зверствах азербайджанских военных” hրապարակմանը կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://bit.ly/1SV7tbv:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ