«Ժողովուրդ» թերթը գրում է. «Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը, նույն ինքը` Քեթրինի Միհրանը, հրաժարականի դիմում է ներկայացրել: Սակայն արդեն մեկ շաբաթ է անցել, բայց երեկվա դրությամբ Սերժ Սարգսյանը նրա դիմումը դեռեւս չէր մակագրել: Կարծիքներ կան, որ Միհրան Պողոսյանը միտումնավոր դիմումն այնպես է ձեւակերպել, որ դրա բավարարումն իրավական տեսանկյունից խնդրահարույց լինի: Դժվար է պատկերացնել, թե Սերժ Սարգսյանն ինչպես է ստորագրելու մի դիմումի տակ, որտեղ մամուլի հրապարակումներն են հիշատակված՝ Ալիեւի ու օֆշորի զուգամիտմամբ:
Սա նշանակում է, որ այս պատմությունը կարող է երկու հանգուցալուծում ունենալ՝ գեներալ-մայորի ուսադիր կրող Միհրան Պողոսյանը շարունակի մնալ իր պաշտոնում այնքան ժամանակ, մինչեւ ինչ-որ քրեական գործի քննության ընթացքը լրջանա, որից հետո նա արդեն նորմալ ազատման դիմում ներկայացնի: Այս դեպքում նա պարզապես ազատվելով չի պրծնի եւ ստիպված կլինի գույքով վճարել իր հանդգնության համար: Մյուս տարբերակով նա իշխանական վերնախավում վերահաստատում է իր դիրքերը՝ նոր պաշտոն ստանալով: Առաջիկայում պարզ կդառնա՝ իրադարձությունները որ սցենարով կզարգանան»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: