Լավրովը Երևան բերեց «Մադրիդյան սկզբունքների» արդիականացված տարբերակը. «Կոմերսանտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ այցելեց Երևան, որտեղ փորձեց համոզել իր զրուցակիցներին, որ Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Հայաստանի հետ ռազմավարական համագործակցությունից՝ չնայած Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում «ցուցադրական չեզոքության և Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը շարունակելուն», գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը: Ընդ որում, ՌԴ արտգործնախարարը Երևան բերեց միջազգային միջնորդների հետ համաձայնեցված առաջարկներ, որոնք, պարբերականի տվյալների համաձայն, «Մադրիդյան սկզբունքների» արդիականացված տարբերակն են:

Երևանում առավոտը սկսվեց ավանդական պաշտոնական այցերից: Սերգեյ Լավրովն այցելեց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Ծիծեռնակաբերդ»: «Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի նման բան այլևս չկրկնվի»,-պատվավոր հյուրերի համար գրքում գրություն է թողել Սերգեյ Լավրովը:

«Լավրովը ծաղիկներ է դրել հուշակոթողին և ապա թանգարանում ոչ միայն համբերությամբ լսել է էքսկուրսավարին, այլև ակտիվորեն հարցեր է տվել, իսկ 2007թ. նույնիսկ թանգարանում եղևնի է տնկել, որը երեկ ջրել է»,-գրում է պարբերականը:

Պարբերականը հիշեցնում է Երևան այցի նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունն այն հաղորդագրությունների մասին, որ ՌԴ արտգործնախարարը Երևան կտանի ԼՂ հակամարտության կարգավորման հարցով որոշակի պլան: «Սերգեյ Լավրովը երբեք ոչ մի տեղ դատարկ ձեռքով չի գնում»,-ասել էր Զախարովան՝ հավելելով, որ դրանք «որոշակի մշակումներ են, և ոչ թե պլան, ծրագիր կամ փաստաթուղթ»:

Իսկ Սերգեյ Լավրովը, ինչպես գրում է «Կոմերսանտ»-ը, հասկացնել տվեց հետևյալը. «առանցքային խնդիրներից է մնում 1994-1995թթ. հրադադարի շուրջ ձեռք բերված համաձայնագրերի հետևումը»: Նախարարը հիշեցրեց նաև «վստահություն միջոցների, անվտանգության ապահովման և դեպքերի հետաքննության» մասին, որոնք 2011թ. ռուսական միջնորդությամբ համաձայնեցվել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև: «Դրանք պետք է կյանքի կոչի ԵԱՀԿ-ն»,-հիշեցրել էր Լավրովը:

Ռուսական պատվիրակությունում «Կոմերսանտ»-ի աղբյուրը նշում է, որ Լավրովի առաջարկները հիմնվում են «Մադրիդյան սկզբունքների» վրա, որոնք առաջարկվել էին 2007թ. ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից:

Միևնույն ժամանակ, չնայած այն բանին, որ կոնֆլիկտի կողմերը մշտապես խոսում են ուժի գործադրումից խուսափելու և բանակցություններին վերադառնալու անհրաժեշտության մասին, նրանց դիրքորոշումները նախկինի պես արմատապես տարբերվում են: Հինգշաբթի օրը Ադրբեջանի ԱԳՆ-ն հասկացնել տվեց, որ կոնֆլիկտը միայն պետք է կարգավորվի՝ հաշվի առնելով Ղարաբաղի պատկանելիությունը Ադրբեջանին: Հայաստանում «Կոմերսանտ»-ի զրուցակիցները պնդում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը:

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց «Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների և Բաքվի արկածախնդրության մասին», որը լուրջ վնաս հասցրեց բանակցային գործընթացին:

Պարբերականի տվյալներով՝ հատկապես հայկական կողմին զայրացրել է այն, որ զոհվածների մարմինների վրա բռնության հետքեր են հայտնաբերվել: Սերգեյ Լավրովը շարունակում էր պահպանել չեզոքությունը և Բաքվին բացահայտորեն չէր քննադատում: Իսկ ահա Թուրքիայի ղեկավարության վերջին հայտարարությունները քննադատելու հնարավորությունը բաց չթողեց, գրում է պարբերականը: «Դրանք ոչ թե խաղաղության, այլ պատերազմի կոչեր են: Սակայն մենք, ցավոք, արդեն սովոր ենք թուրքական ներկայիս ղեկավարության նման  հայտարարություններին»,-ասել էր Լավրովը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս