Կարեն Վարդանյանին սպանո՞ղն էլ հոգեկան խնդիր ունի. նոր զարգացումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հասարակական գործիչ Կարեն Վարդանյանի սպանության գործով կալանավորված Արթուր Միհրանյանին նախօրեին տեղափոխել են Նուբարաշենի հոգեբուժարան:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին իրավապահները Երեւանի Սիսակյան փողոցում գտնվող ավտոտնակի մեջ հայտնաբերել էին հասարակական գործիչ, վերլուծաբան Կարեն Վարդանյանի թաղված դին: Հաջորդ օրը ՀՀ ոստիկանները սպանությունը կատարելու կասկածանքով բերման էին ենթարկել Երեւանի բնակիչ, 23-ամյա Գեւորգ Զոհրաբյանին եւ 43-ամյա Արթուր Միհրանյանին:

Իսկ ինչո՞ւ պետք է վերոնշյալ երիտասարդները սպանեին Կարեն Վարդանյանին: Ինչպես հայտնի է՝ Կարեն Վարդանյանը իր՝ Երեւան քաղաքի Լենինգրադյան 31/8 շենքի 32-րդ հասցեի բնակարանը նվիրաբերել էր 23-ամյա Գեւորգ Զոհրաբյանին, որի դիմաց պետք է ստանար դրամական փոխհատուցում՝ 20.000 ԱՄՆ դոլարի չափով: Ավելի ուշ Գ. Զոհրաբյանը առաջարկել էր Կարենին փողի դիմաց Վրաստանի միջոցով ուղարկել Դուբայ շրջագայության՝ մտադրվելով Վրաստան ուղեկցելու ճանապարհին սպանել նրան: Արդյունքում, տղաները սպանել էին Կարեն Վարդանյանին, դիակը տեղափոխել Գեւորգ Զոհրաբյանին պատկանող ավտոտնակ եւ թաղել նրա դին: Եւ հիմա այս քրեական գործով ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քրեական գործով Գեւորգ Զոհրաբյանը, Արթուր Միհրանյանն արդեն միմյանց դեմ ցուցմունքներ են տվել:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Գեւորգը, որը առավել մտերիմ է եղել սպանված Կարենի հետ, իրավապահներին հայտնել է, թե ինքը իր կյանքում մարդու վիրավորած չկա եւ չի սպանել, իսկ, ահա, Արթուր Միհրանյանն էլ պնդել է, թե իրենք երկուսով են հասարակական գործչին սպանել: Բայց նա իրավապահների մոտ այնպիսի վարքով է հանդես եկել, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները միջնորդություն են ներկայացրել դատարան, որպեսզի դատաբժշկական փորձաքննություն նշանակվի եւ պարզվի՝ արդյո՞ք Արթուր Միհրանյանը առողջական խնդիրներ ունի, թե ոչ: Դատարանն էլ բավարարել է քննիչի միջնորդությունը, եւՎարդանյանի սպանության մեջ կասկածվող Արթուր Միհրանյանին տեղափոխել են Նուբարաշենի հոգեբուժարան:

Նկատենք, որ այս դեպքն արդեն 3-րդ քրեական գործն է, որի շրջանակներում բախվում ենք հոգեկան խնդիր ունեցող անձանց հետ: Ինչպես գիտենք՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ նռնակ նետող Հովհաննես Մուրադյանը եւս հոգեկան խնդիր ունի: ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի օգնականին դանակահարած Անդրանիկ Գաբրիելյանի հոգեկան խնդիրներ ունենալու մասով եւս փորձաքննություն է նշանակվել:

Ոստիկանապետի տեղակալի հանձնարարականը

Դեռեւս 2015 թվականի դեկտեմբերի 15-ին «Ժողովուրդ»-ը ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանից հետաքրքրվել էր, թե արդյո՞ք հոգեկան խնդիր ունեցող մարդկանց ազատության մեջ լինելը չի մտահոգում ոստիկանությանը: Ի պատասխան՝ Պողոսյանն ասել էր, թե օրենսդրական փաթեթ են մշակում: Ի՞նչ փաթեթի մասին է խոսքը: «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Հովհաննես Քոչարյանի հետ:

-Առողջապահության նախարարությունից մեզ տեղեկացրին, որ հոգեբուժական օգնության մասին ամբողջ օրենքը փոփոխվում է: Դրա համար էլ սկսեցինք աշխատել առողջապահության նախարարության հետ, իրենց իսկ կողմից նախապատրաստված նախագծի համատեքստում ու ներկայացրինք մեր առաջարկությունները:

Առաջարկությունների իմաստը հետեւայլն էր. կային դեպքեր, երբ անձը իր վարքագծով կասկածի տեղիք էր տալիս, որ հոգեական անառողջ վիճակի մեջ է գտնվում եւ հասարակական կարգ է խախտում: Ներկայացնում էինք բժշկական հետազոտման, եւ հիմնականում բժշկական հետազոտման ժամանակ անձը չէր հոսպիտալացվում: Պատճառն այն է, որ գործող օրենքի 15 հոդվածի 4-րդ մասը շատ սահմանափակ հնարավորություններ էր տալիս նման անձանց հոսպիտալացնելու համար: Այսինքն՝ հիմնականում անձինք մնում էին դրսում: Հիմա նոր օրենքի 14-րդ հոդվածում կատարվեցին փոփոխություններ, որտեղ սահմանված է, որ հոգեբուժական հետազոտություն իրականացվում է առանց անձի օրինական ներկայացուցչի համաձանության այն դեպքերում, եթե անձի գործողությունները հիմք են տալիս ենթադրելու, որ անձը ունի հոգեկան խանգարում, որի հետեւանքով նա վտանգ է ներկայացնում իր կամ այլ անձանց համար, եւ բուժում չիրականացնելը կարող է վատթարացնել անձի առողջական վիճակը: Եթե բժիշկները պարզեն, որ նա վտանգ է ներկայացնում, արդեն կարող են նրան հոսպիտալացնել:

Երկրորդ փոփոխությունը, որը ոստիկանությունն առաջարկում էր, այն է, որ բոլոր այն դեպքերում, երբ հոգեբույժը կպարզի, որ նա վտանգ է ներկայացնում եւ հոսպիտալացնելու համար դիմել է դատարան, ապա մինչեւ դատարանի որոշումը այդ անձինք ազատության մեջ չմնան: Այդ մասով առողջապահության նախարարությունը եւս փոփոխություն է արել նախագծով եւ ասել՝ այո, եթե դրա անհրաժեշտությունը կա, մինչեւ դատարանի որոշում կայացնելը անձը կարող է պահվել հոգեբուժական հիվանդանոցում:

-Այսպիսով՝ ոստիկանությունը կասկածեց, ուղարկեց հոգեբուժական կենտրոններ՝ ստուգման: Հիմա ունենք լուրջ խնդիր, որ բուժում ստանալուց հետո նրանք դուրս են գալիս եւ դարձյալ վտանգավոր են մնում հասարակության համար:

-Ոստիկանության խնդիրը նման անձանց բժշկին ներկայացնելն է, բայց երբ որ բժշկական հետազոտության արդյունքում նրան բաց են թողնում, չեն հոսպիտալացնում եւ նշում են, որ վտանգ չեն ներկայացնում հանրության համար, սա ոստիկանության խնդիրը չէ, սա բժիշկների պատասխանատվության խնդիրն է:

-Այսինքն՝ Դուք ընդամենը նրանց հայտնաբերում, տալիս եք առողջապահության նախարարությանը եւ այլեւս պատասախանատվություն չեք կրո՞ւմ:

-Մենք չենք կարող պատասխանատվություն կրել հետո նրանց ազատության մեջ հայտնվելու համար:

-Իսկ փորձե՞լ եք առողջապահության նախարարությանը բացատրել խնդրի լրջությունը. լուրջ հանցագործություններ կատարողները հոգեբուժարաններում հաշվառված անձինք են:

-Ես հոգեբույժ բժիշկ չեմ, ես նման ստատիստիկայի չեմ տիրապետում, միայն կարող եմ ասել, թե ոստիկանությունը իր մտահոգությունները փարատելու համար ոնց է աշխատել առողջապահության նախարարության հետ: Եթե օրենսդրական փոփոխությունները ուժի մեջ մտնեն, եւ այդ խնդիրները նորից ի հայտ գան, բնականաբար այլ միջոցներ կձեռնարկվեն: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, թե պարոն Հունան Պողոսյանի հանձնարարությունը ինչ ընթացք է ստացել:

Քնար Մանուկյան




Լրահոս