«Փոփոխությունները ընդհանրապես կարող են դիտվել որպես օրինաչափ երեւույթ, բայց այս դեպքում ես կարծում եմ, որ նախագահը թիրախավորված փոփոխություններ է իրականացրել, որովհետեւ մենք այս քառօրյա պատերազմում հաղթելով մեր հակառակորդին, այնուամենայնիվ, որոշակի ոլորտներում բացթողումներ դիտարկեցինք»,- ArmLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ ՊՆ-ում որոշ զինվորականների պաշտոնանկությանը, այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
Նրա խոսքով «Մենք պարտք ունենք ձեռնարկելու քայլեր, որոնք ընդհանրապես բացահայտելու են թերացումներ, որովհետեւ խոսքը ազգային անվտանգության, պաշտպանության ոլորտին է վերաբերվում: Ես ողջունում եմ փոփոխությունները եւ վստահ եմ, որ նախագահը շատ պրոֆեսիոնալ անձանց կնշանակի, ովքեր կբարձրացնեն ոլորտները անհրաժեշտ մակարդակի»:
Թորոսյանն անդրադառնալով մեր այն դիտարկմանը, թե հնարավո՞ր է փոփոխությունները շարունակվեն տնտեսական բլոկում` վարչապետ, նախարար, ասաց «Այդ փոփոխությունների սահմանադրական իրավունքը նախագահինն է: Կարծում եմ, որ նախագահը առաջնորդվում է անհրաժեշտության սկզբունքով ոչ թե փոփոխություններ` փոփոխությունների համար»:
Արփինե Թովմասյան