ՄՈՒԽԻՆԱՆ ՀԱՎԱՆԵԼ Է «ՓՈՔՐԻԿ ՂԱՐԱԲԱՂՑԻ» ԵՐԳԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնի է, որ այս ամռանը Ղրիմի «Արտեկ» կենտրոնում կայանալիք «Նոր ալիք 2016» մանկական երաժշտական մրցույթին Հայաստանը կներկայացնի Միքայել Գրիգորյանը` Միշան: Նա հանդիսատեսին առավել հայտնի է իր «Փոքրիկ ղարաբաղցի» երգով: Օրեր առաջ Մոսկվայում կայացել է մրցույթի կիսաեզրափակիչ փուլը, որի ընթացքում երգիչը աչքի է ընկել իր վոկալով ու բեմական կեցվածքով եւ արդյունքում հայտնվել է եզրափակիչ փուլում: «Ժողովուրդ»-ը Միշայի պրոդյուսեր Լիրա Քոչարյանից հետաքրքրվեց` ինչպես է մեր մասնակիցը գրավել ժյուրիի ուշադրությունը:

Պրոդյուսերի խոսքով` թեեւ Միշան մրցույթի մասնակիցներից տարիքով ամենափոքրն էր` 7 տարեկան, նա համալրել էր լավագույնների շարքերը: «Կիսաեզրափակչում իրենից տարիքով մեծ երեխաներ կային, որոնք բավական հեշտ երգեր էին ընտրել, իսկ Միշան ընտրել էր բավական բարդ երգացանկ: Ժյուրիի կազմում հանդես եկող կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը, ռեժիսոր Ալեքսանդր Ռեվզինը, մրցույթի երաժշտական պրոդյուսեր Անաստասիա Մուխինան եւ մյուսները հավանություն տվեցին Միշայի ունակություններին»,- նշեց նա:
Մեր այն հարցին, թե արդյոք «Մանկական Նոր ալիք»-ում մասնակիցների միջեւ մրցակցությունը թեժ է, պրոդյուսերը պատասխանեց. «Որքանով տեղյակ եմ` կիսաեզրափակչում հայտնվել էին 80 հոգի, որոնցից եզրափակիչ անցան միայն 16-ը: Կազմակերպիչների կողմից խրախուսվում է ամերիկյան, եվրոպական երկրներից երգիչների մասնակցությունը: Ու թեեւ ոչ ոքի չնեղացնելու, այսպես ասած, ամեն երկրի տեղ տալու միտում կա, այնուամենայնիվ, մրցակցությունը այնտեղ բավական ուժեղ է»:
Լ. Քոչարյանը տեղեկացրեց, որ իրենք մոտավոր որոշել են, թե Միշան եզրափակչին ինչ ստեղծագործություններով է ներկայանալու. «Մենք մինչեւ մայիսի 20-ը ժամանակ ունենք, որպեսզի որոշում կայացնենք (իհարկե, այդ երգերը վերջնականապես պետք է հաստատվեն մրցույթի կազմակերպիչների կողմից): Բայց այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ երաժշտական պրոդյուսեր Անաստասիա Մուխինան ցանկություն է հայտնել, որ Միշան իր ներկայացնելիք երգերի ցանկում ընդգրկի «Փոքրիկ ղարաբաղցի»-ն: Սա, իհարկե, զարմանալի էր, եթե հաշվի առնենք վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում լարված իրավիճակը: Այնուամենայնիվ, այդ մի երգը հատուկ են հավանել»,-շեշտեց նա:
Ի դեպ, Միշան հենց ղարաբաղցի է, հաճախում է Ստեփանակերտի թիվ 3 հիմնական դպրոցը, երաժիշտների ընտանիքից է: Նրա հայրը ԼՂՀ ՊԲ զինվորական նվագախմբի դիրիժորն է: «Սովորաբար փոքրիկ Միշային արտերկրում համերգների, այլ միջոցառումների ընթացքում ուղեկցել է հենց հայրը, սակայն վերջին իրադարձությունների ֆոնին դա հնարավոր չէր: Ամեն դեպքում, նա անընդհատ կապի մեջ է, հետեւում է որդու հաջողություններին եւ շատ է ուրախացել նրա գրանցած արդյունքով»,-ասաց պրոդյուսերը:
Նա նաեւ պատմեց, որ կիսաեզրափակչին Միշայի մասնակցության հայտը իրենք բավական ուշ են ստացել, նույնիսկ մտածել են, թե մեր մասնակիցը չի անցել հաջորդ փուլ. «Պատասխանն, ի վերջո, ստացանք ապրիլյան պատերազմի թեժ օրերին եւ քանի որ տրամադրություն չունեինք, երկմտում էինք` արժեր մասնակցել «Նոր ալիք»-ին, թե ոչ: Խորհրդակցեցինք մեր մշակույթի նախարարի հետ եւ որոշեցինք, որ, այնուամենայնիվ, այդ մասնակցությունը մեզ հարկավոր է եւ պետք է մտածել հաղթանակի մասին: Պատկերացրեք` օրական 7 ժամ պարապում էինք, որ հասցնենք հավուր պատշաճի ներկայանալ»,-մեկնաբանեց նա:
Նշենք, որ Միշան 4 տարեկանից սկսել է զբաղվել երգեցողությամբ եւ արդեն 5 տարեկանում հանդես է եկել բեմերից: Նա այժմ հաճախում է ջութակի եւ դաշնամուրի դասերի, իր երաժշտական ունակությունները կատարելագործում է «Արցախի ձայներ»-ի շրջանակում` շփվելով ավագ սերնդի երգիչների հետ:
Հիշեցնենք, որ «Նոր ալիք 2016» մանկական երաժշտական մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա օգոստոսի 11-ից 13-ը:

 

 

 

 
«ԵՍ ԻՐԵՆ ՕԴԵՐՈՒՄ ԵՄ ՊԱՀՈՒՄ, ԻՆՔԸ ԻՆՁ` ՀՈՂԻ ՎՐԱ»

«Աննա», «Քաղցր կյանք», «Կյանքի կարուսել», «Գեներալի աղջիկը» եւ այլ հեռուստասերիալներից հայտնի դարձած դերասանուհի Արեւիկ Գեւորգյանը վերջին շրջանում չի երեւում էկրաններին: Նա «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ այժմ սովորում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետի երրորդ կուրսում եւ սերիալներում հանդես գալու ո՛չ ժամանակ ունի, ո՛չ էլ, առանձնապես, ցանկություն: Փոխարենը նա ընդգրկված է ռուսական արտադրության մի նախագծում. «Կենսագրական-գեղարվեստական ֆիլմում ինձ վստահված է առանցքային կերպարներից մեկը: Մի քանի անգամ եղել եմ Սանկտ Պետերբուրգում, մասնակցել եմ նկարահանումների: Կարծում եմ` ֆիլմի պրեմիերան կկայանա հաջորդ տարվա ընթացքում»,- նշեց նա` դեռեւս չցանկանալով հայտնել այլ մանրամասներ:

Արեւիկի հետաքրքրությունների շրջանակը, սակայն, էկրանով չի սահմանափակվում. նա իր ուսումնական պրոցեսի ընթացքում պարբերաբար խաղում է նաեւ ներկայացումներում. «Կարծում եմ` ինստիտուտն ավարտելուց հետո խորապես կուսումնասիրեմ թատերարվեստը: Ես Տիկնիկային թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի սաներից եմ, կարելի է ասել` այդ թատրոնում եմ մեծացել, այնպես որ ապագայում ինձ հենց այնտեղ եմ պատկերացնում»,- ասաց նա:
Մենք հետաքրքրվեցինք` «Միսս արքայադուստր-2010», «Միսս տաղանդ-2010», «Միսս տաղանդ-2011» տիտղոսներին արժանացած դերասանուհին արդյոք չի՞ պատրաստվում շարունակել իր մոդելային կարիերան. «Արդեն մի քանի տարի է` խաչ եմ քաշել այդ գործունեության վրա, դրա հանդեպ իմ հետաքրքրությունը վերջնականապես սպառվել է: 13 տարեկան էի, երբ սկսեցի նորաձեւության ոլորտում քայլեր անել: Այդ զբաղմունքն ինձ այն ժամանակ օգնեց ձերբազատվել բարդույթներից: Ծնողներս էլ, ուղղորդելով ինձ այդ ասպարեզ, ուզում էին իրենց դստերն ավելի աղջկական կերպարի մեջ տեսնել: Բացի այդ` ես հրավերներ էի ունենում մի շարք երկրներից եւ ինձ համար հետաքրքիր էր ուսումնասիրել տարբեր մշակույթներ: Սակայն հետագայում, երբ սկսեցի նկարահանվել, մոտեցա թատերական կյանքին, հասկացա, թե որքան ուսումնասիրելու նյութ կա, այլեւս չցանկացա ուրիշ բանով զբաղվել»,-մեկնաբանեց Արեւիկը:
Արդեն մի քանի ամիս է` դերասանուհու սոցցանցերի էջերում կարելի է տեսնել լուսանկարներ, որտեղ վերջինս իր ընտրյալի հետ է: Նա մեզ տեղեկացրեց, որ ընտրյալն իր ոլորտից չէ. «Ես չէի էլ ուզենա, որ նա իմ ընտրած ասպարեզից լիներ: Կարծում եմ` ես երկնային մարդ եմ եւ ինձ պետք է մեկը, ով կպահի երկրի վրա: Այնպես որ, ես իրեն օդերում եմ պահում, ինքը ինձ` հողի վրա. փորձում ենք մեկս մյուսիս լրացնել»,-անկեղծացավ դերասանուհին:
Իսկ մեր այն հարցին, թե արդյոք առաջիկայում սպասվում է կարգավիճակի փոփոխություն, Արեւիկը պատասխանեց. «Կես տարի է, ինչ ճանաչում ենք իրար, այնպես որ, դեռ վաղ է այդ մասին խոսել»:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՀԱՅՐ ԿԴԱՌՆԱ
«ԱրմՔոմեդի» հաղորդման հեղինակ-վարողներ Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանն «Առաջին դեմք» կատակերգության սցենարը գրելուց հետո այժմ աշխատում են նոր հումորային ֆիլմի եւ սերիալի ստեղծման վրա: «Սա մանկական ֆիլմ է եւ ընդհանուր եզրեր չունի մեր նախորդ գործերի հետ. ընդհանրությունը միայն այն է, որ այն հումորային ժանրում է։ Իսկ սերիալը եւս կլինի հումորային, սակայն ձեւաչափով դասական սիթքոմ չէ»,-Bravo.am-ին տեղեկացրել է Նարեկը:
Ի դեպ, վերջինս անդրադարձել է նաեւ իր անձնական կյանքին` տեղեկացնելով, որ շուտով կծնվի իր առաջնեկը. «Հայր դառնալու փաստն ինձ ուրախացրել է։ Ես եւ կինս երեխայի անունը միասին ենք ընտրում, ցանկն արդեն նեղացրել ենք, ընդհանուր հայտարարի ենք գալիս եւ շուտով կունենանք վերջնական տարբերակը»,- ասել է նա:

 

 

ԿՏՐՈՒԿ ԱՃ
Ամերիկացի երգիչ Փրինսի ալբոմների ու երգերի վաճառքները կտրուկ ավելացել են անցյալ շաբաթ նրա մահվան լուրից հետո: Nielsen Music մարկետինգային հետազոտությունների համակարգի տվյալներով՝ Փրինսի մահից հետո երեք օրվա ընթացքում վաճառվել է երգչի 2,3 մլն երաժշտական ձայնագրություն: Վաճառքների առաջատարներ են դարձել “Purple Rain”, “When Doves Cry”, “Little Red Corvette” եւ “Let՚s Go Crazy” երգերը: Առավել շատ վաճառվող ալբոմների վարկանիշը գլխավորել Է “The Very Best Of Prince” ժողովածուն:
Հիշեցնենք, որ 57¬ամյա երգիչն անցյալ շաբաթ մահացել է Շենհասսեն (Մինեսոտայի նահանգ) քաղաքի իր ստուդիայում:

 

 

ԲԵՅՈՆՍԵՆ ԱՆԿԵՂԾԱՑԵԼ Է
Հայտնի երգչուհի Բեյոնսեն օրերս իր ամուսնու` ամերիկացի ռեփեր, պրոդյուսեր եւ գործարար Ջեյ Զիի Tidal սթրիմինգային ծառայությունում ներկայացրել է իր նոր Lemonade ալբոմը, որը ներառում է 13 ստեղծագործություն:
Ուշագրավ է, որ նոր երգերում Բեյոնսեն ակնհայտորեն պատմել է այն մասին, որ իր եւ Ջեյ Զիի հարաբերություններում ամեն ինչ այնքան հարթ չէ, որքան թվում է. ի վերջո, երգչուհին ստիպված է եղել հանդուրժել ամուսնու դավաճանությունը: Հիշեցնենք, որ ավելի վաղ խոսակցություններ էին պտտվում այն մասին, որ Ջեյ Զին կնոջը դավաճանել է Ռիհաննայի հետ: Հնարավոր է` սա է պատճառը, որ երկու երգչուհիների ջրերը նույն առվով չեն հոսում:




Լրահոս