Արցախը նոր օմբուդսմեն ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկության արդյունքում 27 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտոնում քիչ առաջ հաստատեց Ռուբեն Մելիքյանի թեկնածությունը:

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ, ԼՂՀ Մարդու իրավունքների նոր պաշտպանը շնորհակալություն է հայտնել խորհրդարանականներին վստահության համար և նշել, որ իր առաջնային գործունեությունն է լինելու միջազգային հարթակներում ներկայացնել ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից կատարված անմարդկային վայրագությունները:

«Այդ վայրագությունները պետք է դատապարտվեն և համապատասխան գնահատական ստանան միջազգային հանրության կողմից և այդ կապակցությամբ կան բավարար փաստեր որոնց ներկայացման համար ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հետևողական է լինելու»,- ասել է նորանշանակ օմբուդսմենը և հավելել, որ իր աշխատանքի առանցքն է լինելու նաև շարունակել իր արդեն նախկին պաշտոնակցի աշխատանքը ավելի միջազգայանացնելով ու հանրայնացնելով ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի գործունեությունը:

Հիշեցնենք, որ ս.թ. ապրիլի 25-ին ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանն վէ ներկայացրել իր հրաժարականի մասին առաջին դիմումը, իսկ մայիսի 3-ին, համաձայն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԼՂՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, կրկին դիմել է լիազորությունները վաղաժամ դադարեցնելու մասին դիմումով: Նշենք, որ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանն ընտրվում է ԼՂՀ Ազգային Ժողովի կողմից վեց տարի ժամկետով:




Լրահոս